Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ էր և ինչո՞վ էր զբաղված Գյումրու քաղաքապետը իր քաղաքում կատարված ողբերգության ժամանակ

Հունվար 16,2015 20:46

Ավետիսյանների ընտանիքի սպանդի ժամանակ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը բացակայում էր քաղաքից, նա մեկնել էր  ԱՄՆ՝ Գլենդելի  քաղաքապետ Զարեհ Սինանյանի պաշտոնական հրավերքով, պատրաստվում էին  հուշագիր ստորագրել: Սակայն, Լաս Վեգասում լսելով այս ողբերգության մասին՝ անմիջապես տոմս է գնել ու վերադարձել: Իր այսօրվա մամուլի ասուլիսը որոշակի բացատրություններ ներկայացնելով  սկսեց Գյումրու քաղաքապետը, որին երեկ Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց բառի իսկական իմաստով խայտառակ արեցին ցուցարար գյումրեցիները՝ պարբերաբար գոչելով. «Ո՞ւր ես քաղաքապետ, կա՞  քաղաքապետ էս քաղաքում…»:

Նկատենք, որ Սամվել Բալասանյանը նրանց մոտ եղավ ավելի ուշ: Ու չնայած պարոն Բալասանյանի երկու տեղակալները՝ Ռուբեն Սանոյանն ու Վաղարշակ Մխիթարյանը  քաղաքում տեղի ունեցող ամեն մի միջադեպին ու միջոցառմանը պարտաճանաչորեն մասնակցել են, սակայն քաղաքագլխի  բացակայությունը չէր վրիպում ոչ մեկի ուշադրության կենտրոնից: Բազմաթիվ քննադատություններ հնչեցին նրա հասցեին, թե Գյումրու համար վճռական պահերին քաղաքապետը տեղում չէ:

Ամենայն հավանականությամբ այդ պատճառով էլ այսօր Գյումրու քաղաքապետը ստիպված եղավ մամուլի ասուլիս հրավիրել ու    բացատրություն տալ գյումրեցիներին, թե ինչու ինքը Գյումրիում չէր: Նա բավական մանրամասն խոսեց ԱՄՆ կատարած իր ճամփորդությունից, այնտեղ  պլանավորած իր հանդիպումներից, Քըրք Քըրքորյանի հետ ծանոթություն հաստատելու իր ցանկությունից:

Ինչևէ, լրագրողները քաղաքապետից հետաքրքրվեցին, թե կարիք չկա՞   արդյոք վերանայել ռուսական ռազմաբազայի տեղակայության հարցը Գյումրիում: Ի դեպ, նշենք, որ Սուրբ Նշան եկեղեցում Ավետիսյանների հոգեհանգստի կարգի ժամանակ Շիրակի հոգևոր առաջնորդ Միքայել Աջապահյանը հայտարարել էր՝ եթե կա այս քաղաքում մի հաստատություն, որ վնաս է մեր ժողովրդի անվտանգությանը, այդ հարցը պիտի քննարկվի: Սակայն, ըստ Սամվել Բալասանյանի, ինքը՝ որպես քաղաքապետ, վերանայման կարիք չի տեսնում, քանի որ ռուսական ռազմաբազան վաղուց է տեղակայված Գյումրիում: Նա նաև ակնարկեց, որ այդ հարցը մեկ-երկու կարծիքով կամ հասարակական  քննարկմամբ լուծվելու հարց չէ:

Aravot.am-ը քաղաքապետից հետաքրքրվեց, թե գոնե  կբարձրացնի՞   Գյումրիում տեղակայված ռազմաբազայում թափթփուկ ոճրագործներին ծառայության չուղարկելու պահանջ: Մենք նաև հիշեցրեցինք, որ առաջին դեպքը չէ, երբ  ռուս զինվորականները՝  զենքը ձեռքերին, սպանդ են իրականացնում մեր քաղաքում: Նման մի դեպք եղել է 1999 թվականին, երբ ռուս հարբած զինվորականները արյունահեղություն են կատարել Գյումրու կենտրոնական շուկայում՝ սպանելով ու վիրավորելով այնտեղ կանգնած գյումրեցիներին: Նշենք, որ գյումրեցիներից  շատերի համոզմամբ էլ, ՌԴ-ից մշտապես Գյումրի են ուղարկվում այնպիսի զինծառայողների, որոնք մեծամասամբ աղքատ, չտես  ընտանիքներից են: Նրանց  ուղարկում են որպես աքսոր:

Գյումրու քաղաքապետը  հորդորեց հանցագործի ազգությունը չշեշտել, ըստ նրա հանցագործը դավանանք չունի, հետևաբար և չարժե ասել ռուս կամ վրացի:  Քաղաքապետը խնդրեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին այս հարցում հայ-ռուսական հարաբերություններ չմեջբերել, հանցագործություն է կատարվել, որը խստորեն  պիտի պատժվի: «Մեր պահանջ այն է, որ մնա մեր հանրապետությունում և մեր դատարանում, և պատժվի մինչև վերջ, և լինի թափանցիկ, մեզ համար հասկանալի: Խնդրում եմ  ռուս-հայկական հարաբերությունների մեջ, որը դարերով  եկել է, սեպ չխրենք մեկ դեպքի հետ կապված, կամ երկու դեպքերի հետ կապված: Դեպքեր շատ են եղել ռուս զինվորականների կողմից, պատժվել են: Սա էլ պիտի խստորեն պատժվի, և սա թող դաս լինի բոլոր այն զինծառայողներին, որոնց բերում են Գյումրի: Հրամանատարական կազմը ևս ունի իր մեղավորությունը: Ինչպե՞ս կարող է պոստին կանգնած զինվորը ավտոմատով դուրս գալ նման հանցագործություն կատարել», -ասաց քաղաքապետը:

Այն հարցին էլ, թե ի՞նչ օգուտ է տալիս զինվորական ռազմաբազան Գյումրիին  բացի վնասից, երբ 50 հեկտար տարածք զբաղեցնելով՝ քաղաքային բյուջեին գումար չի տալիս, չհաշված միջադեպերը՝ 1999 թվականի դեպքերը, Վահրամաբերդում ականի պայթյունից երեխաների զոհվելը: Քաղաքապետն այն կարծիքը չկիսեց, ասաց, որ հարցը տեղին չէ: Ըստ նրա, լուրջ ֆինանսական շրջանառություն կա ի շնորհիվ ռուսների, քանի որ նրանք օգտվում են տարբեր սպասարկման օբյեկտներից, իրենց ստացած գումարը ծախսում են Գյումրիում:

Իսկ վերջին երկու օրվա դեպքերի հետ կապված Սամվել Բալասանյանը  նշեց, որ ինքը մեծ ցանկություն ուներ միանալու 102-րդ ռազմաբազայում իրենց  բողոքի ձայնը բարձրացնող գյումրեցիներին, սակայն թռիչքի խնդիր առաջացավ ու չկարողացավ հենց  այդ պահին հասնել Գյումրի: Գյումրու քաղաքապետն անդրադարձավ նաև երեկվա դեպքերին՝ իր մտահոգությունը հայտնելով այն մասին, թե ինչպես եղավ, որ գյումրեցիների մի մաս Շիրակի դատախազությունում հավաքված մասսայից անջատվեց ու գնաց ռուսական հյուպատոսարանի  շենքի վրա:«Շատ զարմանալի էր երեկվա ընդհարումը, մենք հավասարակշռված, զսպված մարդիկ ենք, մենք երկրաշարժ ենք տեսել, մենք 25 հազար զոհ ունեցանք, մենք կարողացանք դիմակայել…Երբ հիշում եմ՝ ինչ վիճակ էր Գյումրիում երկրաշարժի օրերը, էդ ժամանակ շատ հավասարակշիռ պահեցինք մեզ: Մեր դեպքը, որ տեղի ունեցավ երեկ, ուղղակի արտառոց էր բոլորիս համար: Ես չէի սպասում, ինքնաբուխ  հավաք, բնականաբար պիտի հավաքվեին. էսպիսի դաժան դեպք, երբեք էսպիսի բան չի եղել, սա ցնցեց ամբողջ Գյումրին, պետությունը»: Ըստ նրա, եթե ինքը լիներ Գյումրիում, միանշանակ իր ժողովրդի կողքին կլիներ, քան որ գյումրեցին թասիբ ունի:

Նկատենք, որ Գյումրու քաղաքապետը հաշվեհամար է բացելու Ավետիսյանների ողջ մնացած փոքրիկի  համար, նա միանգամից իր 3 ամսվա աշխատավարձն է փոխանցելու:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Սա դեռ քաղաքապետը: Իսկ որտե՞ղ է երկրի՛ նախագահը. կա՞:

  2. Արթուր Ղազարեան says:

    «կրիտիկական» բառի փոխարէն վստահ կարելի է գրել ՎՃՌԱԿԱՆ:

    Փորձենք հասկանալ՝ ինչ կապ ունեն ՎՃԻՌ եւ ԿՐԻՏԻԿԱ բառերը:

    Կրիտիկա բառը ծագում է յունարէն κριτικός (կրիտիկօ՛ս) ՔՆՆԱԴԱՏ բառից, իսկ κρίνω (կրինօ) նշանակում է ԵՍ ԴԱՏՈՒՄ ԵՄ:

    Աստուածաշնչի գրքերից մէկը («ԳԻՐՔ ԴԱՏԱՒՈՐԱՑ») յունարէն կոչւում է Κριτές (կրիտէ՛ս):
    Կարծում եմ՝ հեշտ է այժմ կռահել ԿՐԻՏ (ԴԱՏ) եւ ՎՃԻՌ բառերի կապը:

    – – – – – – –

    Քաղաքապետին փոխանցէք, որ «պոստ, ավտոմատ, մասսա» բառերը հայերէն չեն:

    – – – – – – –
    Ի ՇՆՈՐՀԻՒ

    Սա սխալ է: Պէտք է պարզապէս ասել «շնորհիւ», որը գրաբարեան ՇՆՈՐՀ բառի եզակի գործիական հոլովն է: Այսինքն՝ նոյնն է, թէ աշխարհաբար շնորհՈՎ:

    շնորհիւ – շնորհով
    հացիւ – հացով
    բանիւ – բանով

    Գրաբարի Ի նախդիրը գործիական հոլովով բառակազմութիւն չունի:

    Մի առիթով սա մէկին բացատրում էի: Էս տղան լուրջ դէմքով «հակադարձրեց» ինձ՝ բա ինչո՞ւ ենք ասում «ի պատիւ» 🙂

    – – – – – – –

    Հաճելի հանգստեան օրեր, շաբաթ-կիրակին արդէն սկսուել է: Աստուած պատուիրել է հանգստանալ շաբաթ օրը,, 🙂

    • Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ says:

      Շնորհակալություն, ձեր դիտողությունը հաշվի կառնենք: Ինչ վերաբերում է քաղաքապետին, ապա հուսանք նա եւս կընթերցի ձեր տեքստը:

  3. Մասիս says:

    Հարգելի Արթուր, էդ քաղաքապետին տղամարդկություն է պետք , ոչ թե բառապաշարի հարստացում

  4. Մասիս says:

    Այ մարդ , էդ զարթնել է Մսրա Մելիքի քնից, բարի լույս, ուստա

  5. Մասիս says:

    Էդ բուտաֆորիա տեղակալները բա մի հատ հանգստացնեին ժողովրդին? որ եկել ցցի նման կանգնել էին, ինչ? հա իդեպ, ես եղել եմ ցուցարարների մեջ, նրանք չկային, նրանք էլ էին Երևանյան խճուղու Լաս Վեգասում?

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031