Լրահոս
Օրվա լրահոսը

Հո չե՞ն խոստովանելու, որ իրենց քայլերն անարդյունավետ են եղել. «168 ժամ»

Դեկտեմբեր 18,2014 12:01

Դատելով վերջին հայտարարություններից՝ իշխանության տարբեր թևերի պաշտոնյաները փորձում են արմատավորել այն միտքը, որ դրամի կտրուկ արժեզրկման պատճառը մենք ենք՝ քաղաքացիներս։ Մեղավորը Կենտրոնական բանկը չէ, ում պարտավորությունների մեջ է մտնում փոխարժեքի կտրուկ տատանումները կանխելը, մեղավորը կառավարության տնտեսական սխալ քաղաքականությունը չէ, որի հետևանքով Հայաստանի տնտեսությունը դարձել է մեկ այլ երկրից կախված ու խոցելի։ Մեղավորը ժողովուրդն է։

Ինչպես նշեցինք, այս միտքը՝ քողարկված կամ բաց տեքստով, փորձում են տեղ հասցնել մեր պաշտոնյաները։ Օրինակ, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ դրամը գերարժեզրկված է, իսկ դա ունի երկու պատճառ՝ խուճապը և սպեկուլյացիաները։ Ըստ ԿԲ նախագահի՝ դրամն իր իրական փոխարժեքին կգա խուճապային իրավիճակի վերացումից հետո։ Իսկ ինչպե՞ս պետք է վերանա խուճապը։ ԿԲ նախագահի խոսքերով՝ խուճապը հաղթահարելու համար մեր համաքաղաքացիները պետք է խուսափեն առանց անհրաժեշտության արտարժույթ գնելուց։ Պարզ ասած, խուճապը ստեղծում ենք մենք՝ ըստ ԿԲ-ի։

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանն այս միտքն ավելի ուղիղ ձևով է արտահայտել՝ բառացիորեն ասելով. «Խուճապային իրավիճակ ժողովուրդն է գցել և նրանք, ովքեր օգտվում են ստեղծված վիճակից»։

Բոլորը խոսում են խուճապի մասին՝ անուղղակի կամ ուղղակի կերպով մեղքը գցելով ժողովրդի վրա։

Դա մի կողմից պարզ է։ Հո չե՞ն խոստովանելու, որ իրենց քայլերն անարդյունավետ են եղել, և, որ իրենց «արտարժութային սվոփերը», «լոմբարդային ռեպոները», օրական մի քանի միլիոն դոլար վաճառելն արդյունք չեն տվել, ու ԿԲ-ի առաջին հայտարարությունից հետո (դեկտեմբերի 2-ին) դրամի արժեզրկումն ավելի է արագացել։

Հիմա էլ տարբեր փորձագետներ կարծիք են հայտնում, որ ԿԲ-ի ձեռնարկած քայլերն ի սկզբանե սխալ էին ու արդյունք չէին կարող տալ։ Օրինակ՝ սակարկությունների եղանակով օրական որոշակի քանակությամբ դոլար վաճառելու պրակտիկան (այն էլ՝ կոնկրետ վերջնաժամկետով) սխալ են համարում գրեթե բոլոր անկախ փորձագետները։ Մինչդեռ ԿԲ-ում համոզված են, որ իրենց այդ «վարժությունը» ճիշտ է։ Համոզված են, որ իրենք ամեն ինչ ճիշտ են անում։ Ու «բացահայտել» են իրական մեղավորին՝ խուճապը։ Բացահայտել են նաև խուճապի մեղավորին՝ ժողովուրդը։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031