Լրահոս
Օրվա լրահոսը

«Քիչ է մնում մարդկանց վերջին կաշին էլ հանեն»

Դեկտեմբեր 20,2014 14:30

Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, լեզվաբան,
հայագետ Դավիթ Գյուրջինյանն ավելի շատ մտահոգված է ոչ թե դրամի,
այլ հայ մարդու արժեզրկմամբ ու բարոյալքմամբ:

Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, լեզվաբան, հայագետ Դավիթ Գյուրջինյանը Ֆեյսբուքի իր էջում օրերս ցավոտ գրառում էր կատարել. «Անկեղծ ասած` իմ դարդը հիմա դրամի արժեզրկումը չէ, այլ մարդու, հայ մարդու, պաշտոնյայի, մտավորականի, արվեստագետի, աշխատավորի արժեզրկումը եւ բարոյալքումը»:

«Առավոտի» հետ զրույցում պարոն Գյուջինյանը, «փակագծերը բացելով», ասաց. «Այս օրերին դրամի արժեզրկումը դիպչում է հասարակության բոլոր խավերին. հարուստները մի քիչ պակաս շահ են ստանում, աղքատներն ավելի են ունեզրկվում, բոլորը հետաքրքրված են այդ խնդրով, որն իսկապես մեր կենսապայմանների վրա կտրուկ ազդեցություն է ունենում: Սակայն դրանից առաջ տարիներ շարունակ արժեզրկվեց մարդը, մտավորականը «փչացավ», բառը լավը չէ, բայց ստիպված եմ ասել, գիտական աստիճանն ու տիտղոսը հեշտ են նվաճվում ու շնորհվում՝ ում ասես, ով ուզում է, ինչպես ուզում է, նույնիսկ աշխատավոր մարդը արժեզրկվեց, թուլացավ: Մենք այս խնդիրների մասին կարծես ահազանգ չենք հնչեցնում, չենք բարձրաձայնում, որ բարոյական արժեզրկումը շատ ավելի կարեւոր է, բարեկրթության պակասի, միմյանց օգնության ձեռք մեկնելու մասին քիչ ենք խոսում, դա օրակարգային չէ, այնինչ դա է կարեւորը, դա է անդրադառնում այն գործոնների վրա, որոնք մեր կյանքն են ձեւավորում»:

Քանի որ Դավիթ Գյուրջինյանն ընդառաջելով Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի հրավերին՝ վերջերս մեկնել էր Նոր Ջուղա՝ Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Հովսեփ Արեմաթացի եկեղեցու հիմնադրման 350-ամյակին նվիրված գիտաժողովին մասնակցելու ու տեղի հայ ուսուցիչներին վերապատրաստելու նպատակով, նրան խնդրեցինք զուգահեռ տանել՝ արդյոք մեր հարեւան Իրանում գնահատվա՞ծ է մտավորականը, գիտության, մշակույթի մարդը:

«Մեր գիտնականների վիճակը մոտ է մուրացկանների վիճակին, չնայած գիտության ոլորտում էլ ունենք արտոնյալներ, իշխանամերձ, տիտղոսակիր գիտնականներ, մտավորականներ, որոնք մեծարվում ու առաջ են մղվում, բայց առհասարակ մտավորականը գնահատված չէ մեր երկրում, մինչդեռ հարեւան երկրում, եթե մարդը համալսարանի դասախոս է, զբաղվում է երիտասարդ սերնդով, գիտության մեջ գործ է արել, նա ապահով է, արդեն պետականորեն եւ հասարակության շրջանում գնահատված է, այսպես մռայլ ու հոռետես չէ, ինչպես Հայաստանում են: Այդ մարդիկ լարված չեն ապրում, միմյանց նկատմամբ բարեկիրթ եւ ուշադիր են, նկատե՞լ եք, թե ինչքան են նման բաները պակասում Հայաստանում: Այս իրավիճակը՝ թե տնտեսական, թե բարոյահոգեբանական, մեզ դարձրել է այդպիսին: Մարդիկ հեռանում են երկրից ոչ միայն տնտեսական շարժառիթներից ելնելով, այլ հենց մարդկայնության եւ գթասրտության պակասից, բարոյական անկումից, դա ինձ համար ավելի մեծ ցավ է, քան դրամի այսօրվա արժեզրկումը»:

Անդրադառնալով երթուղայինների վարորդների գործադուլներին ու ցույցին, որոնք ուղղված էին գազի թանկացմանը եւ իրենց վրա՝ գծատերերի կողմից դրված «պլանի» ավելացմանը, պարոն Գյուրջինյանը շարունակեց. «Լավ են անում, որ գործադուլ են անում, այդ գծատերերը ոչինչ չանելով են փող աշխատում, կարմիր գծեր քաշողները նույնպես ոչինչ չանելով փող են աշխատում, սա ինչ վիճակ է՝ ունեզրկիր, որքան կարող ես, հարստահարիր, կեղեքիր, ինչքան ուզում ես: Կարծես թշնամի ժողովուրդ է, քիչ է մնում վերջին կաշին էլ հանեն»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Դավիթ Գյուրջինյանի ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ» օրաթերթ
19.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն says:

    Նոր բան չասիր, իբր ինչ?

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031