Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասողները գլուխները պատով են տալիս»

Դեկտեմբեր 18,2014 14:00
Gayane Saruxanyn

Չեխովի անվան դպրոցի տնօրեն
Գայանե Սարուխանյանը պնդում է, որ չուզողներ ունի

«Առավոտը» դժգոհություններ էր ստացել այն մասին, որ Ա. Չեխովի անվան N 55 դպրոցում աշակերտներից պարտադրաբար գումար են հավաքում՝ թեմատիկ ստենդներ պատրաստելու համար, որոնցից յուրաքանչյուրը, ըստ մեր աղբյուրի՝ 90000-130 000 դրամ է կազմում: Ընդ որում, ըստ մեր աղբյուրի, գումարն էլ հավաքվում է բոլոր դասարաններում, յուրաքանչյուր աշակերտից 5000-ական դրամ:

«Առավոտի» հետ հեռախոսազրույցում Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանն ասաց, որ նման բան չկա. «Ուղղակի կան ծնողներ, որոնք իրենց մասնակցությամբ անում են նման աշխատանքներ»: Նա նաեւ առաջարկեց հայտնել դժգոհող ծնողների անունները կամ գոնե դասարանը, որպեսզի, իր ասելով, ավելի հեշտ լինի պարզելը:

Պնդմանը՝ ի վերջո աշակերտներից գումար հավաքվո՞ւմ է, թե՞ ոչ, տիկին Սարուխանյանը պատասխանեց. «Հո բոլոր դասարանները չե՞ն, այ, որ անուններ ասեիք, հեշտ կլիներ պարզելը: Մեզ մոտ կամավոր, առանց պարտադրանքի որոշ բաներ անում են: Մենք հանձնարարականն ունենք քաղաքապետի, ամեն ինչ այնքան հստակ է, այնքան հստակ գիտենք՝ մեզ ինչ է հանձնարարված, ու ինչ իրավունք չունենք անելու, որ նման բան չենք անի: Ոչ մի տնօրեն իրավունք չունի հավաքել գումար ու պարտադրաբար աշակերտներից հավաքած գումարներով ինչ-որ բան անել դպրոցի համար»:

Մեր հետաքրքրությանը՝ ինչո՞ւ են վերջին շրջանում անընդհատ իրենից դժգոհում, իր անվան հետ կապված պատմություններ շրջանառվում ու միջադեպեր լինում, տնօրենը պատասխանեց. «Դուք ուղղակի եկեք դպրոց, տեսեք, թե ինչքա՜ն գործ է արվում: Ովքեր չեն աշխատում, նրանց մասին, բնականաբար, խոսելու բան չկա, գործ անողների չուզողները միշտ էլ շատ են, կա՛ էդ բանը, նոր չի»:

Գայանե Սարուխանյանին զայրացրեց շրջանառվող այն լուրը, թե իր «թուրն» աջուձախ կտրում է, որովհետեւ մտերիմ է Առաջին տիկնոջ հետ:

«Ասողները գլուխները պատով են տալիս, նախագահի կինը ընդհանրապես մտերիմներ չունի»,- ասաց դպրոց ղեկավարող տիկինը: Նաեւ հավելեց. «Մենք երբեք չենք շրջանցում քաղաքապետի հանձնարարականը ու կամայական բաներով չենք զբաղվում»:
Հիշեցնենք, որ վերջերս «Առավոտին» էր դիմել դպրոցի հարեւանությամբ ապրող բժշկուհի, 81-ամյա Կլարա Ղարիբյանը՝ դժգոհելով, որ դպրոցի երեխաներից մեկի ծնողը մեքենայով խփել էր դարպասին ու քանդել իր պատը, քիչ էր մնացել նույնիսկ մեքենայի տակ գցի իրեն, իսկ տնօրենը փոխանակ կարգի հրավիրելու ծնողին, հայհոյել էր իրեն ու հրահանգել ներս չթողնել:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Չեխովի անվան դպրոցի տնօրենն ամիսներ առաջ էլ ծեծի էր ենթարկել իր դպրոցի աշակերտներից մեկի ծնողին՝ Նատալյա Սարգսյանին, քանի որ աշակերտուհին ոչ պատշաճ էր հագնված եղել։ Ըստ նույն աղբյուրի, տնօրենը հերքել էր կատարվածը ու նույնիսկ դատի տվել: Ծնողն էլ էր դիմել, դատական մի քանի ատյաններով անցնելուց հետո՝ Վերաքննիչը բավարարել էր նրա բողոքը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Հայերէնի եւ մի շարք այլ լեզուների տարածուած սխալներից է անհարկի Գոյականացումը:

    Որոշում ընդունել, հանդիպում ունենալ, վճիռ կայացնել:

    Համատարած այս ձեւերն են կիրառւում, փոխանակ ասելու ՈՐՈՇԵԼ, ՀԱՆԴԻՊԵԼ, ՎՃՌԵԼ:

    ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՐԵՑ,, Սա նորմալ է, որովհետեւ նիստի աւարտից յետոյ ՈՐՈՇՈՒՄ Է ընդունուել:

    Բայց «ընկերներով նստած էինք, որոշում կայացրինք գնալ գարեջուր խմելու» նախադասութիւնը ճիշտ չէ: ԸՆԿԵՐՆԵՐՈՎ ՈՐՈՇԵՑԻՆՔ:

    Հիմա այս յօդուածի վերջին պարբերութիւնում՝ «,,, տնօրենն ամիսներ առաջ էլ ծեծի էր ենթարկել իր դպրոցի աշակերտներից մեկի ծնողին ,,,»:

    Ճիշտ տարբերակն է՝ «,,, տնօրենն ամիսներ առաջ էլ ԾԵԾԵԼ ԷՐ էր դպրոցի աշակերտներից մեկի ծնողին ,,,»:

    Արդէն նշեցի, որ նմանատիպ խնդիր կայ նաեւ այլ լեզուներում: Հմմտ. անգլերէն՝

    gave a report – reported
    made a decision – decided

    Հետաքրքիր տեսանիւթ այս կապակցութեամբ՝
    https://www.youtube.com/watch?v=dNlkHtMgcPQ

  2. Արթուր Ղազարեան says:

    Ցաւօք, գրածս խմբագրելու հնարաւորութիւն չունեմ: Արագ գրում եմ՝ առանց վերջնական կարդալու ու ես էլ եմ սխալներ անում 🙂

    «Հայերէնում եւ մի շարք այլ լեզուներում տարածուած սխալներից է,,»

  3. gohar says:

    նկարից երեվւմ ե ,վօր հօգեկան տագնապներ ւնի,հիմա տպագրելւ եք՞

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031