Լրահոս
Օրվա լրահոսը

Ի վերջո, ի՞նչ կատարվեց փոխարժեքի շուկայում

Դեկտեմբեր 21,2014 22:10

 Վերջին մի քանի օրերին Հայաստանում կարծես երկրաշարժի պես մի բան էր կատարվում: Այո, կատարվածը նմանվում էր երկրաշարժի՝ միայն առանց մարդկային զոհերի, բայց այն ուղեկցվում էր մարդկանց ունեցվածքի մեծ կորուստներով: Նորից գլուխ էր բարձրացրել ճարպկության մրցավազքը: Իհարկե, բազմաթիվ երկրներում, տարբեր ժամանակներում, կախված բազմաթիվ հանգամանքներից, փոխարժեքի տատանումներ միշտ էլ եղել են: Սակայն, այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ վերջին մի քանի օրերին, ոչ մի տրամաբանության չի ենթարկվում: Իհարկե, կարելի է նշել մի շարք արտաքին և ներքին գործոններ, որոնք ուղղակիորեն ազդեցին դոլարի և եվրոյի արագընթաց արժևորման վրա, սակայն աճի նշված արագությունը՝ չափազանց կարճ ժամանակահատվածի կտրվածքով՝ լիովին անբացատրելի է: Օրինակ, մեկ-երկու օրում դոլարի վաճառքի գինը հասավ մինչև 650 դրամի, որը 50 տոկոսից ավելիով գերազանցում է տարիներ շարունակ վաճառված  մեծագույն գինը՝ 430 դրամը: Աբսուրդ հիշեցնող այս երևույթը ցնցել էր Հայաստանի ողջ բնակչությանը՝  արտադրողներին, առևտրականներին, բանկիրներին, մտավորականներին, պաշտոնյաներին, վարորդներին, մի խոսքով՝ բոլոր-բոլորին և հայկական ճկուն միտքը ոչ մի կերպ չէր կարողանում՝ անգամ փոքրիկ բացատրություն տալ տեղի ունեցածին: Համատարած թևածում էր խառնաշփոթը: Համոզված եմ, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր կարծում էին, որ վերջապես եկել է հարմար պահը, երբ իրենք կարող են պղտոր ջրում ձուկ որսալ և չափազանց շտապողաբար՝ հազար ու մի կապեր օգտագործելով, «շուստրիաբար» հավաքում էին դոլարներն ու եվրոները, նույնիսկ նրանք՝ ժամանակի սղության պատճառով (վալյուտայի թռիչքի արագությունը շատ ավելի մեծ էր, քան նրանց շուստրի մտքի հաշվարկների արագությունը), չկարողացան՝ ոսկերչական ճշտությամբ հաշվարկել իրենց կատարած առ ու վաճառքի օգուտները: Ժամանակի սղությունը նրանց թույլ չէր տալիս՝ անգամ մտածել, թե արդյո՞ք ճիշտ են վարվում, որ արագորեն սղոսկում են այդ մեծամասշտաբ հրդեհի քուլաների մեջ: Հատկապես տարօրինակ էր առևտրականների պահվածքը: Նրանք արագորեն հավաքում էին ապրանքների մի մասը, աչքաչափով մյուս մասի գներն էին բարձրացում, իսկ գնորդները՝ ժողովուրդը,  չգիտեր ինչ անել: Գնորդների մի մասը միջոցներ չուներ՝ մինչև ապրանքների հավաքելը կամ գները բարձրացնելը, ցանկալի գնումները կատարել, իսկ ունևորները արագ գնում էին անհրաժեշտ և ոչ անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի առաջիկա օրերին՝ գոնե չսովահարվեն: Ամենուրեք՝ տանը, փողոցներում, տրանսպորտում և մնացած բոլոր վայրերում լոկ մի խոսակցություն էր պտտվում՝ վալյուտայի թռիչքի վարքագծի ընթացքի մասին: Չափազանց տարօրինակ մի խոսակցության հանդիպեցի երթուղայինի մեջ, որից մի փոքրիկ հատված փորձեմ մեջբերել: Մեծահասակ մի տղամարդ հեռախոսով այնքան բարձրաձայն ու նյարդայնացած էր խոսում, որ ակամայից բոլոր ուղևորների ուշադրությունը սևեռվել էր նրա վրա.

  • իննսուն, իննսուն,…, չես լսու՞մ, իննսուն…
  • հավանաբար, մյուս զրուցակիցը հարցնում էր. չորս հարյուր…, իսկ սա այստեղից գոռում էր. հինգ հարյուր, հինգ հարյուր… և մի քանի վայրկյան զրուցակցին լսելուց հետո, սա գոռալով ասում էր. չորս հարյուրը… շատ վաղուցվա բան ես ասում և մի գլուխ նորից գոռում էր. հինգ հարյուր,…, հինգ հարյուր…

Այս խոսակցությունը՝ ոչ այլ ինչ է, քան ողբերգություն: Մեկ-երկու օր տպավորությունն այնպիսին էր, որ, կամ իշխանություններն ընդհանրապես տեղյակ չէին փոխարժեքի տատանումներից, կամ բացարձակապես չէին կողմնորոշվում, թե ինչպես կարելի է դուրս գալ ստեղծված վիճակից. ինչպես կարելի է դանդաղեցնել կամ  կանգնեցնել դոլարի ու եվրոյի վայրի՝ սրընթաց շարժը: Համենայնդեպս, իշխանությունները քար լռություն էին պահպանում և բառ անգամ չէին արտասանում: Կարծես, սպասում էին հարմար պահի: Իսկ, թե երբ էր գալու այդ պահը, ոչ ոքի հայտնի չէր: Ժողովուրդը՝ զուգահեռաբար իր զարմանքն էր արտահայտում իշխանությունների և կենտրոնական բանկի լռության կապակցությամբ: Շատերը նույնիսկ հումորով ասում էին. Կարո՞ղ է իշխանություններն ու կենտրոնական բանկի ղեկավարությունը թաքուն հրաժարական են տվել: Նրանցից մեկն էլ ասաց. տղերք, չկա չարիք՝ առանց բարիքի: Այսինքն, դրանով ի՞նչ ես ուզում ասել,-խոսողին հարցրեց մեկ ուրիշը: Նա էլ պատասխանեց. համա… շատ միամիտն ես, հա: Չես հասկանու՞մ, որ եթե դոլարի և եվրոյի այս կատաստրոֆիկ թռիչքը չլիներ, ապա ինչու՞ պետք է իշխանությունները և կենտրոնական բանկի ղեկավարությունը հրաժարական տային…

Փաստորեն, դրամի շեշտակի արժեզրկումը տեղի ունեցավ 1-2 օրում՝ դոլարի վաճառքի գինը 410-420 դրամից հասնելով 650 դրամի: Երեկ՝ օրվա վերջին, դոլարը գնում էին մոտ 435-445 դրամով, վաճառում՝ մոտ 455-465 դրամով: Կարծում եմ, թվերը շատ խոսուն են և ամեն ինչի մասին ասում են: Խոսակցություններ են տարածված, որ մի շարք պաշտոնյաներ՝ վերջին օրերին գնել են մեծ քանակությամբ արտարժույթ՝ հետագայում ավելի թանկ գնով վաճառելու նպատակով: Համոզված եմ, որ դա հենց այն մի շարք գործոններից մեկն է, որը մեծ չափով նպաստեց խուճապի ձևավորմանը:  Քանի որ, դոլարը և եվրոն չափազանց արագ արժևորվեցին, այդ դեպքում ինչ պետք է անեն այն մարդիկ, ովքեր մեծ քանակությամբ արտարժույթ են գնել և բնականաբար չեն հասցրել՝ ամբողջը կամ նույնիսկ մի մասը վաճառել: Չէ՞ որ իրենց գնած արտարժույթն արագ արժեզրկվում է: Բնականաբար, այդ մարդիկ չգիտեն ինչ անել. Վաճառե՞ն,  թե՞ պահեն իրենց մոտ եղած արտարժույթը, որ գնել են թանկ գնով: Եթե սկսեն վաճառել, ապա այդ մեծ հոսքերից դրամը դարձյալ կարժևորվի և իրենք սարսափելի մեծ կորուստ կունենան: Երևի այստեղ են ասել. խելացի աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում: Սա մի վիճակ է, որն այդ մարդկանց կհասկացնի, որ ագահությունն ու չափազանց ճարպկությունը՝ ևս կարող են վնասներ պատճառել: Հավանաբար, այդ մարդկանց մի ճանապարհ է մնում. մի քիչ համբերել և նորից աժիոտաժ ստեղծել, թե իբր արտարժույթը նորից թանկանում է, որպեսզի մարդիկ ստիպված՝ խուճապահար՝ նորից թանկ գնով գնեն նրանց մոտ եղած այն արտարժույթը, որը նրանք գնել էին թանկ գնով, որպեսզի արդյունքում՝  գոնե ոչ-ոքի դուրս գան:

Ասվածից եզրակացություն. արտարժույթի թռիչքին նպաստող որոշ բնականոն գործոնների կողքին, եղան նաև արհեստական գործոններ, որից.

  • որոշ շուստրիներ՝ ժողովրդի հաշվին դարձյալ փորձում էին մեծագույն օգուտներ ստանալ;
  • պետք էր դոլարը՝ 410-415 դրամից հասցնել մինչև 450-460 դրամ, որն այլ ճանապարհով, քան տեղի ունեցածը, հնարավոր չէր, քանզի կհանդիպեր ժողովրդի դիմադրությանն ու դժգոհությանը;
  • իշխանությունները ժողովրդին ցույց տվեցին հերոսական օրինակ. մեկ օրում դոլարը՝ 650 դրամից իջեցրին իրենց ցանկալի գնին՝ 450-460 դրամ, որն այլևս չի իջնի՝ չհաշված հնարավոր փոքրիկ տատանումները:

Այս ամենի արդյունքում տեղի ունեցավ ամենաահավորը: Ժողովրդին արդեն ընտելացրել են այն բանին, որ ամեն անգամ՝ արտարժույթի անբնական աճի դեպքում,  ապրանքների գներն անմիջապես՝ համարժեք չափով աճում են և այն հարաբերականորեն կայունացնելուց հետո, նույն ապրանքների գները՝ չնչին չափով են իջեցնում: Կարծում եմ, այս անգամ ևս նույնը կլինի…

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Էմմա says:

    Ու ես բարկացա իմ ուժերի ամբողջ պաշարով, ինչ է կատարվում…իրական պատճառները ժողովուրդս չի հասկանա, բայց մի բան հաստատ կարող եմ ասել քոռ դանակով մեզ սպանում են ու կամացից….ակամաից հիշեցի 1993 թվականը,չնայած այն հանգամանքին որ նոր էի ծնվել, բայց հիշեցի,,,, երբ սոված ու անլույս պատերազմական իրավիճակում էինք ու հույսներս կորցրած երկրից հիասթափված հեռուն էինք նայում: Հիմա լույս ունենք, պատերազմ կարելի է ասել չկա, բայց անհույս ենք, իսկ բոլոր պատուհանները փակվել են: Երկրումս տիրում է թանկացումներ աշխատանք չկա, եթե կա էլ աշխատանքի դիմաց վարձատրող չկա:Հոգնել եմ…Ապրել եմ ուզում….Ապրել ոչ թե գոյատևել,,,Ապրել ուրախ մարդկանց աչքերին նաելով:Ու չապրել խանութից բարկացած. չարացած հայացքներով դուրս եկող մարդկանց երեսին նայելով:Ապրել եմ ուզում ծախսելով աշխատած գումարը, ոչ թե վարկով վերձած անհայտ արտադրության թանկ դոլարները..
    Ու մեր ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆը մեզ պատրաստվում է իր ամանորյա սեղանին դնել ու ուտել,,,,դե երևի կառավարությաւնն էլ գիտի, ականջով լսած կլինի, որ ապրուստի միջոցի գինը բարձր է, մարդն էլ մսից է կուտի հետո կխմի մեր արյունը ու մի կենաց <>…:
    Իրենք են իրենց գործերը մերսեդեսները ու հետեվներից գնացող ջիպերը…մենք են մեր հազիվ գոյատևող մարմինը ու մեր ետևից ընգած կառավարությունը…
    Ու մինչ նոր տարվա սեղանի շուրջ հավաքվելը եկեք խմենք սոված կառավարության կենացը, որ իջքան հնարավոր է շուտ՝ միջև նոր տարի, շաքար ստանա ու ժողովրդիս քաղցր մսին էլ չկարենա ձեռք տա…

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հետաքրքիր ազգ եք. 5000 դրամով պատգամավոր ու քաղաքապետ եք «ընտրում» ու ուզում բարեկեցիկ ապրե՞լ: Էհ, էդ ու՞մ վրա եք մունաթ գալիս:

    Դա դեռ սկիզբն է. ռուսական ռուբլին որ փլվի , էն ժամանակ «երկրաշարժ» կտեսնեք:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031