Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանյան շոու-բիզնեսում չարություն կա»

Հունվար 21,2015 14:00

Forpostart prodaction ընկերության հիմնադիր Զառա Մխեյանը՝
որակյալ եւ անորակ երաժշտության ու Իրինա Ալեգրովայի համերգի մասին

Սիրված երգչուհի Իրինա Ալեգրովան մարտի 6-ին հանդես կգա Երեւանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգի կազմակերպիչն է Forpostart prodaction ընկերությունն՝ ի դեմս հիմնադիր եւ պրոդյուսեր Զառա Մխեյանի (լուսանկարում):

«Առավոտը» Զառա Մխեյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ հայտնի երգչուհին որոշեց կրկին համերգ ունենալ, այն դեպքում, երբ 2012-ին արդեն հայտարարել էր ունկնդրին հրաժեշտ տալու մասին:

Ըստ մեր զրուցակցի, այս տարիներին անընդհատ արձագանքներ են եղել՝ սիրված երգչուհուն կրկին բեմում տեսնելու վերաբերյալ, նրա պրոումոթերն էլ համոզել է Ալեգրովային՝ տեղի տալ արվեստի երկրպագուների ցանկության առաջ: «Իրինա Ալեգրովան բարձր կարգի պրոֆեսիոնալ է, բեմական տվյալներով օժտված հրաշալի երգչուհի, քիչ արտիստներ կան, որ ունակ են երկուսուկես-երեք ժամ կենդանի ձայնով երգել, այնպես որ, մենք նույնպես ուրախ ենք, որ Ալեգրովայի հայաստանյան համերգը կազմակերպելու առաջարկ ենք ստացել»,- հայտնեց պրոդյուսերը: Զառա Մխեյանը նաեւ փաստեց, որ նկատի ունենալով հայաստանյան սոցիալ-տնտեսական իրավիճակը, որոշել են այս անգամ մեծաքանակ էժան տոմսեր վաճառել, որպեսզի մարդիկ ի վիճակի լինեն դրանք ձեռք բերել: Նրա ձեւակերպմամբ, ամեն նախագիծ պետք է կոմերցիոն հետաքրքրություն ունենա, տվյալ պարագայում գուցե ավելի քիչ գումար կաշխատեն, բայց գոնե նախագիծը կյանքի կկոչվի:

Zara_Mxeyan_2

Զառա Մխեյանը՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ:

Մեր զրուցակիցը հավաստիացնում է, որ Իրինա Ալեգրովան նաեւ լավ մարդ է, որը կարեւորում է շատ արժեքներ, իրենք էլ նրա հետ սիրով են համագործակցում. «Առաջին էշելոնի շատ արտիստներ կան, որոնց հետ մեկ անգամ աշխատել ենք, ու այլեւս չենք ուզում համագործակցել: Ալեգրովայի մարդկային որակների հետ կապված մի օրինակ բերեմ. եթե ուրիշ աստղեր հրաժեշտի համերգների ժամանակ այլ աստղերի են հրավիրում, անվանի քաղաքական գործիչների, Իրինա Ալեգրովան 2012 թվականին հրաժեշտի համերգից հետո մեծ ճաշկերույթ էր կազմակերպել ու հրավիրել էր նախ իր անձնակազմին՝ պարողներից, երաժիշտներից սկսած, ավարտած գրասենյակային աշխատողներով, ինչպես նաեւ մտերիմներին: Արտիստներ կան, որ Հայաստան գալով՝ ասենք իտալական կամ չինական ռեստորան են նախընտրում, իսկ Ալեգրովան մեծ հաճույքով փորձում է հայկական ուտեստներ, այն էլ տանը պատրաստած, հրաժարվում է, այսպես կոչված, «տուսովկաներից» եւ գերադասում է ժամանակ անցկացնել փոքր շրջապատով, գրի է առնում ազգային ճաշատեսակների բաղադրատոմսեր՝ հետո տանը պատրաստելու համար»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ այն աստղերին, որոնք պարբերաբար մեծ հոնորարներով Բաքվում համերգներ են ունենում: Տիկին Մխեյանը նշեց, որ Իրինա Ալեգրովան մշտապես ճոխ առաջարկներ է ստանում ու մերժում, նա ընդամենը մեկ անգամ է հանդես եկել Բաքվում՝ այն էլ Իգոր Կրուտոյի հոբելյանական համերգաշարի շրջանակներում: Դա էլ, ըստ մեր զրուցակցի, իր բացատրությունն ունի. «Բացի նրանից, որ Կրուտոյն իր թանկ ընկերն է, նաեւ նրա լավագույն ալբոմի հեղինակն է»:

Զառա Մխեյանը խոսելով անցյալ տարի Հայաստանում կայացած «Երաժշտության շաբաթ Երեւանում» նախագծի մասին, ցավով հայտնեց, որ այն չի կարող շարունակվել տարբեր պատճառներով. «Հայաստանում չեմ տեսնում բիզնես, նոր ստեղծված բան, իսկ այն, ինչ անվանում են շոու, ավելի շատ գռեհկություն է: Չեմ հասկանում նաեւ, թե Երեւանում հովանավորչությունն ինչի համար է, հաճախ լուրջ նախագծերը չեն հովանավորվում: Հայաստանյան շուկայում կատարվում են բաներ, որոնք ուղղակի անհասկանալի են: Շոու-բիզնեսում կան խիստ կանոններ, որոնք ընդհանուր են ողջ աշխարհի համար, բայց Հայաստանում լրիվ այլ կանոններ են գործում»:

Forpostart prodaction ընկերության հիմնադիրը նշեց, որ բացի ռուսաստանցի աստղերի հետ աշխատելուց, ցանկություն ունեն լավագույն հայ երգիչներին ներկայացնել «դրսում» կամ ռուսաստանցի աստղերի հետ համատեղ: Առաջիկայում Հայկոյի համերգը կկազմակերպվի Մոսկվայում՝ մեծ նվագախմբի ընկերակցությամբ: Երեւանում էլ նախատեսված է Սոսո Պավլիաշվիլիի համերգը՝ Անչոկի եւ Նարի Հարությունյանի հետ միասին: «Անչոկին ճանաչում եմ դեռ Աշոտ Բզնունու համույթից, ինչ վերաբերում է Նարի Հարությունյանին, ես չգիտեմ Երեւանում մեկին, որ կարողանա նման երգեր գրել ու երգել: Այդպիսի համերգներ կազմակերպելով՝ ուզում եմ ապացուցել, որ չի կարելի եթերում այնպիսի մարդկանց ցուցադրել, որոնք հակաեթերային ու հակաբեմական են:

Հակասանիտարական վիճակ է տիրում հայկական շոու-բիզնեսում: Չի կարելի անորակ երաժշտություն հրամցնել մարդկանց, ասելով, թե պահանջարկ կա: Ժամանակին, երբ Օրբելյանի օրկեստրը կար, Դոլինան, Պուգաչովան, Ուսպենսկայան այստեղից էին աճում, կամ ունեինք ջազի այնպիսի՜ մակարդակ: Կուզենայի, որ Ռուսաստանի նման Հայաստանում էլ գեղարվեստական անկախ խորհուրդ գործեր, ու գեղխորհուրդը որոշեր, թե որ տեսահոլովակը պետք է եթեր գնա: Իսկ այն բիզնեսմենները, որոնք կորպորատիվներ են կազմակերպում եւ հրավիրում են իրենց նախընտրած ցածրակարգ երգեր երգող երգիչներին, թող այդ մակարդակով էլ սահմանափակվեն: Այնքա՜ն անիմաստ երգիչներ կան հայաստանյան եթերում, ես չեմ հասկանում դատարկ տեղում նրանց ամբիցիաները, շատերին թվում է, որ կարիք չունեն նոր բան սովորելու եւ լսելու»,- ասում է Զառա Մխեյանը: Նա կողմնակից է ցանկացած ոճի եւ ժանրի երաժշտության, միայն թե այն լինի բարձր որակով:

Շոու-բիզնեսի թեմայով խոսելիս, պրոդյուսերը հավելեց, որ Հայաստանում բացակայում են առողջ մթնոլորտն ու մրցակցությունը, ինչից էլ պետք է ծնվեր լավագույնը. «Հայաստանում ավելի շատ չարություն կա, իսկ Ռուսաստանում ուժեղ է մրցակցությունը, բայց այդ չարությունն այնտեղ չեմ տեսնում: Օրինակ, Ստաս Միխայլովը, Լեփսը, Ալեգրովան, բոլորն էլ շանսոն են երգում, բայց ընկերներ են ու իրար դեմ չեմ գործում»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝
Զառա Մխեյանի ալբոմից

«Առավոտ» օրաթերթ

20.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արեն Մալյան says:

    Իրինա Ալեգրովան կենդանի լեգենդա, հզոր երգչուհի, դրա համար էլ իրան ասում են ռուսական էստրադայի կայսերուհի /իմպերատրիցա/: 2012-ին ես եղել եմ իրա համերգին Երեվանում, համալիրի մեծ դահլիճում, լեփ լեցուն էր, ասեղ գցելու տեղ չկար: Ուղղակի հիմա սոցիալական վիճակը ավելի վատա, դժվար թե նորից անշլագ լինի, մարդիկ փող չունեն, բայց էն որ Ալեգրովան բացառիկ արտիստա, դա փաստա:

  2. Լիանա says:

    Ալլեգրովային սիրում եմ ու լավա, որ բազմաժանր երգչուհիա` էստրադա, ռոք, շանսոն: Լավ էլ ստացվումա իրա մոտ: Որ մտածում ես, ինքը ամենաառաջատար երգչուհինա էլի, իրանց առաջ մենակ Պուգաչովանա, մնացածը սաղ հետ են` Վայկուլե, Դոլինա, Օրբակայտե, Վալերիա… Ուղղակի տոմսերը շատ թանկ են: 100.000 դրամը Երեվանի համար շատա, էն էլ համալիրի մեծ զալում:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031