Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ համար է Ռուբեն Բալոյանն այդքան գումար ուզում

Դեկտեմբեր 17,2014 19:45

Դեկտեմբերի 25-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ կշարունակվի այսօր վերսկսված դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով դատական նիստը:

Մեղադրող Արթուր Սարգսյանը, որն առաջին անգամ դատարան էր ներկայացել դատախազական վերնազգեստով,  հանդես պիտի գար մեղադրական ճառով, սակայն նա այդպես էլ հնարավորություն չունեցավ, քանի որ տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի հայցից հետո սկսվեցին քննարկումներ, բացահայտումներ, փոխադարձ բանակռիվներ: Չորս տուժողների եւ երկու իրավահաջորդների անունից հանդես եկած Ռուբեն Բալոյանն իր հայցը հիմնավորեց, վկայակոչելով,  քրեական գործի նախաքննությամբ և դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները:Նա ասաց.«Ձեռք բերված ապացույցներով հիմնավորվեց, որ  2013թ. հոկտեմբերի 20-ին ժամը 22:10-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում  տեղի ունեցած ավտովթարի մեղավորը ամբաստանյալ Վարդան Պետրոսյանն է»:

Տուժողների ներկայացուցիչը վկայակոչեց նաեւ 20.10.2013թ. դեպքի վայրի զննության, 21.10.2013թ. տրանսպորտային միջոցների զննության արձանագրությունները, 21.10.2013թ. լրացուցիչ դեպքի վայրի զննության արձանագրությունը, դատաավտոտեխնիկական փորձագետի թիվ 39391308 եզրակացությունը, տուժողներ՝ Արթուր, Հայկ, Էմմա և Տաթևիկ Հակոբյանների,  փորձագետ Խ. Զաքարյանի և դատարանում հարցաքննված մյուս անձանց ցուցմունքները, քրեական գործին կցված դեպքի վայրի լուսանկարները: Ըստ նրա քրեական օրենքով չթույլատրված արարքով հայցվորներին պատճառված վնասը ենթակա է հատուցման ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի կողմից: Փաստաբանը հղում արեց նաեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1078-րդ հոդվածի 1-ին կետին, համաձայն որի. «Քաղաքացուն հաշմություն կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելու դեպքում հատուցման ենթակա են (…) առողջության քայքայման հետևանքով ծագած լրացուցիչ ծախսերը` ներառյալ բուժվելու, լրացուցիչ սննդի, դեղամիջոցներ ձեռք բերելու, պրոթեզավորման, կողմնակի խնամքի, առողջարանական-կուրորտային բուժման, հատուկ տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու (…) համար ծախսերը, եթե պարզվել է, որ տուժողն ունի օգնության ու խնամքի նման տեսակների կարիք և չունի դրանք անվճար ստանալու իրավունք»:

Դատաբժշկական փորձագետի թիվ 171/Հ եզրակացության համաձայն՝ Տաթևիկ Հակոբյանը ստացել էր հետեւյալ  աջ ազդոսկրի գլխիկի տրավմատիկ հոդախախտ, նստոսկրի փակ տեղաշարժերով կոտրվածքներ, ձախ ազդրոսկրերի վերին երրորդականի փակ լայնակի տեղաշարժով կոտրվածք, գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդ, պարանոցային 5-րդ ողի մարմնի և ձախից հետին աղեղի բազմաբեկոր կոտրվածքներ, այսինքն՝ առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Տուժողների ներկայացուցիչը հայտնեց, որ տեղի ունեցած ավտովթարից հետո Տաթևիկ Հակոբյանը տեղափոխվել է  «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ամբուլատոր բուժում է ստացել մինչև 2013 թվականի դեկտեմբերի 4-ը: Տ.Հակոբյանի կողմից կատարվել է հիվանդասենյակի վճարում՝ 84.000 ՀՀ դրամի  չափով : «Արմենիա» ՓԲԸ-ի թիվ 000244 անդորրագրի համաձայն էլ, Տ. Հակոբյանի կողմից կատարվել է 20.000 ՀՀ դրամի վճարում՝ որպես արյան վերականգման համար կատարված վճար:

Տուժողի պարանոցն անշարժացվել է ֆիքսատորներով, իսկ դրա համար վճարվել է 14.173 ՀՀ դրամ ՀՀ դրամ : Համաձայն քաղհայցի, 04.12.2013թ. հիվանդանոցից դուրս գրվելուց 2 շաբաթ անց Տ. Հակոբյանը սկսել է քայլել՝ սկզբնական շրջանում օգտվելով քայլակից, որը վարձույթով վերցվել է «Երևան ՀՕՄ ՔԵՅՐ» ՍՊ ընկերությունից, որի արժեքը կազմում է 12.000 ՀՀ դրամ, իսկ ստացիոնար և տնային բուժում ստանալու ընթացքում Տ. Հակոբյանին նշանակվել է “Сустахолд” և “Кальций D3” դեղամիջոցները, որի համար վճարվել է 88.040 ՀՀ դրամ: Մեկ այլ տեղեկանք էլ Ռ.Բալոյանը ստացել էր Կարմիր խաչի ընկերության «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոն ՍՊԸ-ի բժշկական տնօրենի ժ/պ Ա. Մնացականյանի կողմից, ըստ որի «Տաթևիկ Հակոբյանը 21.01.2014թ.-ից մինչև 28.02.2014թ. ստացել է ամբուլատոր բուժում Միջազգային վերականգնողական կենտրոնում հետևյալ ախտորոշմամբ՝ պոլիտրավմա, վիճակ աջ ազդոսկրի գլխիկի տրավմատիկ հոդախախտ- կոտրվածքից հետո, ձախ ազդոսկրի վիրահատությունից հետո:Բուժման կուրսի արժեքը կազմել է 117.000 ՀՀ դրամ:

Տ. Հակոբյանը հաճախել է «Գրացիա»  միջազգային վերականգնողական կենտրոն և վճարել բուժման կուրսի համար:

Միայն տուժող Տաթևիկ Հակոբյանի բուժման և վերականգնողական բուժման համար կատարած ծախսերը կազմել են  445.213 ՀՀ դրամ:

«Ընտանիքում առաջացած ծանր ֆինանսական դրության պատճառով տուժող Տաթևիկ Հակոբյանի վերականգնողական բուժումները դադարեցվել են»,-ասաց փաստաբանը եւ հավելեց, որ Տ. Հակոբյանը ավտովթարի հետևանքով  ստացած մարմնական վնասվածքներից վերջնականապես չի ապաքինվել և վերջինիս  անհրաժեշտ է տևական վերականգնողական բուժում:

Հղում արվեց  «Արմենիա» ՀԲԿ-ի բժիշկ Հ. Կիրակոսյանի և բաժնի վարիչ Հ. Հարությունյանի կողմից 22.07.2014թ. տրված տեղեկանքը. «Հաշվի առնելով վնասվածքների բնույթը և վերականգնողական ժամկետները հիվանդը չի կարող օգտվել հանրային տրանսպորտից մոտ 1.5-2 տարի»:

Մեկ այլ հաշվարկի համաձայն, վերականգնողական բուժման  օրերը  կազմում  է  522 օր, որ բազմապատկելով 15.000 ՀՀ դրամ ով (1 օրվա բուժման արժեք ), ստացվեց  7.830.000 ՀՀ դրամ գումարը: Վ. Պետրոսյանի կողմից տուժող Տաթևիկ Հակոբյանին պատճառված և հատուցման ենթակա վնասի չափը ըստ փաստաբանի՝ վերջնական կազմեց 10.165.213 ՀՀ դրամ:

Վ.Պետրոսյանի պաշտպանները դատարանին միջնորդեցին, որպեսզի ապահովագրական բյուրոյից վերցվի այն գումարների մասին ինֆորմացիա, որն, ըստ տուժողների բանավոր հայտարարության «սպառվել էր»: Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը, իսկ մինչ այդ նախազգուշացվեց տուժողներից Արթուր Հակոբյանը, որը տեղից ասաց. «Բա ինչ անենք, հորդ ջեբից եք դնելու: Վերջն ա, էլի շոու է»:

Պաշտպանական կողմին հետաքրքրում էր, թե Բալոյանը որպես ինչ է այդքան գումար պահանջում. դատական ծա՞խս, թե՞ հանցագործության հետեւանքով անմիջականորեն տուժողներին պատճառված վնաս:

Ըստ Վ. Պետրոսյանի, եթե այս կարգի հարցերը լուծվում են դատարանից դուրս, լուծվում են մարդկայնորեն, իսկ դատարանում իրավաբանները քննարկում են հարցեր, որոնցից ինքն անգամ փշաքաղվում է: Սակայն ինքը իրավունք չունի այստեղ միջամտելու, հարցերը պետք է քննարկվեն:

Տուժողները ասացին, որ գերեզմանների եւ սգո արարողության հետ կապված հարցերը հոգացել են առանց հրապարակելու, քանի որ դա Վարդանի ցանկությունն էր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031