Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմաբանի կոչը. «Չոգեւորվենք թուրքի արտասանած ցեղասպանություն բառից»

Դեկտեմբեր 12,2014 23:07

Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Ջեմալ Փաշայի թոռ Հասան Ջեմալի՝ Երեւանում օրերս արած հայտարարությունը, թե իր պապին սպանել են ավազակախմբի անդամները, նշեց, որ Ցեղասսպանության հարյուրամյակի շեմին պետք է զգույշ լինել նման հանդիպումներ կազմակերպելիս: «Ես որպես պատմաբան դեմ եմ նման բաներին, գտնում եմ, որ որքան հեռանում ենք 1915 թ. ողբալի իրադարձություններից, այդքան պետք է զգույշ լինենք եւ հետամուտ՝  հայոց ցեղասպանության, հայ դատի, պահանջատիրության խնդիրներին, որպեսզի կարողանանք իսկապես դրանց հասնել, այլ ոչ թե բավարարվենք էժանագին հայտարարություններով կամ ծափահարություններով»,-ասաց պատմաբանը:

Էդիկ Գեւորգյանի ձեւակերպմամբ. «Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմագիտական հսկա նյութ կա թե՛ Մայր հայրենիքում, թե Սփյուռքում, էլ չենք խոսում ցեղասպանություն վերապրածների հուշագրությունների, ուղեգրությունների ու մնացածի մասին…Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ, դժբախտաբար, հայտնվելու են շատ-շատերը, որոնք փորձելու են էժանագին քաղաքականությամբ զբաղվել, էժանագին ժողովրդավարություն խաղալ:  Եթե նրանք այսօր ցեղասպանություն կամ Հայոց մեծ եղեռն բառն են օգտագործում, մեզ թվում է, թե բոլոր հարցերը լուծված են: Այդպես ամեն տարի նույն տարբերակով սպասում ենք, թե Միացյալ Նահանգների հերթական նախագահը ինչպիսի ձեւակերպում է տալու: Բայց սա չէ խնդիրը, քաղաքական լուծումը սա չէ, եւ եթե այսօր հրավիրված օտարածինը նման արտահայտություն է անում, որ իր պապին սպանել են ավազակախմբի անդամները, դա այն ձեւակերպումների շարքից է, որ ժամանակին անում էին մեր ազգային հերոս Անդրանիկի հասցեին կամ իր ջոկատին էին ավազակախումբ անվանում: Հետագայում էլ, անգամ Բաթումի կոնֆերանսի ժամանակ եւ մնացած բոլոր տեղերում թուրքերը հարց էին բարձրացնում, թե պետք է այդ «ավազակախմբերին»  վերացնել, որովհետեւ դրանք իբր վնասում են մահմեդական խաղաղ ազգաբնակչությանը: Այսօր գլխավոր հարցը հետեւյալն է, եթե մենք հրավիրում ենք մարդկանց, որոնք մտադիր են իրոք ճշմարիտ պատկերը տալ, ապա նրանք առաջին հերթին պետք  պատասխանեն այն հարցին՝ ո՞վ է մեղավոր ցեղասպանության համար, տան քաղաքական գնահատականը երիտթուրքերի կազմակերպած ոճրագործության: Թե չէ ստացվում է, որ հորջորջում կամ տուրք են տալիս պաշտոնական թուրքական պատմագրության տեսակետներին, եւ մենք էլ առանց մտածելու  ողջունում ենք նրանց, կարծես մեծ նվաճում է, որ թուրքը եկել է այստեղ եւ ցեղասպանություն բառն է օգտագործում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սփիւռքի կարգ մը հայեր կը պարծենան թէ իրենք են իսկական ազգասէրները, մինչ «Հայաստանի հայերը» (արդէն ինքնին մի ահեթեթ յղացք) հակում ունեն կակուղ լինելու այդ ուղղութեամբ, յօժար՝ էջը դարձնելու, գրկախառնուելու թուրքերի հետ, եւայլն. եւայլն.

    Սակայն ահա, ամէն անգամ որ Մսագործ Ճեմալի թոռը այսպիսի ելոյթներ կու տայ Սփիւռքում, միշտ լայնատարած ծափահարութիւններ կը ստանայ, գովք եւ գովասանք, մինչեւ իսկ՝ շնորհակալութիւններ…

    Հայաստանում է որ միայն ան ստացաւ իրեն արժանի ընդունելութիւն – թէկուզ տակաւին սահմանափակ թիւով յստակատես հայորդիների կողմէ, մինչ մնացեալները երկու ոտքերով ինկան ծուղակը – :

    Երեւի դեռ յոյս կայ Հայութեան համար: Շնորհիւ Մայր Հայրենիքի:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031