Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեւորգ Կոստանյանը տղամարդավարի խոստովանեց, որ չի կարողանա այդ հարցը լուծել». Նախախորհրդարանի անդամ

Հունվար 16,2015 21:53

Երեկ Գյումրիում բողոքի ցույցից բերման ենթարկվածներից մեկն էլ Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանն է եղել: Նա վստահեցրեց, որ երեկվա հավաքի ժամանակ ցուցարարների մեջ սադրիչներ չեն եղել, սադրել են միայն ոստիկանները՝ նախահարձակ լինելով.

«Մարդիկ գնում էին հյուպատոսարան, ոստիկանական պատնեշը կանգնեցրեց, նրանք փորձեցին ճեղքել պատնեշը, բայց ոստիկանները անմիջապես սկսեցին օգտագործել ձայնային ռումբեր եւ ռետինե մահակներ, ցուցարարները ուշագնաց էին լինում, որոշներին տեղափոխում էին հիվանդանոց: Ոչ մի սադրանք ցուցարարների կողմից չէր կարող լինել: Չկար կազմակերպիչ, որ ասեր՝ ինչ անենք, ով ինչ որոշում էր անում էր»,- Aravot.am-ին ասաց Վարդան Հակոբյանը:

Նա պատմեց, որ զրուցել է ոստիկանների հետ ու պարզել, որ հիմնական մասը Երեւանից են. «Երեւանի բաժիններից բերված ոստիկաններ էին, որովհետեւ հասկացել էին, որ գյումրեցի ոստիկանը գյումրեցու վրա ձեռք չի բարձրացնի: Խաղաղ ցուցարարներին սադրել են ոստիկանները»:

Վարդան Հակոբյանի խոսքով, իրեն էլ բերման են ենթարկել Գյումրու հրապարակից՝ մեքենայի միջից, երբ ցույցի մասնակիցներից հեռու ընկերոջ հետ քննարկում էր Գյումրու դեպքերը. «Դուռը բացեցին ու հրավիրեցին ոստիկանություն, չկարողացան օրինական պահանջ ներկայացնել, ոչ մի հակաօրինական գործողություն չեմ կատարել, ասացի՝ նույնիսկ իմ մեքենայով էլ կարող եմ գալ»:

Անդրադառնալով գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի երեկվա արձագանքին գյումրեցիների պահանջին, որ տղամարդավարի խոստանում է՝ դիմել ռուս գործընկերոջը Գյումրու ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ  Ռուսաստանի հարուցած քրգործը և անձը ամբողջությամբ մեր իրավազորությանը տրամադրելու համար, Վարդան Հակոբյանը շարունակեց. «Տպավորություն եմ ստացել, որ նա տղամարդավարի խոստովանեց, որ չի կարողանա այդ հարցը լուծել, չի կարող պահանջել, պետք է խնդրվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031