Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. «Ես կաջակցեմ Գագիկ Ծառուկյանին, Գագիկ Ծառուկյանը կաջակցի Արթուր Բաղդասարյանին»

Դեկտեմբեր 22,2014 18:24

Այսօր հրավիրած ասուլիսում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ Հայաստանում էլ կան խոշոր ֆինանսական ռեսուրսների տիրապետող քաղաքական գործիչներ, ինչպես Իվանիշվիլին: Հարցին՝ ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանին ներկայացնում է որպես Հայաստանի Իվանիշվիլի, արդյո՞ք ՕԵԿ-ը պատրաստ է աջակցելու Գագիկ Ծառուկյանին՝ դառնալու Հայաստանի Իվանիշվիլի` նա պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանն արտահայտել է իր մոտեցումը, որ նա իսկապես ուզում է ՀՀ-ում իրականացնել փոփոխություններ, որ նա իսկապես դժգոհ է այսօր ստեղծված իրավիճակից: Այդ հարցում մենք դաշնակիցներ ենք Գագիկ Ծառուկյանի հետ: Մեր վերջին հանդիպման ընթացքում խոսել ենք այդ մասին նույնպես: Ես կաջակցեմ Գագիկ Ծառուկյանին, Գագիկ Ծառուկյանը կաջակցի Արթուր Բաղդասարյանին, մենք բոլորս իրար կաջակցենք: Սա անհրաժեշտություն է՝ Հայաստանում փոփոխություն մտցնելու համար: Մարդիկ չեն կարողանում ապրել, մարդկանց վիճակն իսկապես շատ ծանր է: Ես գնում եմ գյուղերում, քաղաքներում մարդկանց հետո խոսում եմ, թշվառագույն վիճակում են: Այսօր Հայաստանի 90 տոկոսը վարկի տակ է, չեն կարողանում վճարել»:

Նա ասաց, որ երկրում իսկապես աղետալի վիճակ է՝ Նոր տարու նախաշեմին. «Հիմա Սամվել Ալեքսանյանն ինչ-որ տոկոսներով քարտեր է բաժանում, որ մարդիկ Նոր տարի անեն: Մի կողմից լավ բան է անում, բայց մյուս կողմից մարդն ինչ թշվառության մեջ է»:

Ըստ Արթուր Բաղդասարյանի, այդ վիճակը չի կարող շարունակվել՝ թելը բարակում է, մի օր պետք է կտրվի: Նա հայտարարեց. «Հայաստանում իշխանափոխությունը քաղաքական անհրաժեշտություն է: Եվ այդ իշխանափոխությունը անպայման լինելու է»:

Դիտարկմանը, որ իշխանափոխությունը  բերելու է նաեւ Սերժ Սարգսյանի պաշտոնազրկմանը, Դուք ցանկանո՞ւմ եք դա՝ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը 2 տարի հետո ավարտում է իր պաշտոնավարումը: 2017-ի կեսերից սկսվում է պայքարը: Ես դեմ եմ ընդհանրապես ՀՀ-ում ցնցումներով գործադիր իշխանության փոփոխության, որովհետեւ դա լավ նախադեպ չի: Սերժ Սարգսյանն ավարտում է պաշտոնավարումը: Նա չի կարող դառնալ ՀՀ նախագահ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031