Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդարադատության» հոտը վերաքննիչում՝ դոլարի՞, եվրոյի՞, թե՞ դրամի

Դեկտեմբեր 18,2014 15:00

Այս նյութն ուղարկում եմ Գերմանիայից, որտեղ եղանք Բեռլինի բարձրագույն դատարանում, որը վճիռների բողոքարկման դեպքում գործերի վերաքննություն է իրականացնում։

Այս դատարանը համարվում է Գերմանիայի ամենահին դատարանը. նրա մասին գրավոր հիշատակում կա դեռեւս 13-րդ դարի կեսերից։

Նկարում դատարանի շենքն է՝ իր հարուստ եւ հետաքրքիր պատմությամբ։ Դատարանի առջեւի հեծանիվները դատավորների եւ աշխատակիցների հեծանիվներն են։ Ճիշտ է, ձմռան պատճառով դրանք համեմատաբար քիչ են, սակայն ասում են՝ գարնանից աշուն ասեղ գցելու տեղ չի լինում։

Դատարանում մասնակից եղանք դատավոր Բարբարա Շտերնագելի նախագահությամբ գործի վերաքննության, որը համեմատաբար փոքր գումարի պատճառով քննվում էր միանձնյա։ Վեճի էությունը հետեւյալն էր՝ վերավաճառող հայցվորը օգտագործված ավտոմեքենա վաճառող ընկերությունից ավտոմեքենա էր վերցրել եւ տեղափոխել մեկ այլ քաղաք՝ գնորդին վաճառելու համար, սակայն, երբ հասցրել էր գնորդին, պարզվել էր, որ ավտոմեքենան անսարքություն ունի եւ գործարքը չէր կայացել։ Վերավաճառողն ավտոմեքենան վերադարձրել էր եւ ընկերությունից պահանջում էր իր կատարած ծախսերի, ինչպես նաեւ բաց թողած օգուտի փոխհատուցում։ Առաջին ատյանի դատարանը հայցը մերժել էր։

Գործի վերաքննությանը մասնակցում էին դատավորն ու կողմերի փաստաբանները։
Նշված գործի քննության ժամանակ հատկապես հետաքրքրական էր ֆորմալիզմի բացակայությունը։ Ճիշտ է, դատավորն էլ, փաստաբաններն էլ պատմուճանով էին, սակայն սրանով ձեւն ավարտվում էր։ Դատաքննության պրոցեսը դա իրավական խնդրի շուրջ երեք իրավաբանների մասնագիտական քննարկում էր, դատարանին դիմելիս փաստաբանները ոտքի չէին կանգնում, ձերդ ճաճանչափայլություն չէին ասում, դատավորն ասում էր, թե կողմերից յուրաքանչյուրը հատկապես որ հարցին ուշադրություն դարձնի, կոնկրետ հարցերի շուրջ ինքն ինչ է մտածում եւ այլն։ Մոտ մեկ ժամ տեւած քննարկումից հետո նախագահողը նիստը հետաձգեց, քանի որ անհրաժեշտ համարեց եզրակացություն տված փորձագետին հրավիրել ու հարցաքննել, մի խոսքով՝ իրականացվում էր գործի վերաքննություն։

Ինչ է անում մեր վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի դեպքում։ Ասեմ։ Ուղիղ յոթ տարի է՝ այդ դատարանը որեւէ գործով վերաքննություն չի իրականացրել, թեեւ առավելագույնը յոթ րոպե տեւող ձեւական նիստերից հետո վճիռներ է բեկանում եւ փոփոխում՝ կայացնելով նոր վճիռ։

Սակայն հավասարությունն ապահովելու համար մեր դեպքում էլ կոնկրետ գործի մասին խոսեմ։

Խաչիկ Պողոսյանը հայց է ներկայացրել Նալբանդյան փողոցում գտնվող տան սեփականատերի դեմ, ասելով (հայցում գրելով), որ 2002թ.-ին մահացած իր մայրը մինչ մահը բնակվել է Ժենյա Պողոսյանի տան սենյակներից մեկում, սակայն մոր մահից հետո վերջինս փակել է այդ սենյակի դուռը եւ իրեն արգելում է մտնել այդտեղ։ Բացի այդ, ինքը բնակվել ու մինչ օրս բնակվում է այդ տան բակում իր հոր կառուցած ինքնակամ կառույցում եւ խնդրել է ձեռքբերման վաղեմության հիմքով իր սեփականության իրավունքը ճանաչել օրինական սենյակի ու ինքնակամ կառույցով զբաղեցված հողի նկատմամբ։
Ժենյա Պողոսյանը ինքնակամ կառույցի տակի հողի մասով հայցի դեմ չի առարկել, իսկ օրինական սենյակի մասով առարկել է, քանի որ հայցվորն այն չի տիրապետել եւ չի տիրապետում, այն դեպքում, երբ օրենքի պահանջն է, որ անձը պետք է տիրապտի գույքը, որի նկատմամբ պահանջ է ներկայացնում, այն էլ՝ ավելի քան տասը տարի, բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ ու որպես սեփական գույք։

Առաջին ատյանի դատարանը, դատավոր Ռ. Ներսիսյանի նախագահությամբ, 01.08.2014թ. թիվ ԵԿԴ/2767/02/09 վճռով վերը նշված հիմնավորմամբ հայցը մերժել է։
Վերաքննիչ դատարանի ոչ անհայտ դատավորներ Լ. Գրիգորյանն ու Ա. Թումանյանը, սակայն, իրենց դատական կազմով հինգ րոպեանոց նիստ են անում եւ 13.11.2014թ. որոշմամբ վճիռը բեկանում են, առանց որեւէ հիմք նշելու՝ օրինական սենյակի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչում են հայցվորի սեփականության իրավունքը, մոռանալով, որ հենց հայցվորն է հայցում գրել, որ 2002թ.-ից սեփականատերն իրեն թույլ չի տալիս մտնել այդ սենյակ, այսինքն, որ ինքն այդ գույքը չի տիրապետում, իսկ ինքնակամ կառույցով զբաղեցված հողի մասով գործն ուղարկում են նոր քննության։ Այս ամենն էլ համեմում են պատասխանողներից մեկին դատական նիստի մասին պատշաճ չծանուցելով ու օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված փաստերը խեղաթյուրելով։
Այսպիսին է արդարադատությունը վերաքննիչում՝ ընդամենը հինգ րոպե եւ քեզ Հայաստանի Հանրապետության անունից սեփականազրկում են։ Իսկ երբ ծանոթ ես գործի նյութերին ու կարդում ես հայտնի դատավորների որոշումը, քեզ խեղդում է դրա հոտը։

ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ
փաստաբան

«Առավոտ» օրաթերթ
17.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031