Լրահոս
Օրվա լրահոսը

Հայի բնութագրեր

Դեկտեմբեր 12,2014 14:46

 Ինչքան ցավ եմ տեսել ես,

Նենգ ու դավ եմ տեսել ես,

Տարել, ներել ու սիրել,

Վատը` լավ եմ տեսել ես:

Հովհաննես Թումանյան

 Երբ նայում ես հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից: Թպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ: Կեղտոտվում է ու թևերը կոտրում: Կերակուր ես մեկնում, չի ուզում: Մաղձոտ է, մեկուսի, բայց չունի գծուծ ատելություն, որ բարձր լեռների անծանոթ զգացում է: Սա Հայկն է, որին զրկել են կյանքի միակ պայմանից՝ ազատությունից:

Դերենիկ Դեմիրճյան, 1920

 Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է:

Եղիշե Չարենց

Մեր դարավոր պատմության ընթացքում մեր մասին և՛ լավ, և՛ վատ բազում խոսքեր են ասվել: Չխորանալով հեռավոր անցյալի մեջ, այստեղ ներկայացնում եմ վերջին մեկ ու կես դարում գրված մի քանի խոսք, ասված այլազգիների և հայերի կողմից:

Պատմաբան, ազգագրագետ Իվան Շոպենը, ռուսական քաղաքացիություն ընդունած ֆրանսիացի էր, որը Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միավորելուց հետո երկար տարիներ եղել է պաշտոնյա Հայկական մարզում: Իր աշխատություններում ներկայացրել է Ռուսական Անդրկովկասի ժողովուրդների պատմությունը և ազգագրությունը: Ալեքսանդր Դյումայի տեքստը հատված է նրա՝ Կովկասին նվիրված գրքից (Բաքվի մասին գլխից): Մյուս հեղինակներին հատուկ ներկայացնելու կարիք չկա:

*          *           *

Հայերը […] ծագում են Ասորեստանի առաջին գաղթականներից, որոնք այստեղ են անցել, եթե հավատանք ավանդություններին, իրենց նախահոր՝ Հայկի հետ, նրա՝ Բելի դեմ ապստամբությունից հետո: […]

Բայց, դատելով Հայկական մարզի՝ իրենց բնիկ հայ անվանող բնակիչների ֆիզիոնոմիայից, լեզվից, բարքերից և սովորություններից, հնարավոր չի եզրակացնել, որ նրանք իսկապես ծագել են Հայկի ուղեկիցներից: Ավելի ճշմարտանման է, որ Հայաստանը ցնցող անընդհատ խառնակությունների ժամանակ բոլոր բնիկ բնակիչները, կամովին կամ ստիպողաբար, արտագաղթել են այդտեղից Վրաստան, Փոքր Հայք և ավելի արևմուտք, և մուսուլմանների լծի տակ մնացել են միայն ասորեստանցիների, մարերի և հատկապես հրեաների ժառանգները, որոնք, ինչպես երևում է պատմությունից, բաբելոնյան գերությունից հետո, նշանակալիորեն բազմացել էին Հայաստանում և հետագայում ընդունել հայերի լեզուն և հավատը: […]

Ինչպես Ադամից սերվող բոլոր ժողովուրդները, հայ ժողովուրդը ևս ունի իր արժանիքները և թերությունները:

Կրոնական տեսակետից հայ ժողովուրդն աստվածապաշտ է և ոչ մի հալածանք ի զորու չէ սասանել նրա հավատը: […] Իրենց վանքերի, եկեղեցիների և բազմաքանակ հոգևորականության ծախսերը հոգալու համար հայերը շռայլ նվիրատվություններ են անում:

Բարոյական առումով նրանք ձեռք են բերել ոչ այնքան անբասիր համբավ՝ խորամանկությունը կազմում է մեծամասնության տարբերակիչ գիծը, շահամոլությունը հաճախ նրանց հասցնում է խաբեության, այնպես որ շատերի մոտ խոսքի շնորհը վերածվել է սեփական մտքերը թաքցնելու արվեստի: Նրանք շողոքորթում են, բայց իրենց կապվածությունների մեջ հաստատուն չեն, և արդեն ոչ պետքական մարդը շատ հեշտ է մոռացվում նրանց կողմից:

Պատերազմում քաջ են, և միայն ուժերի անհավասարությունը կարող էր ստիպել նրանց զիջել իրենց հպատակեցրած հարևաններին: Իրար հետ շատ համերաշխ են և եղբայրության ոգին նրանց մոտ տիրապետող է:

Մտավոր տեսակետից հայերն ընդհանրապես խելամիտ են: Նրանց համար ակնհայտ է կրթության նշանակությունը, իսկ գիտություններն ու արվեստները հասանելի են իրենց բոլոր ճյուղերով: Այդ տեսակետից նրանք չափազանց գերազանցում են իրենց հարևաններին՝ վրացիներին և թաթարներին: Նրանք բոլորը ոգեշնչված են իրենց երեխաներին կրթության տալու ցանկությամբ, այնպես որ Հայկական մարզի ուսումնարաններն արդեն լեփ-լեցուն են հայ աշակերտներով, այն դեպքում, երբ դեռևս ոչ մի մահմեդական դեռ չի որոշել իր երեխային այնտեղ ուղարկել:

Արտադրության տեսակետից հայերը քիչ մրցակիցներ ունեն: Նրանք համբերատար են, աշխատասեր, ուշիմ, չափավոր՝ ժլատության աստիճանի, և գերազանց կերպով կարողանում են գործնականորեն հաշվարկել ամեն մի ձեռնարկության օգուտներն ու վնասները: Բայց հաջողակ լինելով հողագործության, անասնապահության և հատկապես առևտրի մեջ, նրանք, թվում է, անընդունակ են տեխնիկական կամ մեխանիկական մասնագիտացում պահանջող ֆաբրիկային և գործարանային նախաձեռնության մեջ:

Սույն ակնարկը, որը վերաբերում հայերին ընդհանրապես, Հայկական մարզի առումով ներկայացնում է հետևյալ երանգները.

Հնաբնակ հայերը (Հայկական մարզի – Ա. Պ.) մոտ են ընդհանուր տիպին և քիչ են տարբերվում Թիֆլիսի ու Աստրախանի հայերից, բացառությամբ, մի քանի աստիճանով հետ մնացած կրթվածությունից:

Թուրքիայից ներգաղթածները ներկայացնում են թուրքական ֆլեգմի (անվրդով հանդարտության – Ա. Պ.) որոշ գծեր, պատվաստված ընդհանուր հայկականությանը: Նրանք շատ ավելի ծանր ու անդյուրաշարժ են իրենց շարժումներում և խոսքում, բայց փոխարենը ավելի ճշմարտասեր են, ավելի քիչ են կեղծում, քիչ շողոքորթում, ավելի քիչ են պատրաստ խաբեությանը: Նրանք, թերևս, հակված են երկրագործությանն ու անասնապահությանը, քան տնայնագործությանն ու առևտրին:

Հակառակ դրան, Պարսկաստանից ներգաղթածները խորամանկ են մյուսներից և ավելի հակված առևտրի ու արհեստների, քան հողագործությանը: Նրանք նաև ավելի դյուրաշարժ են, ճարպիկ, քան Թուրքիայի ծանրաշարժ որդիները:

Ընդհանրապես, այս բոլոր հայերը, այդքան դարեր հեծեծելով մահմեդական կամայականության լծի տակ, կորցրել են ամեն նախնական բնութագիր՝ պահպանելով միայն անվերապահ և ստրկական զիջողությունը այն դեպքերում, երբ պարտավոր են ենթարկվել ուժին, բայց միշտ պատրաստ են անել իրենցը, երբ հույս ունեն գերակշռելու: Չհասցնելով ընդունել ժամանակին աշխարհի կեսին տիրած (իրենց – Ա. Պ.) ժողովրդի առաքինությունները, փոխարենը նրանք յուրացրել են նրանց թերությունները. լինելով զգուշավոր, նրանք գնում են միայն այն ձեռնարկներին, որոնք հարյուրապատիկ շահ են խոստանում, ամենից շատ նախընտրելով խանութպանի մանր շրջանառությունը դուքաններում, որոնք ձգտում են կազմակերպել ամեն մի խաչմերուկում:

Ընդհանուր առմամբ, տեղի հայերը փառասեր են, ինքնասեր, և պատիվ ու պարգևներ են փնտրում: Սակայն նրանք նախընտրում են դրան հասնել գրչի խաղաղ զբաղումներով և ոչ թե երկաթի սայրով:

Իրենց ողջ խնայողասիրությամբ հանդերձ, հայերը հյուրասեր են և կրքոտ սիրում են մարդու սիրտը զվարթացնող օղի ու գինի: Շահ Աբասի ժամանակ, երևանցիները, վախեցած նոր նշանակված կառավարչի կանոնների խստությունից, շատ խնդրել են մեկ ուրիշի նշանակել: Շահը, ընդառաջելով նրանց խնդրանքին, ասել է՝ «այս երևանցիներն արժանի չեն ղեկավար ունենալու մի այդպիսի բարեպաշտ այր», և նշանակել մեկ ուրիշի, ոչ զերծ քաղցր թույնի հակումից:

Սակայն Հայաստանի՝ Ռուսաստանի իշխանության և հովանավորության տակ մտնելով և նրա բնակիչների համար լուսավորության տաճարի բացմամբ, կասկած չկա, որ բերված ակնարկի բոլոր մութ գույները կուղղվեն, և հայերը, իրենց մտավոր ընդունակություններով, կգրավեն ամենալավ տեղերից մեկը իրենց նոր հայրենիքի որդիների շարքում:

Իվան Շոպեն, 1952

Նրա (հայի – Ա. Պ.) դիմագծերը զարմանալի կանոնավոր են՝ աչքերը հրաշալի են, հայացքը՝ բնորոշ միայն իրեն, արտահայտում է խելք, վեհություն, թախիծ և խոնարհություն, երբեմն՝ բոլորը միասին:

Նա պահպանել է պատրիարքների բարքերը: Նրա համար Աբրահամը մեռել է երեկ, իսկ Հակոբը դեռ կենդանի է: Հայրն ընտանիքի անսահմանափակ տերն է: Նրանից հետո իշխանությունը պատկանում է ավագ որդուն […]: Բոլորն անխոս ենթարկվում են հոր անվիճելի և անողոք կամքին: […]

Եթե գա երաշխավորված կամ արժանի հյուր […], տանը սկսվում է հանդիսությունը. մորթում են […] ոչխար, վառում բաղնիքը և բոլոր բարեկամներին հրավիրում խնջույքի: […]: Այդպիսին է հայկական կենցաղի արտաքին կողմը՝ խիստ խնայողություն, կարգուկանոնի զարմանալի հակվածության և առևտրում հսկայական խելամտության հետ միասին:

Մյուս կողմը, որը մնում է ստվերում […], մոտեցնում է հայկական ազգը հրեականին, որի հետ նա կապված է, համաձայն ավանդությունների, աշխարհի սկզբից ծագող պատմական հիշողություններով: Ինչպես ենթադրում են, Հայաստանում է գտնվել երկրային դրախտը: Հայաստանից են սկիզբ առել երկիրը ոռոգող չորս նախնական գետերը: Հայաստանի ամենաբարձր լեռան վրա է կանգնել տապանը: Վերջապես, Հայաստանում է Նոյը տնկել խաղողը և զգացել գինու հզորությունը: Ինչպես հրեաները, հայերը ցրվել են, բայց ոչ թե ողջ աշխարհում, այլ միայն ողջ Ասիայում: Այնտեղ նրանք գտնվել են ամեն տեսակ տիրապետության տակ՝ միշտ այլահավատ և բարբարոսական, որոնք միշտ ղեկավարվել են քմահաճույքով՝ կանոնների փոխարեն, կամայականությամբ՝ օրենքների փոխարեն: […]: Համոզվելով, որ շիտակ խոսքը ոչնչի չի հանգեցնում, բացի կործանումից, նրանք դարձել են ծածկամիտ:

[…]: Ի վերջո, հնարավորություն չունենալով լինել փառասեր, քանի որ ցանկացած ասպարեզ, բացի առևտրից, նրանց համար փակ է եղել, նրանք դարձել են առևտրականներ, այն բոլոր հատկանիշներով, որոնք բնորոշ են այդ դասին: Հայի խոսքը միշտ ճիշտ է, նրա առևտրական ստորագրությունը համարյա սրբազան է:

Ալեքսանդր Դյումա (հայր), 1859

Նա (Րաֆֆին – Ա. Պ.) շատ էր սիրում խոսել հայերի անհատական քաջության մասին: Նա ասում էր, որ եթե այդ անհատական քաջությունը ընկերական լիներ, հայերը կարող էին աշխարհի երեսին մի զորեղ ազգ լինել:

– Ամեն մի հայ, առանձին վերցրած, առյուծ է, ինչպես և խելքով ու դատողությամբ՝ հսկա: Բայց ընկերական ոգու բացակայությունը խմբովին գործելիս ջլատում է նրա ուժերը: Ձգեցեք մենակ հային վտանգների փոթորկի մեջ, նա արժանավորապես կպաշտպանի յուր գլուխը: Բայց խմբեցեք մի քանի հայեր միասին, և նրանք պաշտպանվելու կամ հարձակվելու փոխարեն, կսկսեն խորհել, մտածել, հակաճառել և, վերջապես, թշնամուն թողած, իրար միս ուտել: Այո, անհատականությունը հայի գլխավոր թշնամին է, նա տարածված է մեր բոլոր դասակարգերի ու բոլոր գործերի մեջ: Արդյոք մեր ազգի մտավոր առաջնորդները կկարողանա՞ն մի փոքր հիմարացնել անհատ հային և խելոքացնել ընկերական հային: Եթե այդ եղավ, մենք կարող ենք ապագա ունենալ, եթե ոչ՝ մենք կորած ենք, կամ կապրենք այնպիսի ամոթալի կյանքով, ինչպես ապրել ենք մինչև այսօր:

Րաֆֆու խոսքն ըստ Շիրվանզադեի (1983-[Խոսելով այն մասին, որ բոլոր խավերի հայերը տանել չեն կարողանում մեկը մյուսի հաջողությունը, մշտապես թշնամացած են իրար հետ և իրենց ողջ եռանդը ծախսում են իրար վնասելու վրա]:

Ուրիշ ընղհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Էսպես է բնության օրենքը։ […] Էնպես դառնանում ու դաժանանում է և մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը, ու ներքին դառնությունը դուրս է տալի, հայտնվում է և՛ աչքերում, և՛ դեմքին, և՛ խոսքերում, և՛ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարեզում, ու ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան։

Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։

Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած։

Հովհաննես Թումանյան, 1910

Տագնապի և ճակատագրական կործանման հեռանկարին դիմաց երբեմն պետք է կանգ առնել և հարց տալ, թե ո՞վ է հայը, ի՞նչ է անոր ճակատագիրը, ի՞նչ կուզե իր անձեն և ի՞նչ կակընկալե իր ճակատագրեն: Այս հարցադրումներու դիմաց մենք կունենանք մեկ պատասխան՝ հայը հանճարեղ է անհատապես ¨ ոչ այնքան՝ հավաքաբար: Եվ այդ հակասությունը միշտ առաջնորդած է զինք ինքնակործանման: […]

Մեր սուրբ հողին, մեր ժողովրդի պատմական այս վերջին կռվանին համար չկա ուրիշ փրկություն և չկա ելք, եթե հայու անհատական հանճարը չխոսի անոր հավաքական տխմարության հետ, եթե հայը հայով չամբողջանա և անհատ հայուն հանճարը չտիրապետե հավաքական հայուն կամքին ու միտքին:

Երվանդ Ազատյան, 2008

*           *           *

Ինձ համար հատկապես հետաքրքիր է Իվան Շոպենի խոսքը: Դա իսկական ազգագրագետի, դիտող ու մտածող մարդու խոհուն, օբյեկտիվ խոսք է: Կարդալով այն, տեսնում ենք, թե որքանով ենք մենք մնացել նույնը և որքանով ենք փոխվել վերջին երկու դարերի ընթացքում: Հիշո՞ւմ եք, ՍՍՀՄ փլուզումից Հայաստանի ամեն մի խաչմերուկում հայտնված տնաբույս առևտրականների «սեղանիկներն» ու դուքանները: Հեղինակը դիպուկ նկատել է նաև արդեն այն ժամանակ արևելահայերի և արևմտահայերի միջև եղած այն տարբերությունը, որից պարզ է դառնում, որ ներկայիս հայաստանցի հայի՝ սփյուռքահայից տարբերվող հիմնական հատկանիշը՝ խաբեության հակվածությունը, գալիս է հնից, և ոչ թե կամ ոչ միայն սովետական-ստալինյան դարաշրջանի ձեռքբերում է:

Օտար հեղինակները նշել են այն, ինչ նկատել են՝ հատկապես դարերի ընթացքում ճնշված լինելու հետևանքով ձևավորված հատկանիշները: Հայերի՝ խաբեության հակվածության հայտնի տեսակետին հակադրվում է Դյումայի նկատառումը՝ առևտրական հայի խոսքը սրբազան է: Ուրեմն, որոշ տեղերում և որոշ ժամանակ այդպես է եղել: Նշենք նաև եվրոպացի հեղինակների՝ հայերին և հրեաներին ընդհանուր ծագում վերագրելու հակումը (հենված մարդաբանական կերպարի, պատմական բախտի, բարքերի և գործունեության նմանություն վրա), որը տարածված էր այն ժամանակներում և էական դեր է ունեցել հայատյացության գաղափարական հիմքերի ձևավորման ժամանակ (տե՛ս այստեղ):

Իսկ հայերը շեշտում են այն, ինչ իրենց կարծիքով, ամենաէականն է՝ մեր ավելորդ անհատապաշտությունը, իրար վնասելու հակումը և այդ պատճառով համախմբվելու անկարողությունը (մինչդեռ Շոպենը հիշում է հայերի համերաշխությունը և եղբայրության ոգին՝ այդ էլ է եղել): Ի՞նչ են երազել Րաֆֆին ու Թումանյանը՝ պետք է փոխվել: Հիմա, կարելի է ասել, որ շատ բան փոխվել է: Բայց դեռ չի վերացել այն վատթար հատկանիշը, ինչի մասին գրում են նրանք՝ իրար նկատմամբ ավելորդ նախանձը, անիմաստ թշնամանքը, մյուսի հաջողության՝ որպես անձնական անհաջողություն ընկալումը: Եռանդն իրար դեմ, և ոչ ընդհանուր նպատակի համար ծախսելը: Գուցե դրանից է գալիս փառավոր անցյալ հորինելու և այնտեղ մխիթարություն գտնելու մեր հակումը՝ մենք դեռ չենք կարողանում բավարար չափով դրական վերաբերվել, գնահատել մեր ժամանակակից ազգակիցներին, ներել ու սիրել իրար, համագործակցել:

 Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031