Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյունաբքի տակ մնացած գյումրեցիները Շիրակի մարզպետին ստիպեցին Սուրբ ծննդյան օրով անգամ գալ աշխատանքի

Հունվար 06,2015 20:41

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն Aravot.am-ին տեղեկացրեց,  որ  Բավրայից  դեպի Նինոծմինդա ընկած ճանապարհահատվածում ձյունաբքի պատճառով  արգելափակված մեքենաների  ուղևորների մեծ մասը գյումրեցիներ են, որոնցից  շատերն իրենց  միջամտությամբ ու անմիջական օգնությամբ  արդեն վերադարձել են Հայաստան, մի մասը Վրաստանի Գորելովկա գյուղում են ապաստանել, մյուսները՝ Ախալքալաքում:

Ըստ Ֆելիքս Ցոլակյանի,  Բավրայից  10 կիլոմետր այն կողմ՝ տարբեր հատվածներում ձյունաբուք, մառախուղ է,  ուստիև նա  հորդորեց ուղևորներին  վաղն անգամ չմտածել Վրաստան ճանապարհ ընկնելու մասին: Ըստ մարզպետի, իրենք  հեռուստատեսությամբ արդեն իսկ հնչեցրել են  նախազգուշական հայտարարություն:

Ֆելիքս Ցոլակյանը, որը Սուրբ Ծննդյան օրն անգամ ստիպված էր եղել գալ  աշխատանքի, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը  խորհրդակցելով  ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանի հետ, Վրաստանի պառլամենտի պատգամավոր Սամվել Պետրոսյանին առաջարկել է տեխնիկա ուղարկել Հայաստանից, քանի որ, ըստ նրա,  հայկական տեխնիկան ավելի հզոր է  ձյունաբքի դեմ պայքարելու հարցում:

Թե քանի ուղևոր են մնացել ճանապարհին, թիվը հստակ չգիտեն,  սակայն մարզպետը հավաստիացրեց, որ Բավրայի  հատվածից մինչև Գյումրի ճանապարհները մաքրված են: «Մեր հատվածում մենք  տեր ենք լինում»,- ասաց  Ֆելիքս Ցոլակյանը:

Նրա տեղեկացմամբ,  իրենք մարզպետարանում հերթապահություն  են սահմանել, հերթապահը կապվելով բոլոր գյուղապետերի հետ՝ խնդրել է անմիջապես տեղեկացնել արտառոց դեպքերի մասին:

Նշենք, որ ըստ ԱԻՆ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության,  հունվարի 6-ին ժամը 09.04-ին ահազանգ է ստացվել, որ Վրաստանի Հանրապետությունում` «Բավրա» սահմանային անցակետ չհասած, ձյան մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն: Ժամը 09.04-ից մինչև 10.30-ը ՀՀ քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ մոտ 160 մարդատար ավտոմեքենա միևնույն տարածքում՝ Գորելովկա  գյուղի մոտակայքում (գտնվում է Վրաստանի Հանրապետության տարածքում), գտնվում է արգելափակման մեջ: Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից տեղեկացրել են, որ վերոնշյալ հատվածում աշխատում են ՆԳՆ ստորաբաժանումները և հատուկ տեխնիկա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031