Լրահոս
Օրվա լրահոսը

Արտիստական թատրոնի արտիստը՝ չնշված հոբելյանի ու իր մասին

Դեկտեմբեր 19,2014 14:30

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի համար այս տարին հոբելյանական էր. լրացավ թատրոնի 10-ամյակը: Անհասկանալի է միայն, թե ինչո՞ւ հոբելյանն աննկատ մնաց, էլ չենք խոսում այն պաշտոնապես նշելու մասին: Հակված ենք մտածելու, որ 2015թ. մշակութային այս օջախի հոբելյանը հավուր պատշաճի կնշվի թատրոնի հիմնադրի՝ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի 85-ամյակի հետ: «Առավոտի» դիտարկմամբ՝ սա միակ թատրոնն է, որն ունի ընդամենը մեկ վաստակավոր արտիստ՝ Անահիտ Քոչարյան եւ երկու «Մովսես Խորենացի» մեդալակիր՝ Մակիչ Մարգարյան ու Ամիրան Գալստյան: Թատրոնն անդրադառնում է համաշխարհային դասականներից մինչեւ ժամանակակից հեղինակների գործերին՝ դրամաներից մինչեւ տրագիկոմեդիա, հեքիաթներ: Այն եզակի է նաեւ խաղացանկում մանկական ներկայացումների առատությամբ:

Օրերս թատրոնում պրեմիերա էր. ներկայացվեց Գառնիկ Սեյրանյանի հեղինակած «Երեւան-Բարսելոնա» կատակերգությունը՝ սեփական ռեժիսուրայով: «Առավոտը» զրույցի հրավիրեց թատրոնի դերասանուհի Լուսինե Ավանեսյանին: Հետամուտ լինելով նրա բեմական կերպարներին՝ արձանագրել ենք դերասանուհու մեծ դիապազոնը: Նա կոկետուհի Բելլան է «Երեւան-Բարսելոնայում», վեհանձն թագուհի՝ Շանթի «Կայսեր», համեստ, խորաթափանց Մերի՝ Մհեր Մկրտչյան կրտսերի «Ամուսնանալը հեշտ բան չէ», դրամատիկ Լուչիա Պետրերան՝ Էդ. դե Ֆիլիպոյի «Կատակերգության արվեստը», հիասթափված Մերին՝ Սարոյանի «Ձեր կյանքի ժամերը» ներկայացումներում… Դերասանուհու կերտած մանկական հերոսներն էլ են բազմապլանային. խորամանկ է նրա Ալիսան՝ ըստ Տոլստոյի «Բուրատինո», չափազանց լրջմիտ է Նապաստակը Խելու Ռամոյի «Համեղ պատառ», աննկարագրելի վախկոտ է դերասանուհու կերտած Մկնիկը՝ ըստ Հոֆմանի «Շչելկունչիկ» բեմադրություններում եւ այլն:

756A0594
Մեզ հետ զրույցում Լուսինե Ավանեսյանը հիշեց 2006թ. առաջին դերը՝ «Միջնադարյան ֆարսեր» ներկայացման մեջ Լիզոնը եւ Պերնետը: Առաջին կերպարում բարձր խավի կին էր, երկրորդում՝ թեթեւամիտ ու շահամոլ: Հարցին, թե թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը ինչպե՞ս ընդունեց իր առաջին բեմելը, դերասանուհին պատասխանեց. «Ինձ համար այդ դերերը յուրատեսակ քննություն էին: Խստապահանջ Մուշեղիչը (այսպես են դիմում կոլեգաներն ու մտերիմները Ալբերտ Մկրտչյանին) չհավանելու դեպքում է միայն համբերատար ու մանրակրկիտ վերլուծում՝ դերասանի մոտ մութ կետեր չմնալու համար: Իմ դեպքում երկար-բարակ չխոսեց: Գուցե մեծ պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա. ենթադրեցի, որ հավանել էր, քանի որ հետագայում ինձ վստահեց տարբեր մասշտաբի ու տարբեր հոգեվիճակներով դերեր»: Հավելեց նաեւ, դերասանուհու խոսքերով՝ «Մուշեղիչը դերասանին բացել գիտի, ավելին՝ ճիշտ ուղու բերել: Եվ քանի որ նա կինոռեժիսոր է, ուշադրություն է դարձնում առաջին հայացքից բեմից նույնիսկ չերեւացող դետալների վրա, ինչը կինոյում չափազանց կարեւոր է»: Ասաց նաեւ, որ Ալբերտ Մկրտչյանը հատկապես պրեմիերաներից առաջ օրինակ է բերում Մհեր Մկրտչյանին, Սոս Սարգսյանին, Խորեն Աբրահամյանին, ասելով՝ «ամեն ինչ փոխադարձ է. արվեստն էլ նվիրվում է այն մարդկանց, ովքեր անմնացորդ նվիրվում են արվեստին»:

Լուսինե Ավանեսյանը հայտնեց, որ թատրոնի՝ շուրջ 15 հոգուց բաղկացած թատերախմբի յուրաքանչյուր դերասանի համար մեծ ու փոքր դերեր չկան: Նշեց, թե չկա մի դերասան, որին չի ընձեռվել հնարավորություն՝ իրեն դրսեւորելու: Ավելին՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարը հնարավորություն է տալիս բեմադրիչներին, այդ թվում՝ Գառնիկ Սեյրանյանին, Գրիգոր Խաչատրյանին, Արսեն Գրիգորյանին, Արման Միրիջանյանին, Մհեր Մկրտչյան կրտսերին, միայն թե նրանք լինեն շնորհալի:
Դիտարկմանը, թե վերջին շրջանում թատրոնը չի մեկնում արտերկրյա հյուրախաղերի, մեր զրուցակիցը նշեց, որ դա իրենց ցավոտ թեման է: Ասաց, որ ութ տարիների ընթացքում միայն 2008-ին են խաղացել Հալեպում, իսկ գարնանը եւ աշնանը մշտապես մեկնում են մարզեր: Հիշեց, որ երբ 2006-ին թատրոնը մեկնել էր Քաջարան, հանդիսատեսը, որ այնքան երկար ներկայացում չէր դիտել, հարցնում էր՝ էս համերգը ե՞րբ ա սկսվելու…

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում. Տեսարան՝ «Երեւան-Բարսելոնա» ներկայացումից:

«Առավոտ» օրաթերթ
18.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031