Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը պահանջում է, ոստիկանությունը՝ միայն ստուգում

Հունվար 16,2015 22:15

Հունվարի 15-ի առավոտյան Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը տեղեկանալով, որ անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման վարձակալած շենքի կցակառույցում ինքնակամ, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի շինարարական աշխատանքներ են կատարվում, ահազանգել է ոստիկանության Իջեւանի բաժին՝ խնդրելով ոստիկանության միջամտությունը ինքնակամ շինարարությունը շտապ դադարեցնելու, դրանք իրականացնող անձանց եւ շինության սեփականատիրոջ ինքնությունը պարզելու եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Այնուհետեւ քաղաքապետը ոստիկանությանը նույն հարցով դիմել է նաեւ գրավոր, սակայն շինարարական աշխատանքները չեն դադարեցվել:

Հունվարի 16-ի կեսօրին եղանք այդ կցակառույցի մոտ: Հանդիպեցինք ոստիկանության Իջեւանի բաժնի մի քանի աշխատակիցների, որոնք զբաղված էին գրառումներ կատարելով, հիմնանորոգման աշխատանքների օրինականությունը պարզելով: Զրուցեցինք շենքի սեփականատեր, նախկինում Իջեւանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Սեյրան Սարիբեկյանի հետ: Նա ասաց, որ իրենք շենքի արտաքին տեսքը չեն փոխում, շինարարություն չեն կատարում, ընդամենը նորոգում են, որի համար քաղաքապետարանի կողմից շինարարական թույլտվություն հարկավոր չէ: Այդ ընթացքում կցակառույցում նորոգման աշխատանքները շարունակվում էին:

Զանգահարեցինք ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Կարեն Հակոբյանին: Նա ասաց, որ իրենք ստուգման աշխատանքներ են կատարում պարզելու համար, թե կադաստրի շենքի կցակառույցում շինարարական աշխատանքները օրինական են, թե՝ ոչ: Ոստիկանապետն ասաց, որ իրենք այդ պատճառով չեն արգելում կցակառույցի շինարարական աշխատանքները: Նրա խոսքերով՝ այդ գործընթացը կտեւի 3 օր: Ոստիկանապետը հայտնեց, որ Իջեւանի քաղաքապետարանի աշխատակիցները, ովքեր հունվարի 15-ին եղել են այդ կառույցում, շինարարական աշխատանքների անօրինական լինելու մասին ոստիկաններին ակտ չեն ներկայացրել: Իջեւանի քաղաքապետարանից մեզ տրամադրեցին հունվարի 15-ին կազմված արձանագրություն այն մասին, որ քաղաքապետարանի տարածքային զարգացման եւ քաղաքաշինության բաժնի պետ Ա. Այդինյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Մարզպետ Ալիխանյանը եւ ուրիշներ, հունվարի 15-ին  կազմել են արձանագրություն այն մասին, որ այդ օրը ժամը 10-ի սահմաններում Իջեւանի Վասիլյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Տավուշի մարզային ստորաբաժանման զբաղեցրած մասնաշենքին կից շինությունում անհայտ անձանց կողմից, առանց համապատասխան թույլտվության եւ քաղաքաշինական փաստաթղթերի,իրականացվում են ինքնակամ շինարարական աշխատանքներ, որոնք այդ պահին շարունակվում էին: Արձանագրություն կազմողները հիմնանորոգում կատարողներին զգուշացրել են դադարեցնել աշխատանքները, հակառակ դեպքում կկիրառվեն վարչական միջոցներ:

Իջեւանի քաղաքապետարանի տարածքային զարգացման եւ քաղաքաշինության բաժնի պետ Արթուր Այդինյանն ասաց, որ ոստիկանության աշխատակիցները վերոհիշյալ կառույցի մոտ  իրենց չեն հարցրել՝ իրենք արձանագրություն կազմել են, թե՝ ոչ : Այդինյանը հայտնեց, որ իրենք ոստիկանության Իջեւանի բաժնից հաճախ են գրություններ ստանում այն մասին, որտեղ հարցում է լինում՝ Իջեւանում այս կամ շինարարությունն օրինակա՞ն է, թե՝ ոչ, իսկ տվյալ դեպքում իրենց կարծիքը ոստիկանությունը հաշվի չի առել: Քաղաքապետարանում մեզ ցույց տվեցին շինարարական աշխատանքների եւ քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 2-ի որոշումը: Քաղաքապետարանում հայտնեցին, որ հիմնանորոգման աշխատանքների ընթացքում կցակառույցի թիթեղյա ծածկն ամբողջությամբ փոխվել է,կառավարության նշված որոշման համաձայն դրա համար շինարարական աշխատանքների թույլտվություն է անհրաժեշտ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Ոչինչ չասող՝ անիմաստ հոդված? Իմ կարծիքով այս տեսակ հարցերը չեն, որ հուզում կամ հետաքրքրում են մարզկենտրոնի բնակիչներին:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031