Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավիճակը դրամատիկ է»

Դեկտեմբեր 17,2014 11:41

Բանկային ոլորտում մեծ փորձ ունեցող Սմբատ Նասիբյանն ասում է՝ «Դոլարի թանկացումից Հայաստանի տնտեսությունում «պատերազմական» վիճակ է»

Հայաստանի բնակչությունը ժամ առ ժամ գնալով աղքատանում է դրամի արժեզրկման հետեւանքով: Երեկ երեկոյան 1 դոլարն արդեն արժեր 580 դրամ:

«Հայաստանի տնտեսությունը հայտնվել է «պատերազմական» վիճակում, որից դուրս գալու համար անհրաժեշտ է համախմբված լուծում գտնել»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է բանկային ոլորտում դեռեւս խորհրդային տարիներից գործունեություն ծավալած, «Կոնվերս բանկի» ստեղծող, այս բանկի խորհրդի նախկին նախագահ, Կենտրոնական բանկի խորհրդի նախկին անդամ, տնտեսագետ Սմբատ Նասիբյանը: Հայաստանի տնտեսական ներկայիս իրավիճակը պարոն Նասիբյանը գնահատում է դրամատիկ:
«Օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով Հայաստանը հայտնվել է վատ վիճակում, որից դուրս գալու համար մի քանի տարբերակ կա, բայց նվազագույն վնասով դուրս գալու համար լավագույն մեթոդն է թողնել, որպեսզի շուկան ինքնակարգավորի: Ամենավատը ոչ շուկայական մեխանիզմներն են:

Դոլար-դրամի փոխարժեքը պետք է թողնել շուկան որոշի, մենք բոլորս աղքատանալու ենք, սա ցավագին է: Կյանքը ցույց է տվել, որ որքան էլ վարչական մեխանիզմներ են կիրառել, վերջիվերջո ստացվել է այն, ինչ շուկան է թելադրել»,- ասում է պարոն Նասիբյանը:
Տնտեսագետը նկատում է, որ Կենտրոնական բանկը կարծես թե ռազմավարություն չի մշակել, հաշվարկներ չի արել, եթե անգամ կատարել է, պարտավոր է հայտարարությամբ հանդես գալ եւ ազնվորեն ասել իր անելիքների մասին:

Բանկերը օրվա ընթացքում մի քանի ժամով դոլար եւ եվրո չեն վաճառում, արտարժույթի դեֆիցիտ ունե՞ն՝ մեր այս հարցին պարոն Նասիբյանն ասում է. «Բանկերը ունեն փող, բայց դա իրենց գումարը չէ, դա իրենց հաճախորդների գումարն է, դոլարային ավանդատուներ ունեն, բայց նաեւ դոլարային վարկեր ունեն: Եթե իրենցից պահանջեն վաճառել արտարժույթ, իրենք մտնում են կարճ դիրքի մեջ, փոխարժեքային փոփոխություններն իրենց մոտ «մինուսներ» է բերում: Պարզ չէ՞, որ չեն ուզում վնասներ կրել, դրա համար ամեն քայլի էլ կգնան: Եթե ամեն օր գինը բարձրանում է փոխարժեքի, եւ տվյալ օրը բարձր գնով են վաճառում դոլարը, ապա հաջորդ օրն ավելի թանկ գնով են գնելու, ուստի վնասներից խուսափելու համար չեն անում գործարքներ: Բանկերն էլ դեռ չգիտեն, թե ԿԲ-ն ինչ է որոշելու, ինչ է անելու»:

Պարոն Նասիբյանն ասում է՝ ԿԲ-ն պետք է կանգնեցնի ներկայիս խուճապը. «Չպետք է 2008-ի սխալը կրկնել, պետք է մոդել ընտրել, որը քիչ վնասաբեր կլինի: Այսինքն՝ գնալ բնակչության կենսամակարդակի, գնողունակության կրճատմա՞ն, թե՞ փորձել վարչական լծակներ կիրառել, ինտերվենցիաներ անել, որն ավելի վատ կլինի: ԿԲ-ն պետք է թափանցիկ խոսի իր հետագա քայլերի մասին: Ռուսները հաշվել են այս երեւույթի դեպքում իրենց մակրոտնտեսական ցուցանիշները, մի քանի մեխանիզմներ են մշակել եւ աշխատում են այդ ուղղությամբ: Մենք հիմա չգիտենք՝ ինչ ռազմավարություն են մերոնք մշակել կամ՝ մշակե՞լ են արդյոք»:

Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ դոլարի արժեւորումը կխթանի արտահանումը՝ հաշվի առնելով մեր արտահանման ծավալներն ու ուղղությունները, արդյոք այդ խթանը կաշխատի՞, մեր այս հարցին պարոն Նասիբյանն ասում է. «Դա էլաստիկությունն է՝ փոխարժեքի տատանման եւ գների ինդեքսի միջեւ փոխկապակցվածությունը, ցավոք, մեզ մոտ փոխադարձ կապված է, լավ չէ, որ այդպես է, բայց մեզ մոտ սպառման ապրանքները հիմնականում ներկրվող են, տեղական արտադրությունը փոքր է: Մենք պետք է ամեն ինչ անեինք ու անենք, որ ներկրումը փոխարինվի տեղական արտադրությամբ, որպեսզի այսպիսի ցնցումները ցավալի չլինեն: Գյուղատնտեսությունում մեծ պոտենցիալ ունեինք, որը չի օգտագործվել, ամենապարզ օրինակը՝ ցորենի արտադրությունը: Պարզ ասած՝ մեր տնտեսությունը պետք է դիվերսիֆիկացված լիներ, մենք ռուսական շուկայից շատ կախված չլինեինք: Մեր եղած արտադրությունն էլ կախված է էներգիայի գներից, սա արտադրության մրցունակության խնդիր է ստեղծում: Մենք, ցավոք, գազը գնում ենք Ռուսաստանից դոլարով, իսկ եթե ռուսական ռուբլով լիներ պայմանագիրը, հիմա հնարավորություն կլիներ գազն էժան գնել, ու սա տեղական արտադրության վրա դրական կազդեր»:

Անդրադառնալով դոլարի թանկացմանը՝ պարոն Նասիբյանն ասում է, որ արդար փոխարժեքը 1 դոլարի դիմաց 550-600 դրամն է, իսկ եթե այս գնից շատ բարձրանա, ԿԲ-ն պետք է լծակներն օգտագործի: Պարոն Նասիբյանի նշած 550-600 դրամ փոխարժեքի դեպքում բյուջեն կկատարվի՝ հաշվի առնելով, որ դոլարի թանկացման հետեւանքով ներմուծումն է կրճատվելու, որը մեծ դեր է խաղում տնտեսության մեջ:

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն հաշված օրեր են մնացել. մեր այն հարցին՝ ինչպե՞ս դա կազդի փոխարժեքի ներկայիս իրավիճակի վրա, Նասիբյանն ասում է. «Միանայինք, թե ոչ այդ միությանը, դրամի արժեզրկումը լինելու էր: Անդամակցելով՝ հնարավոր է ռուսական արտադրության որոշ ապրանքներ ռուսական ռուբլով գնել, իրենց մոտ այլ միտումներ չլինեն: Բայց, օրինակ, ցորենի գինը Ռուսաստանը որոշել է բարձրացնել: Լավ կլինի մերոնք Ռուսաստանին դիմեն, որպեսզի վերանայվի պայմանագիրը, եւ ռուսական ռուբլով իրենց գներով գործարքներ լինեն»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031