Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցորենի գործով» քրեական հետապնդումը դադարեցվեց

Դեկտեմբեր 20,2014 15:30
coren

Ներկայացել էր իբր «Էրեբունի-Ալկո» ՓԲ
ընկերության ներկայացուցիչ-գնորդ, առաջարկել էր ցորեն վաճառել

Դեկտեմբերի 16-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ.Գրիգորյանը որոշում է կայացրել Արշակ Ալբերտի Աբրահամյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճել եւ դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը:

Սիսիանի քննչական բաժանմունքի քննիչ Ն. Ստեփանյանի ապրիլի 22-ի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ:

Ըստ գործի նյութերի, Արշակ Աբրահամյանը խաբեության եղանակով գումարներ ձեռք բերելու եւ նախկինում ունեցած պարտքերը մարելու նպատակով, 2009թ. սեպտեմբերին ծանոթացել է ցորենի մշակությամբ զբաղվող Սյունիքի մարզի Շաքի գյուղի բնակիչներ, եղբայրներ Ռազմիկ եւ Վաղինակ Հարությունյանների հետ: Նրանց վստահությունը չարաշահելու եղանակով, հափշտակելու, վաճառելու, գումարը չվերադարձնելու եւ դրանով ունեցած պարտքերը մարելու դիտավորությամբ, նա «խեղաթյուրել է իրականությունը, ներկայացել է որպես «Էրեբունի-Ալկո» ՓԲ ընկերության ներկայացուցիչ-գնորդ, գործարարի տպավորություն թողնելու համար ներկայացրել է նշված ընկերության անվամբ ձեւաթղթերը, ընկերության կարիքների համար ձեռք բերելու պատրվակով 1 կգ ցորենը 110 ՀՀ դրամ գումարով՝ այն հետագայում վճարելու խոստումով, առաջարկել է 20 տոննա ցորեն վաճառել»: Նախաքննության մարմնի ապացույցներով, Ա. Աբրահամյանը նրանցից վերցրել է 1.903.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 17.3 տոննա ցորեն. «Ռազմիկ Հարությունյանի հետ ձեւականորեն կնքել է 1 կգ ցորենը 110 ՀՀ դրամ գումարով՝ 20 տոննա գնման պայմանագիր եւ նախապես վճարել է 500.000 ՀՀ դրամ, ապա մեկ շաբաթ անց տեղափոխել է նաեւ մնացած` 297.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 2.7 տոննա ցորենը»:

Ըստ գործի նյութերի, Ա. Աբրահամյանը խաբեությամբ ձեռք է բերել ընդհանուր 1.700.000 ՀՀ դրամ արժողության ցորեն:

Ի դեպ, հոկտեմբերի 22-ին մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Արշակ Աբրահամյանը դիմում է ներկայացրել դատարան եւ խնդրել իր նկատմամբ կիրառել «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված որոշումն ու կարճել քրեական գործի վարույթը:

Պաշտպան Կ. Սահակյանը խնդրել է բավարարել դիմումը եւ կարճել քրեական գործի վարույթը:

Դատախազը՝ Հ. Կարապետյանը, չի առարկել, նշելով, որ ամբաստանյալի նկատմամբ համաներումը կիրառելու սահմանափակումներ չկան:

Դատարանը նույնպես հանգել է նրան, որ համաներում կիրառելու սահմանափակումներ չկան եւ ամբաստանյալ Ա. Աբրահամյանի նկատմամբ պետք է կիրառել ՀՀ Ազգային ժողովի կողմից 2011թ. մայիսի 26-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 6-րդ կետի 3-րդ ենթակետը եւ վերջինիս նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել եւ հետապնդումը դադարեցնել հետեւյալ պատճառաբանությամբ:

Հիմնավորումներից մեկն այն էր, որ Արշակ Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որով նախատեսված է պատիժ -տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով:

Ըստ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված վերոհիշյալ Համաներման որոշման 6-րդ կետի 3-րդ ենթակետի՝ քրեական հետապնդում չի հարուցվում եւ քրեական հետապնդում չի իրականացվում, ինչպես նաեւ կարճման են ենթակա մինչեւ 2011թ. մայիսի 1-ը կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության մարմինների, նախաքննության մարմինների կամ դատարանների վարույթում գտնվող քրեական գործերը, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ եւ 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, որոնցով սույն որոշման 2-րդ կետում թվարկված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ՝ ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում:

Քանի որ Համաներման մասին ԱԺ որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետի մասին հաճախ են մեր ընթերցողները հարցեր ուղղում, տեղեկացնենք, որ համաձայն նշյալ կետի. «պատժից ենթակա են ազատման, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ եւ 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված այն անձինք, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն»:

Նշենք, որ Արշակ Աբրահամյանը դատարան էր ներկայացրել Կապանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Լ.Գրիգորյանի կողմից տրված 25.04.2013թ. թիվ 60 տեղեկանքը: Այդ տեղեկանքի համաձայն, 07.06.1993թ. մինչեւ 18.11.1994թ. նա ծառայել է ՀՀ ՊՆ թիվ N զորամասում եւ մասնակցել է մարտական գործողություններին հարավային ուղղությամբ, իսկ «ցորենի գործը» կատարել է մինչեւ 2011թ. մայիսի մեկը:

Համաներման ակտի 13-րդ կետի 1-ին «ա» ենթակետի համաձայն՝ որոշման կատարումը վերապահվել էր դատարաններին, քանի որ նրա վերաբերյալ գործը գտնվում էր դատարանում:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031