Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկչության գենեզիս

Հունվար 22,2015 13:14

Էս աշխարհում ամեն մի բան ունի իրեն մի պատճառ,

Էս պատճառն էլ՝ ուրիշ պատճառ… էսպես անվերջ, անդադար,

Մինչև պատճառն սկզբնական…

Յովհ.Թումանյան

հատված «Հազարան բըլբում» պոեմից

 

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Սովետմիության փլուզումից և միաբևեռ աշխարհակարգի ձևավորումից հետո երկրագնդի վրա հաստատվեց մեկ գերտերության քաղաքական, տնտեսական և ռազմական հեգեմոնիան: Այդ իրավիճակը որքան աներկբա էր, նույնքան էլ ակնառու բոլորի համար, ու այդ երկրի քաղաքական ու ռազմավարական էլիտան (կամ՝ համաշխարհային օլիգարխիան՝ եթե կուզեք) որոշեց «ձևակերպել» այդ պետությունն իբրև «Աստվածաշնորհ»:

Պետության կացութաձևը, իմա՝ պետական ու հանրային ինստիտուտների իրավաքաղաքական հարաբերությունները, սահմանվեցին իբրև միակ ճշմարիտը, այնտեղ ընդունված հասարակական ու անձնային հարաբերությունների նորմերն իբրև միակ ընդունելին, իսկ արժեքներն ու նպատակները՝ իբրև բացարձակ:

(Գրեթե միջնադարյան կաթոլիկ եկեղեցու գաղափարախոսությանը համահունչ – Հռոմի Պապի անսխալականության դոգման, նրա՝ Հիսուսի տեղապահի բացառիկ կարգավիճակը, ինկվիզիցիայի՝ որպես այլախոհության հետապնդման արդյունավետ գործիքի, բնականոն գոյությունը և այլն)

«Ի վերուստ տրվածի» կարգավիճակ ունեցողի համոզվածությամբ և վճռականությամբ այդ գերտերությունը սկսեց իր արժեքներն ու համոզմունքները տարածել մնացյալ ամբողջ աշխարհի վրա՝ դույզն ինչ անգամ կասկածի տակ չառնելով իր անսխալականությունը, քամահրելով մնացյալ աշխարհի էթնիկ, կրոնական ու մշակութային տարակերպությունն ու բազմազանությունը: Արհամարհելով այդ բազմազանության թե գոյության իրավունքը, թե նրա՝ իրապես ի վերուստ տրված լինելու հանգամանքը:

Բնականաբար, քաղաքական, տնտեսական ու արժեքամշակութային իր էքսպանսիան, որն այնուհետ պիտի ստանար «գլոբալիզացիա-համաշխարհայնացում» ազդահունչ ու մոդայիկ քաղաքագիտական եզրը, պիտի աշխարհին հրամցվեր ոչ ավել, ոչ պակաս՝ իբրև Առաքելություն (Մեսսիա):

«Ցանկացած ազդեցություն միշտ ծնում է

համարժեք և հակառակ հակազդեցություն»

Նյուտոնի 3-րդ օրենք

Նույնպես՝ բնականաբար, ոչ բոլոր պետություններն ու հասարակությունները (քաղաքակրթությունները!) «կիսեցին» նման առաքելության անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը: Եվ առաջ եկավ հակազդեցությունը… ահաբեկչության տեսքով:

Այն ի հայտ եկավ անհրաժեշտաբար, դիալեկտիկական անհրաժեշտությամբ, երբ պարզվեց, որ այլոց՝ սեփական արժեհամակարգի ու կենսական նորմերի «պարտադրման առաքելության» գործում այդ գերտերությունը չի խորշում գործածել և ոչ մի միջոց՝ միջազգային ճնշումներից մինչև պատժամիջոցներ, հատուկ ծառայությունների օպերացիաներից սկսած մինչև ռմբակոծում և պետությունների հիմնահատակ ավերում, փաստացի լայնածավալ պատերազմ. բացահայտ ռազմական ներխուժում ինքնիշխան պետության տարածք, տեղական իշխանության տապալում կամ ոչնչացում և այլն:

Իրաք, Աֆղանստան, արաբական գարուն՝ Թունիս, Եգիպտոս, Յեմեն, Բահրեյն, Լիբիա, Սիրիա…

Ահաբեկչությունը առաջ եկավ անհրաժեշտաբար, երբ պարզվեց, որ նույնիսկ մարդու իրավունքները, ազատական ու ժողովրդավարական արժեքները, հանուն որոնց ծավալվել էր այդ «առաքելությունը» ընդամենը սին հասկացություններ են, դատարկ կատեգորիաներ, պատրվակ: Իսկ ռազմական էքսպանսիայի իրական պատճառը արաբական աշխարհի կայունությունը խաթարելն էր և Մերձավոր Արևելքի նավթային պաշարներին տիրապետելը: Այս անընդհատ փոքրացող և տեղեկատվությամբ լեցուն աշխարհում քաղաքականության իրական նպատակները որպես կանոն հայտնի են, կամ՝ արագ դառնում են այդպիսին:

…Եվ այդ խաչակիրների այդ արշավանքն ինչ էր. ասացին գնանք ազատենք Տիրոջ աճյունը, գնացին, հասան՝ այնքան պղպեղ ու համեմ կար, այնքան դարչին ու սամիթ կար… Շալակեցին դարչին ու պղպեղ, սամիթ ու ազատքեղ ու գնացին իրենց տները: Նրանց հարցրին. իսկ Տիրոջ աճյո՞ւնը. նրանք հարցրին. ի՞նչ Տիրոջ աճյուն. նրանց ասացին. դե Տեր Հիսուսի…- իսկ նրանք պղպեղով ճաշ էին ուտում, որ չլսված համեղ էր, և ժամանակ չունեին պատասխանելու պարապ հարցերի:

Հր. Մաթևոսյան, «Մեծամոր» էսսե

Ես բնավ չեմ արդարացնում ահաբեկչությունը, քավ լիցի: Դա չարիք է, որի դեմ պայքարել է պետք: Բայց փորձենք հասկանալ դրա ծագման պատճառը:

Ահաբեկչությունն առաջ եկավ հարկադրաբար, թույլ կողմի ձեռքին՝ որպես քաղաքական պայքարի ձև, որպես ընդվզում իրեն համաշխարհային ժանդարմ զգացող գերտերության ամենաթողությունների նկատմամբ, և՝ որպես բողոք մնացյալ աշխարհի լռելյայն համաձայնության դեմ: Գոնե մենք՝ հայերս, պիտի նկատենք այս հանգամանքը:

Չէ որ ընդամենը տասնամյակներ առաջ մեր ազգային ողբերգության հետ կապված մենք ինքներս ենք բախվել եվրոպական «քաղաքակիրթ» տերությունների ցինիկ, երկդիմի ու ստորալուռ պահվածքին: Նրանց անթաքույց աջակցությանը ոճրագործ պետությանն ու նրա ղեկավարությանը: Եվ «վրիժառու», այլ ոչ՝ ահաբեկիչ ենք անվանում ԱՍԱԼԱ-ի մարտիկներին…

Ես չեմ արդարացնում ահաբեկչությունը: Նորից կրկնեմ: Դա չարիք է, որը խլում է անմեղ մարդկանց կյանքեր, ցավ ու վիշտ պատճառում հազարավորներին: Բայց հարկ է ըմբռնել այդ չարիքի պատճառը և պայքարել դրա’ վերացման, այլ ոչ՝ հետևանքների դեմ: Գլխացավը գլխատումով չեն բուժում:

Նմանապես պարզամտություն է կարծել, թե ահաբեկչության պատճառը արմատական իսլամն է (ի դեպ նման գիտական եզր գոյություն չունի, այն հորինված է վերը նշված գերտերության կվազիգիտական շրջանակներում) և պետք է պայքարել դրա դեմ: Բնավ՝ ոչ: Վահաբիզմը, ջիհադականությունը, իսլամական ծայրահեղականության մյուս հոսանքները ընդամենն իրականացնում են արդեն ծրագրված (որոշված) վրիժառությանը (ահաբեկչությանը) «սպասարկելու» գործառույթ, այն է՝ ապահովում են այդ գործողության գաղափարախոսական-կրոնական հենքը, հիմնավորումը: Վերջապես, մահմեդական աշխարհում էլ սպանությունը սպանություն է, այն հանցանք է, եթե չի «հիմնավորվում» իրենց Սուրբ գրքի դրույթներով:

Տեսանի’ր արմատը:

 

Սերոբ ԱՆՏԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ջիվան Նադարյան says:

    Հետաքրքիր հոդված է, մտածելու տեղիք է տալիս:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031