Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյանը գաղտնազերծում է ԱԺ դռնփակ նիստը. «Հիմա էլ Աստված կանչենք, որ ԱՄՆ տնտեսությունը չզարգանա՞»

Դեկտեմբեր 19,2014 13:04

«Աննախադեպ իրավիճակ էր ստեղծվել երկրում: Դեռ մեկ շաբաթ առաջ, երբ ստորագրահավաք կազմակերպեցինք հարցը քննարկելու, ուշացավ: Երկու օր առաջ, երբ արտահերթ նիստ հրավիրեցինք, ինչ արդյունք տվեց մեզ: Արդյունքն այն է, որ ինֆորմացիա տրվեց մեզ եւ կայունացավ: Բոլորովին այլ բան է, երբ քաղաքացին ինֆորմացիա չունի, այլ բան է, երբ քաղաքացին ապատեղեկատվություն է ստանում: Արդյունքում լինում է այն, ինչ ստացանք»,- այսօր «Հենարան» ակումբում ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը դրամի արժեզրկման խնդրի հետ կապված այսպիսի գնահատական տվեց:

Նա գաղտնազերծեց նաեւ, թե ինչ են խոսել փոխարժեքի տատանումների հետ կապված ԱԺ արտահերթ նիստում, որն անցկացվել էր դռնփակ:

Պարզվում է՝ այդ օրը կառավարությունը ԱԺ-ում բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ է բերել դրամի արժեզրկման համար. «Թիվ մեկ պատճառը ԱՄՆ տնտեսության զարգացման հետ էր կապվում: Այսինքն, Աստված մի արասցե, եթե ԱՄՆ տնտեսությունը զարգանա, դրամը չգիտեմ ինչ կլինի: Մենք պետք է ունենանք համապատասխան ռեսուրսներ, գործիքակազմ: Չպետք է թողենք, որ մեր ժողովուրդն այս ամանորյա սթրեսի մեջ լինի»:

ՕԵԿ պատգամավորները դռնփակ նիստում հարցրել ՝ ի՞նչ կապ ունենք ԱՄՆ տնտեսության հետ, հիմա էլ Աստված կանչենք, որ ԱՄՆ տնտեսությունը չզարգանա՞: Հետո Հովհաննես Մարգարյանն ասաց, որ հարց են բարձրացրել՝ «փոխանակման կետերն ո՞ւմ կողմից են կարգավորվում: Ցանկացած իրավաբանական անձ ստանում է արտոնագիր, արդյո՞ք այդ արտոնագիրը թույլատրում էր, որ օրինակ 430-ով առնեն դոլար, 530-ով վաճառեն: Թույլատրո՞ւմ էր արտոնագիրը: Իհարկե, ոչ: Պետք է տրամաբանության մեջ լիներ վերին շեմը»:

Ըստ Հովհաննես Մարգարյանի, առաջարկվել է պատգամավորների կողմից աշխատանքային խումբ, որ այսպես ասած առցանց հետեւեն, րոպե առ րոպե ասեն, թե ինչ է կատարվում: Առաջարկվել է նաեւ պարբերաբար տեղեկատվություն տալ քաղաքացիներին. «Մեր ժողովուրդն ասում՝ աչքը տեսածից է վախենում: Ի՞նչ անի ժողովուրդը, երբ 92-ին դրամը փոխվեց մի գիշերվա մեջ: Վախեցած է քաղաքացու աչքը: Պետությունը պետք է երաշխիքներ տա: Այս վիճակը կարելի էր կարգավորել դեռ 1 շաբաթ առաջ:

Aravot.am-ի հարցին՝ այդ արտահերթ նիստի արդյունքո՞ւմ է, որ վիճակը կարգավորվեց, այսինքն, պատգամավորները ինչ-որ խորհո՞ւրդ տվեցին կառավարությանը, որը նրանք չգիտեին: Նա պատասխանեց. «Ես ասեցի՝ ես ստեղից դուրս գամ, ինձ սպասում է մեր քաղաքացին, մեր հարեւանը, իմ բակը, ի՞նչ եմ ասելու: Մեկը հարց է տալիս, թե ասում են՝ 1 դոլարը դառնալու է 1000 դրամ, ես ի՞նչ ասեմ: Պատգամավորը պետք է իր ընտրողներին մեկնաբանի: Մենք այդ նիստի արդյունքում հասանք դրան, որ նշվեց՝ սա սպեկուլյացիա էր: Ասեցին, որ 5-7 տոկոսի շրջանակներում պետք է տարբերությունը լիներ, ոչ թե 30 տոկոսի: Ավելի ճիշտ կլիներ, որ ԱԺ նիստը հրապարակային լիներ, հեռարձակվեր, ազգը լսեր: Այնտեղ գաղտնի բան չեղավ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031