Լրահոս
Օրվա լրահոսը

2014 թվականի ընթացքում Երեւանում 662 թեքահարթակներ են կառուցվել. Քաղաքապետարանն ամփոփում է տարին

Դեկտեմբեր 19,2014 19:20

2014 թվականի ընթացքում մոտ 6.5 կիլոմետր նորաստեղծ ճանապարհ եւ ուղետար կամրջային հատվածներ են կառուցվել այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Նա նշեց, որ 2014 թվականի ընթացքում ճանապարհաշինության ոլորտում ամենառանցքային ձեռքբերումը 5.1կմ երկարությամբ Իսակով-Լենինգրադյան մայրուղու շահագործման հանձնումն էր: Կամո Արեյանը առանձնացրեց նաեւ Վիլնյուսի փողոցի ընդհատված շարունակությունը եւ ավարտը. «1980-ական թվականների վերջին կիսատ էր մնացել Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ եւ 9-րդ զանգվածները միմյանց կապող Վիլնյուսի փողոցի ամբողջական ավարտը: Դա լրջագույն խնդիր էր ստեղծում: 2014  թվականին մեր համաքաղաքային ծրագրերի շրջանակներում մոտ կես կմ երկարությամբ ճանապարհահատվածը բացված եւ հանձնված է շահագործման: Դա եղել է Նոր Նորքի բնակիչների վաղեմի երազանքը, բայց մյուս կողմից այն շատ կարեւորագույն խնդիր է լուծում մայրաքաղաքի վարչական շրջանի տարածքում, որովհետեւ Վիլնյուսի փողոցը նաեւ շրջանցող դեր է կատարում ամբողջ 9-րդ զանգվածի պարագծով: Այսինքն՝ ոչ միայն լուծվեց թաղամասերի միացման խնդիրը, այլեւ մի անգամից դեպի հարակից մարզ դուրս եկող ճանապարհահատվածի խնդիրը»:

Պարոն Արեյանը որպես առանցքային ձեռքբերում նշեց նաեւ Կենտրոն վարչական շրջանի «Հին Երեւան» նախագծի իրացման պատճառով երկար տարիներ չաշխատող Տերյան-Արամ, Ամիրյան-Քոչինյան եւ Բուզանդ-Կողբացի խաչմերուկների բացումը:

Նա ասաց, որ 2014 թվականի ընթացքում հիմնանորոգման են ենթարկվել Երեւան քաղաքի քսաներեք փողոցներ, որոնցից միայն երկուսն են գտնվում Կենտրոն վարչական շրջանում: Ընթացել են նաեւ փողոցների ընթացիկ վերանորոգման եւ ճաքալցման, մայթերի եւ գրունտային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ:

Կամո Արեյանը ընդգծեց, որ 2014 թվականին Երեւանում 662 թեքահարթակներ են կառուցվել, որը գրեթե կրկնակի գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Նա հավելեց, որ այս տարվա ընթացքում շարունակվել է չորրորդ աստիճանի վթարային շենքի բնակիչների վերաբնակեցման եւ շենքերի քանդման ծրագիրը եւ 2015 թվականին քաղաքապետարանը կհանձնի 4 բնակելի շենք:

Այս տարվա ընթացքում ստեղծվել է նաեւ վեց հարյուր բակային տարածք: Կամո Արեյանի կարծիքով, եթե աշխատանքները այս տեմպերով շարունակվեն, ապա 2017 թվականին մայրաքաղաքում կլուծվի բակային տարածքների բարեկարգման եւ կահավորման խնդիրը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031