Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Պողոսյան. «3 անգամ զույգ ունենալը բացառիկ դեպք է» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2014 16:06

Երեկ 30- ամյա Նաիրա Բաղդասարյանը 3-րդ երկվորյակն է ունեցել. «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ սա բացառիկ դեպք է, եւ իր` 35 տարվա աշխատանքային փորձի ընթացքում առաջին անգամ է հանդիպում, որ 3 ծննդաբերությունն էլ երկվորյակ լինի: «Դեպքը բացառիկ է, որովհետեւ 3 հղիությունից կինն ունեցել է 6 երեխա, այսինքն` նրա հղիությունները եղել են բնական ճանապարհով եւ զույգ-զույգ տղաներով: Սա, իհարկե, երջանիկ զուգադիպություն է 6 տղա ունենալը, չնայած, կարծում եմ, որ եթե մեկն աղջիկ լիներ, ծնողներն ավելի կուրախանային»,-ասաց պարոն Պողոսյանը:

3_zuyq-2 3_zuyq-1 3_zuyq-4

Մոր եւ նորածինների առողջական վիճակը բավարար է, բժիշկն ասաց, որ սա Նաիրա Բաղդասարյանի 3-րդ կեսարյան հատումն էր, բայց վիրահատությունը շատ լավ է ընթացել, եւ կինը կարող է նորից հղիանալ. «Երեխաների առողջական վիճակն էլ շատ լավ է, քանի որ լավ քաշեր ունեն, 2,8 եւ 2,6 կիլոգրամ, սա համարվում է լավ քաշ` հղիության այդ ժամկետի համար: Հուսով եմ ամեն ինչ լավ կլինի»:

Երկվորյակների մայրն Aravot.am-ին ասաց, որ հղիության սկզբում, երբ տեղեկացել էր, որ նորից զույգ պտուղ է, մի փոքր անհանգստացել էր, քանի որ նախորդն էլ էր կեսարյան հատումով ունեցել երեխաներին. «Բայց բժիշկների զննումից հետո, ինձ հանգստացրեցին, ու ամեն ինչ լավ անցավ: Ինձ համար էլ հատուկ լյուքս սենյակ են տվել, լավ եմ զգում ինձ»:

Անդրանիկ Պողոսյանն ասաց, որ այս տարի ավելացել են երկվորյակների եւ եռյակների ծնունդները. «70 զույգ պտուղներով հղիություն եւ ծննդաբերություն ենք ունեցել, եւ 5 եռյակներ: Եռյակները շատացել են արտամարմնային բեղմնավորման հաշվին, իսկ զույգերի 30-50%-ն է արտամարմնային բեղմնավորման հաշվին եղել»:

6 տղաների եւ 3 երկվորյակների հայր Դավիթ Սահակյանն այսօր «Էրեբունի» բուժկենտրոնում էր մյուս տղաների հետ. եւ լրագրողների հետ զրույցում հպարտությամբ ասաց` «Մեր զինվորներն են»:

Երկվորյակների հայրը՝ Դավիթ Սահակյանը դիմելով Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, հորդորեց, որպեսզի բազմազավակ ընտանիքների նկատմամբ պետությունն առավել ուշադիր լինի:

Մանրամասն` տեսանյութում

3 երկվորյակների ընտանիքն ապրում է Տավուշի մարզի Իջեւան քաղաքում, ինչպես լրագրողների հետ զրույցում ասացին ամուսիններն, այս պահին բնակարանային խնդիր ունեն. Դավիթ Սահակյանի պատմելով` փորձել է օգտվել «մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքների համար» ծրագրից, սակայն նրանց մերժել են, պատճառաբանելով տարիքային անհամապատասխանությունը: Դավիթ Սահակյանի խոսքերով` «Ընտանիքը մեծանում է, իսկ մենք սեփական բնակարան չունենք, աջակցության կարիք ունենք»:

Այս ընտանիքին «Էրեբունի» բժշկական կենտրոնը դրամական օգնություն տրամադրեց, իսկ երեխաներին` նվերներ, հագուստ, խաղալիքներ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն էլ անվասայլակ ու տակդիրներ նվիրեց: Նշենք, որ ըստ օրենքի 5-րդ եւ 6-րդ երեխաների ծնունդի դեպքում կառավարությունը 1,5 միլիոն դրամ է տրամադրում:

Անդրանիկ Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ 2008 թվականից ներդրված անվճար ծննդօգնությունը կարեւոր խթան է երեխաների ծննդի աճի համար. «Այս տարի մեզ մոտ 400-ով ավելացել է ծնունդների քանակը, մեր ժողովուրդը կարիք ունի անվճար բուժօգնության: Պետք է ամեն կերպ խրախուսել երեխաների ծնունդը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Օ, հայրենիքի 6 զինվորներ:Հայրիկի նման են ծառայելու, թե* ծառայելու են:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031