Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի գյուղերից մեկում անկուսակցական թեկնածուն 1 ձայնի առավելությամբ հաղթել է ՀՀԿ-ական թեկնածուին

Դեկտեմբեր 17,2014 15:36

Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում անցկացված համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքներով` Կապանի տարածաշրջանի Ձորաստան գյուղում ՀՀԿ-ական թեկնածուին մեկ ձայնի առավելությամբ հաղթել է անկուսակցական թեկնածուն:

Ձորաստանում ընտրապայքարն ընթանում էր գործող գյուղապետ, ՀՀԿ-ից առաջադրված Ավետիս Ավետիսյանի եւ անկուսակցական, ինքնաառաջադրված Գեւորգ Հարությունյանի միջեւ:

Գյուղում 55 ընտրողից համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցել է 42-ը, 1 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել: 2001թ.-ից մինչեւ օրս համայնքը ղեկավարող ՀՀԿ անդամ Ավետիս Ավետիսյանի օգտին քվեարկել է 20 բնակիչ, իսկ 1991թ.-ից մինչեւ 2000թ. գյուղապետ աշխատած Գեւորգ Հարությունյանին կողմ է քվեարկել 21 ձորաստանցի:

Ձորաստանի գյուղապետ Ավետիս Ավետիսյանը մտադիր չէ բողոքարկել, ասում է` արդար ընտրություն է անցկացվել եւ նորմալ է վերաբերվում, որ իր մրցակիցն է հաղթել այս ընտրություններում:

«Արդար է անցել ամեն ինչ, հանգիստ, խաղաղ է եղել ընթացքը: Ես ինձ պարտված չեմ համարում, հավասար ձայներ ենք հավաքել: 14 տարի ես եմ ղեկավարել, թող հիմա էլ նա ղեկավարի, ես նորմալ եմ վերաբերվում, որ նա է ընտրվել, եթե բողոքարկող լինեի`կբողոքարկեի», – ասաց Ավետիս Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գործող գյուղապետը նշել էր , որ իրենց գյուղում ընտրությունների ժամանակ մրցակցություն միշտ էլ լինում է, բայց երբեւէ ընդհարումներ, բախումներ չեն գրանցվում: «Ով կհաղթի, թող վայելի այս պաշտոնը», – նախքան ընտրության արդյունքների ամփոփումն ասել էր պարոն Ավետիսյանը:

Իսկ նրա մրցակից, անկուսակցական Գեւորգ Հարությունյանը փոխանցել էր, որ եթե ընտրվելու ակնկալիքներ չունենար, չէր առաջադրվի: «Եթե ժողովուրդն առանց վախի մթնոլորտի, իրենց կամքով, առանց ծանոթ- բարեկամ հաշվի առնելու գնա ընտրության, ապա ես կընտրվեմ»,- նշել էր  նա:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031