Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ֆիլմերն առանձնացվել են Քրիստոնեական ֆիլմերի փառատոնում

Դեկտեմբեր 20,2014 13:00

Վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացել է «Նեւսկիյ Բլագովեստ» խորագիրը կրող Քրիստոնեական կինոյի միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնի մասնակիցները ներկայացրել էին 400 ֆիլմ, որոնցից առանձնացվել էր շուրջ 60-ը (Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Լատվիայից, Լեհաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Կորեայից, Իսրայելից): Ֆիլմերի գլխավոր թեման եկեղեցու` մարդկանց ծառայելու խորհուրդն էր, ինչպես նաեւ հրաշքների իրական օրինակներ` կապված մարդու` առ Աստված ունեցած խորագույն հավատի հետ: Հայկական համայնքն առանձնահատուկ ուշադրությամբ դիտեց Հայաստանից բերված ֆիլմերը, որոնց թվում էին ռեժիսոր Կարեն Թովմասյանի եւ պրոդյուսեր, «Տեսակետ» մամուլի ակումբի նախագահ Հովհաննես Գրիգորյանի «Մի նամակի պատմություն կամ Խորհուրդ հավատքի», Գոհար Մարտիրոսյանի` նշանավոր Լազարյանների տոհմի ժառանգներից մեկի մասին պատմող ֆիլմերը: Հայկական ֆիլմերի՝ Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու մշակույթի կենտրոնի լեփ-լեցուն դահլիճում ցուցադրությանը ներկա էին Սանկտ Պետերբուրգի՝ Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայկ Չիլինգարյանը, հայ եւ ռուս համայնքների հոգեւոր աշխարհի ղեկավարությունը, օտարերկրացի հանդիսականներ:

«Մի նամակի պատմություն կամ Խորհուրդ հավատքի» ֆիլմի պրոդյուսեր Հովհաննես Գրիգորյանը մեծապես կարեւորեց Քրիստոնեական կինոյի փառատոնի անցկացումը հատկապես մեր ժամանակներում, երբ ամբողջ աշխարհում մոլեգնում ու ահագնանում են ամենատարբեր արհավիրքներ` պատերազմներ, բնական աղետներ… «Մարդիկ շատ են հեռացել հավատքից, մենք ապրում ենք նյութականով, մինչդեռ իրական հավատն այնպիսի հրաշքներ է գործում, որոնց մասին արժե աղաղակել ի լուր աշխարհի: Մեր ֆիլմը մեր շնորհակալությունն է Տեր Աստծուն այն բանի համար, որ մարդկանց ամենաանհուսալի, ամենածանր իրավիճակներում ճշմարիտ հավատի միջոցով բացվում են անդառնալիորեն կողպված թվացող դռները»,- նշեց նա` շեշտելով, որ իրենց ֆիլմում ցանկացել են հնարավորինս ամբողջական ներկայացնել հավատքի ուժը: «Մի նամակի պատմություն կամ Խորհուրդ հավատքի» աշխատանքը պատմում է այն մասին, թե ինչպես լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ, քաղցկեղով հիվանդ Արմեն Սարգսյանի տիկինը, հիշելով հաշմված ոտքեր ունեցող իր տատիկի հետ կատարված հրաշքի` լիակատար բուժման մասին, որոշում է դիմել Շառլ Ազնավուրին` խնդրելով նրան նորոգել Ախալցխայի Ծղրուտ գյուղի մոտակայքում գտնվող այն մատուռը, որը ժամանակին օգնել էր իր տատիկին: Նամակն ինչ-ինչ պատճառներով Ազնավուրին չի հասնում, սակայն Աստծո կամոք ընկնում է մի այլ ազնիվ հայորդու՝ բարերար, հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանի (Սանկտ Պետերբուրգից) ձեռքը:

Վերջինս չի խուսափում նման պատասխանատվությունից, եւ որոշ ժամանակ անց նրա ջանքերով Վրաստանի Ծղրուտ գյուղի վերոնշյալ մատուռից քիչ հեռու կանգնեցվում է մի խաչքար, որին կատարած ուխտն իսկապես բուժում է հայտնի ֆուտբոլիստին: Այս դեպքից հետո Հրաչյա Պողոսյանի կյանքում շարունակվում է մինչ այդ նրա սկսած աստվածահաճո գործերի շղթան, գործեր, որոնք նա կատարել էր թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում՝ միտում ունենալով խորացնել ու ամրապնդել Սանկտ Պետերբուրգի եւ Երեւանի միջեւ մշակութային ու հոգեւոր կապերը: Նրա շնորհիվ խաչքարեր են կանգնեցվում Խոր վիրապում, Սպիտակի Սուրբ Հովհաննես եկեղեցում, Թբիլիսիի հայկական եկեղեցում եւ Օշականում (վերջին երկուսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին), իսկ Էջմիածնում տեղադրվում են սուրբ Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթեւի արձանները…

ԱՄԱԼՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031