Լրահոս
Օրվա լրահոսը

Դուետ «Արս լունգա» եւ տարվա հոբելյարներ

Դեկտեմբեր 19,2014 12:30

Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի «Համերգ՝ ճեմասրահում» նախագծի եւ «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի շրջանակներում կայացավ համերգ: «Արս լունգա» դուետի եւ ջութակահարներ Մերի Մարգարյանի եւ Լուսինե Հարությունյանի կատարմամբ հնչեցին 2014թ. հայ հոբելյար կոմպոզիտորների ստեղծագործություններ. դուետներ` գրված թավջութակի եւ դաշնամուրի համար, եւ տրիոներ՝ ջութակի, թավջութակի եւ դաշնամուրի համար: Այս տարվա հոբելյարներն են` Կոմիտասը (145), Վլադիլեն Բալյանը (90), Ավետ Տերտերյանը (85), Գեղունի Չթչյանը (85), Տիգրան Մանսուրյանը (75), Էդուարդ Հայրապետյանը (65) եւ Արմեն Սմբատյանը (60):
«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի ստեղծման եւ իրականացման գաղափարը «Արս լունգա» դուետինն է` ի դեմս թավջութակահար Արամ Թալալյանի եւ դաշնակահար Ջուլիետա Վարդանյանի: Ծրագիրը ներառում է հայ ակադեմիական երաժշտական ստեղծագործական մտքի եւ ավանդույթների լայն սպեկտր` 20-րդ դարի սկզբից մինչեւ մեր օրերը: Այդ թվում երիտասարդ սերնդի ներկայացուցիչների, ովքեր մասնակից լինելով ծրագրի ընթացքին, իրենց մի շարք ստեղծագործություններ նվիրել են «Արս լունգա» դուետին: «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի գլխավոր գործընկերն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:

«Արվեստի աշխարհում այս տարին նշանավորվում է հայ դասական երաժշտության մի շարք ակնառու գործիչների հոբելյաններով: Սա հիանալի առիթ է եւս մեկ անգամ հիշատակելու եւ մեծարելու մեր դասականներին: Սակայն կարեւոր է նաեւ գնահատել եւ սատարել դասական երաժշտության մեջ նոր խոսք ասող ժամանակակից կոմպոզիտորներին: Այսօրվա համերգը համատեղել է այս երկու գաղափարները եւ հավաստում է, որ մեր ստեղծագործ միտքը կենդանի է եւ չի սահմանափակվում անցյալի ձեռքբերումներով»,- նշել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը բաղկացած է մի քանի մասից:
«Արս լունգա» դուետը «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի 1-ին մասում հավաքել է 20-21-րդ դդ. 60 հայ կոմպոզիտորների թավջութակի եւ դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ, կատարել եւ ձայնագրել է ժամանակակից տեխնիկայի վերջին պահանջներին համապատասխան: Արդյունքում թողարկվել են ձայնագրությունների ժողովածուներ, որոնցից կազմված յուրաքանչյուր ավարտուն տուփը (12 ձայնասկավառակ) ամփոփվում է այդ շարքում ընդգրկված հեղինակների կենսագրականները ներառող գրքույկով:

Ներկայումս «Արս լունգան» աշխատում է «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ձայնագրությունների շարքի 2-րդ մասի իրագործման ուղղությամբ, որը կներկայացնի հայ կոմպոզիտորների դաշնամուրային տրիոները (ստեղծագործություններ դաշնամուրի, ջութակի եւ թավջութակի համար):

«Առավոտ» օրաթերթ
18.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031