Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղջիկս ինձանից լավ է խոսում արեւելահայերեն»

Դեկտեմբեր 19,2014 14:00

Սիրիահայ արծաթագործ Արման Չիրիշյանը հարմարվել է հայաստանյան կյանքին

Հալեպահայ արծաթագործ Արման Չիրիշյանին հանդիպեցինք օրերս կազմակերպված «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում» խորագրով ցուցահանդես-տոնավաճառի ժամանակ: Ինքնատիպ արծաթեղեն էր ներկայացրել, յուրաքանչյուր մոտեցողի մանրամասն ու համբերատար պատմում էր, թե որ զարդի վրա ինչ քար է օգտագործել ու ինչ խորհուրդ ունի: «Առավոտի» հետ զրույցում Արմանը նշեց, որ 2 տարի երեք ամիս է, ինչ Հայաստանում է հաստատվել: Շուրջ երկու տարի էլ կլինի աշխատում է, ավելի ճիշտ՝ արծաթե զարդեր է ստեղծում ու շաբաթվա 7 օրը վաճառում Վերնիսաժում: Ցուցահանդես-տոնավաճառներին պարտադիր մասնակցում է, ասում է՝ դրական երեւույթ են, քանի որ նոր պատվիրատուներ գտնելու հնարավորություններ են բացվում:

Արման Չիրիշյանի ձեւակերպմամբ, հասցրել է «հաճախորդներ շահել», շատերը միմյանցից տեղեկանալով իր ինքնատիպ աշխատանքների մասին՝ գալիս Վերնիսաժում հարցնում են, փնտրում են իրեն: Սիրիահայ արծաթագործը փաստում է, որ հայկական արծաթագործությունն ու ոսկերչությունն այսպես թե այնպես առանձնահատուկ են՝ կախված վարպետի ճաշակից, հմտությունից, երեւակայությունից: Արմանը համոզված է, որ իր զարդերը Վերնիսաժում տարբերվում են մյուս արծաթագործների աշխատանքներից, թեեւ չի ժխտում, որ Հայաստանում շատ են լավ արծաթագործները: «Թեկուզ բոլորս հայ ենք, բայց տարբերվում են մեր ստեղծագործությունները, տարբեր բնավորություններ ունենք, տարբեր ճաշակներ, հատկապես, երբ ուրիշ երկրից ես գալիս»,- ասում է մեր զրուցակիցը: Նաեւ հավելում, որ ոսկերչությունն իրենց ընտանիքում ժառանգաբար է փոխանցվել. հայրը եւ պապը եւս ոսկերիչներ են եղել, ինքն էլ է ոսկերիչ, ուղղակի Հայաստանում ավելի հարմար է արծաթով աշխատելը:

Արման Չիրիշյանից հետաքրքրվեցինք՝ հե՞շտ հարմարվեց հայաստանյան ապրելակերպին եւ իրականությանը: Նա նշեց, որ սկզբնական շրջանում լուրջ դժվարություններ է ունեցել, ասում է՝ եթե երկիրդ փոխել ես, բնական է, որ պետք է դրանք լինեին: Խնդիրների թվում երեխաների դպրոցի ու մանկապարտեզի հարցն էր, աշխատանք գտնելը, գործ սկսելը, տան վարձ հոգալը եւ այլն: Բարեբախտաբար, խնդիրների որոշ մասը լուծվել է, երկու զավակներն էլ դպրոց ու մանկապարտեզ են հաճախում: «Աղջիկս ինձանից լավ է խոսում արեւելահայերեն, որովհետեւ էստեղ սկսավ մանկապարտեզից»,- ժպտում է մեր զրուցակիցը:

Զրույցի վերջին նա բարձրաձայնեց իր ցանկությունների մասին. «Ամեն մարդ կուզե կյանքի մեջ առաջ գնա, գործը մեծացնե, իր անձնական տունը ունենա ու խաղաղություն լինի»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031