Լրահոս
Օրվա լրահոսը

«Արեւելքն» ու «Արեւմուտքն» իրար չեն փոխի

Հունվար 14,2015 12:00

Ամեն մեկը կզարգանա իր արժեքային համակարգի շրջանակներում

Երբ տեղի են ունենում ողբերգական իրադարձություններ, որոնք ցնցում են ամբողջ աշխարհը, իսկույն տարբեր կողմերից քարոզիչները փորձում են դրանցից օգուտ քաղել: Ֆրանսիական «Շառլի էբդո» շաբաթաթերթում իսլամական ֆունդամենտալիստների կողմից իրականացված ոճրագործությունը հենց այդպիսի իրադարձություն էր: Իսլամի հակառակորդները պնդում են, որ հենց այդ կրոնն է ահաբեկչություն ծնում, Եվրոպայի հակառակորդները հավաստիացնում են, որ «փչացած» եւ «անաստված» եվրոպացիներին դա «հասնում էր»՝ ինչո՞ւ էին ծաղրում կրոնական սրբությունները: Ռուսամետներն ասում են, որ ահաբեկչությունը կազմակերպել են ամերիկյան հատուկ ծառայությունները, իսկ հակառուսները վստահ են, որ այդ ամենի հետեւում կանգնած է Պուտինը: Մարազմատիկ վարկածների պակաս, բնականաբար, չկա: Քիչ է մնում՝ ՀԱԿ-ը հայտարարի, որ ահաբեկչության ողջ պատասխանատվությունն ընկնում է «սարգսյանական ռեժիմի վրա», իսկ Էդուարդ Շարմազանովը ակնարկի, որ այս իրադարձություններում զգացվում է հայաստանյան որոշ անպատասխանատու ուժերի ձեռագիրը:

Իրականում այս բոլոր «ընդհանրացումները» որեւէ հիմք չունեն: Մահմեդականությունը նույնքան կապ ունի ահաբեկչության հետ, որքան քրիստոնեությունն ու հուդաիզմը կամ, ասենք, կոմունիզմը, սիոնիզմը եւ ազատականությունը: Պատահական չեն հենց իսլամի ներկայացուցիչների խիստ դատապարտող խոսքերը ահաբեկիչների հասցեին: «Կրոնական արմատական խմբերը, որոնք թաքֆիրիական գաղափարախոսության հետեւորդներն են, ավելի մեծ վիրավորանք են հասցնում Մուհամեդ մարգարեին, քան նրան հեգնող արեւմտյան ծաղրանկարիչները»,- ասել է «Հըզբոլլահ» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլահը, որն, ինչպես հայտնի է, Մայր Թերեզան չի, բայց բոլոր դեպքերում ցանկանում է սահմանազատվել ոճրագործներից: Անդերս Բրեյվիկը, ինչպես հայտնի է, քրիստոնյա էր, բողոքական, սակայն ոչ մեկի մտքով չի անցնում պնդել, որ հենց այդ կրոնն է կամ այդ կրոնական համայնքն է իր միջից ծնել 77 հոգու կյանքից զրկած ահաբեկչին:
Պարզապես պետք է հաշվի առնել մի սկզբունքային տարբերություն: Եթե որեւէ թերթի լրագրող անհարգալից արտահայտվի, ասենք, Պողոս առաքյալի կամ Հովհաննես Մկրտչի մասին, դա քրիստոնյաների կողմից կընկալվի որպես թերթի լրագրողի մասնավոր կարծիք, որը թեեւ դատապարտելի է, բայց մնալու է անհատական, անձնական տեսակետի «մակարդակի վրա»: Բայց եթե նույն թերթի լրագրողն այդպես արտահայտվի Մուհամեդ մարգարեի մասին, դա մահմեդականների կողմից կընկալվի որպես անարգանք՝ ուղղված ամբողջ իսլամական աշխարհին: Որովհետեւ այդ աշխարհի գաղափարախոսության մեջ անձ, անհատ, որպես այդպիսին, գոյություն չունի: Դա ոչ առավելություն է, ոչ էլ թերություն: Պարզապես տարբեր համակարգեր են:

Եգիպտոսը, Սիրիան կամ Իրաքը երբեք Ֆրանսիա կամ Գերմանիա չեն դառնա: Արեւմտյան արժեքների ներմուծումը, որի անկեղծ կամ, ավելի հավանական է՝ «կեղծավոր» փորձեր են արվում, դատապարտված է: Բայց, մյուս կողմից, Ֆրանսիան եւ Գերմանիան էլ այլեւս երբեք դիմագիծը չեն փոխի, որովհետեւ նրանց ուժը ժողովրդավարության, խոսքի ազատության, մշակութային բազմազանության մեջ է: «Շառլի Էբդոյում» տեղի ունեցած ահաբեկչությունը ի վիճակի չէ դարձնել Ֆրանսիան ավտորիտար երկիր, որտեղ գործում է պետական գրաքննությունը: Ճիշտ այդպես էլ Բրեյվիկի ոճրագործությունը որեւէ ձեւով չշեղեց Նորվեգիան իր ընտրած ճանապարհից: Ինչպես անհատների, այնպես էլ «Արեւմուտքի» եւ «Արեւելքի» դեպքում իրար «դաստիարակելու» ջանքերն անիմաստ են, պարզապես պետք է գտնել համակեցության ձեւեր:

Հիշենք, թե որքան է «հոկտեմբերի 27-ից» հետո փոխվել Հայաստանը: Դա վկայում է մի բանի մասին. ի տարբերություն Ֆրանսիայի կամ Նորվեգիայի՝ մենք «չվերադառնալու կետը» դեռ չենք անցել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Աբո says:

    «Մահմեդականությունը նույնքան կապ ունի ահաբեկչության հետ, որքան քրիստոնեությունն ու հուդաիզմը»,իսկ ինչու՞են մարդկանց սպանելուց գոռում ալահ:Նույն ձևով ռուսները ասում են,որ ՈՒկրաինայում իրենք չեն կռվում:
    Բրեյվիկը մարդասպան է,բայց նա այդ ձևով փորձեց Նորվեգիայի օրենսդիրներին հասկացնել,որ չի ցանկանում իր երկրում դառնալ երկրկոդ որակի քաղաքացի,այն ինչ կատարվում է հինա Եվրոպայում տեղաբնակնեի հետ:
    Եվրոպացիներին թվում էր,որ ապահովելով մահմեդական եկվորներին բարեկեցիկ կյանք,նրանք, կամ էլ գոնե նրանց երեխաները,կդառնան Եվրոպայի լիարժեք քաղաքացիներ,պարզվեց սխալվեցին,նրանց միայն մոտ քսան տոկոսը ընդգրկվեցին,իսկ մյուսները հակառակ փորձում են Եվրոպան սարքել մահմեդական երկիր և այնտեղ հաստատել իրենց մահմեդական օրենքները:

  2. Արսեն says:

    Բացառիկ հաջողված հոդված էր… ունեք պոտենցիալ հնարավորություն՝ դուրս գալ ձեր առաքելա-Կոմիտասա-նարեկացիական թմբիրից, ազատել ձեր ուղեղը «հայրենասիրական» թույնից, և մնացածի ուղեղները «ամեն ինչ հրաշք է իրական» (կամ երևակայական..)))..) նարկոտիկով բթացնելու գայթակղությունից…
    Մնում է ցանկանաք .. և աշխատեք…
    Ամեն ինչ աշխատանք և պայքար է՝ գիտակցված և բանակցված ..)))..

    • Արսեն says:

      Մի փոքր ուղղում՝ համենայնդեպս…
      «Հոկտեմբերի 27-ը»՝ բեկումնային կետ չէ Հայաստանի պատմության մեջ…
      Ոչ Կարեն Դեմիրջյանը, ոչ Վազգեն Սարգսյանը ժողովրդավարական արժեքներ կրող չէին …
      Ընդհամենը շակալների մի խումբը վերացրեց մրցակից շակալների խմբին..
      «Միջշակալային» հարցերի լուծման դասական շրջանակներում…
      Ժողովրդավարությունը և ամբոխից մարդու առաջացման, քաղաքացի դառնալու և պետության անհրաժեշտության գիտակցումը՝ դեռ գալու է … եթե կգա…
      Դրա համար՝ դուք, հատկապես ԴՈՒՔ Ա. Աբրահամյան՝ պետք է աշխատեք… և թող ոչ մի զոհ չպահանջվի Ձեզանից բացի…))..

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031