Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ կլիներ, որ մեր վետերանները չներքաշվեին քաղաքականության մեջ

Դեկտեմբեր 18,2014 17:00

Այլ պետական հոգածության ներքո
վայելեին իրենց վաստակած փառքն ու հանգիստը

Օտոլարինգոլոգի եւ կինոլոգի դափնիներին հավակնող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանին ծանոթ չեմ, ուստի չեմ կարող դատել նրա` շան ձագերի նմանությամբ մարդու ականջները կտրելու ունակությունների մասին: Մեր մեջ ասած՝ Սերժ Սարգսյանի եւ ոստիկանության պետի բարեկամական նկատողությանն արժանացած սույն «ազգային գեներալի»՝ մամուլում հրապարակված հոխորտանքն էլ, ավելի շուտ, պրակտոլոգիայի ոլորտից էր: Գերագույն գլխավոր հրամանատարի «թասիբին մեռածի» իր պայծառ կերպարն ամբողջացավ Արցախի ազատագրված տարածքների անտառային պաշարները եւ ոռոգման համակարգերը թալանելու, ինչպես նաեւ ներկայում տարբեր բիզնեսների մեջ ներքաշված լինելու մասին մամուլում հրապարակված տեղեկություններով: Բա հենց այդպիսին պետք է լինի Սարգսյանի ռեժիմում կարեւոր տեղ զբաղեցնող պաշտոնյան:

Ի տարբերություն Երանոսյանի՝ ոչ շատ լավ, բայց ճանաչում եմ «Արաբոյի» Մանվելին ու Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկին:

Ճանաչում եւ հարգում եմ նրանց անցած ռազմական ուղին ու Սարգսյանի հանցավոր ռեժիմի հետ չհաշտվելու, դեմն անձնուրացորեն պայքարելու նրանց երեկվա ու այսօրվա կեցվածքը:

Հրազդանի ձորի ռեստորաններից մեկում այս երկու` հակադիր բեւեռներից եկող կերպարների հանդիպման տխուր վերջաբանն ավելորդ անգամ ապացուցում է, որ «զենքի եղբայրությանը» վաղուց, գուցե 1999-ի Հոկտեմբերի 27-ից ի վեր, եկել է փոխարինելու շահերի բախումը: Այնպես որ՝ սին են կռված տղերքի լիակատար համախմբման մասին երազանքները: Տրոհումն ըստ քաղաքական ճամբարների կամ ըստ անձնական ու պետական շահեր հետապնդողների անխուսափելի է:

Լավ կլիներ, իհարկե, որ մեր վետերանները` որպես կվազիուժային ենթահանրույթ, ընդհանրապես չներքաշվեին քաղաքականության մեջ ու պետական հոգածության ներքո վայելեին իրենց վաստակած փառքն ու հանգիստը: Սակայն հայտնի է, որ երկրապահներին քաղաքականության մեջ ներքաշելու ավանդույթը նույնպես տասնամյակների պատմություն ունի:

Պարզ է, որ մի փոր հաց ուտելու համար չէին հանդիպել փոխոստիկանապետն ու «եռյակին» համակրող ազատամարտիկների նորաստեղծ միության երկու ակտիվիստները: Եթե դիտարկենք աղմուկ հանած այդ ռեստորանային միջադեպը ոչ թե Սերժ Սարգսյանի չեղած պատիվը վիրավորելու ու մյուս կողմից՝ բռնություն կիրառելով պաշտպանելու տեսանկյունից, այլ «եռյակ»-իշխանություն հակամարտության ծավալման տրամաբանությամբ, ապա շատ ավելի լավատես կլինեի, եթե իմանայի, որ Ռազմիկն ու Մանվելն են նախաձեռնել հանդիպումը, որպեսզի ինչ-ինչ ձեւերով կամ երաշխիքներ տալով փորձեին դեպի համաժողովրդական պայքարի կողմ քաշել թալանչի գեներալին կամ գոնե ապահովեին նրա` որպես ներքին զորքերի հրամանատարի չեզոքությունը: Ցավոք, ըստ վկայությունների, գործ ունենք հակառակի հետ` գեներալն է փորձել չեզոքացնել ռեժիմի դեմ պայքարողներին, ինչն ամենեւին չի վկայում «համաժողովրդական պայքարի» արդյունավետ ընթացքի ու նախաձեռնողականության մասին:

Ի դեպ, ռեժիմի դեմ իրական պայքարի տեսանկյունից շատ ավելի իրատեսական ու արդյունավետ է թվում ոչ թե ռեժիմի բութ մահակ հանդիսացող ուժային կառույցների ղեկավարների վրա աշխատելը, այլ միջին ու շարքային անձնակազմի հետ տարվող աշխատանքն ու քարոզչությունը: Ռեժիմի ուժային բարձրագույն ղեկավարներին դժվար եւ անիրատեսական է նոր պաշտոններ ստանալու հեռանկարով գայթակղելը:

Հեղափոխական ժամանակներում թալանածի ու դիրքի պահպանության երաշխիքներ տալն իսկ առանձնապես վստահություն չի ներշնչի, եթե, իհարկե, խոսքը չի գնում թալանչիների նոր դաստայով, այլ ռեժիմ ձեւավորելու մասին: Իսկ միջին օղակներն ու շարքային անձնակազմը շատ ավելի մոտ են ժողովրդին, եթե հենց ժողովուրդը չեն: Նրանց, որ ամենօրյա վկաներն են իրենց ղեկավարների արած ապօրինությունների ու թալանի, հասկացնելը, որ չի կարելի կրակել սեփական ժողովրդի վրա, որ X ժամին պետք է պարզապես հրաժարվել վերադասների հանցավոր հրամանները կատարելուց, շատ ավելի հեշտ է:

ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031