Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ռուսական կողմը չի ցանկանում հանձնել Պերմյակովին հայ իրավապահներին

Հունվար 23,2015 15:30

Մոսկվան ձգտում է թաքցնել ավելի՞ կարեւոր հանգամանքներ

Մինչ հայ հասարակությունն անհամբերությամբ սպասում է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի «տղամարդու» հրապարակային խոստմանը` դիմել ռուս գործընկերոջը` Պերմյակովին հանձնելու հայկական կողմին, պաշտոնական Մոսկվան սկսեց առավել «համապարփակ» տեղեկություններ սփռել գործի առնչությամբ:

Հունվարի 21-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վստահեցրել է, թե Գյումրու ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովի դեմ դատը առավելագույնս բաց կլինի, դատավարությունը տեղի կունենա Հայաստանի տարածքում: «Վստահ եմ, որ դատարանը օբյեկտիվ եւ համարժեք վճիռը արագ կարձակի՝ համապատասխան կատարված այդ սարսափելի հանցանքի համար»: Այնուհետեւ Լավրովը ցավակցություն է հայտնել Մոսկվայի անունից, ապա անցել «խորհուրդներ» տալու տոնայնությամբ պահանջ ներկայացնելուն. «Մենք տեսնում ենք, որ փորձ է արվում քաղաքականացնել այս իրավիճակը: Դա Հայաստանի իշխանությունները չեն անում, Ռուսաստանի իշխանությունները չեն անում: Քիչ չեն ցանկացողները, որ այս ողբերգությունը օգտագործեն, որպեսզի ինչ-ինչ աշխարհաքաղաքական առավելություն ստանան: Դա նողկալի է, դա անթույլատրելի է, հպարտ հայ ժողովուրդը դրան արժանի չէ»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակից հայ-ռուսական հարաբերությունները չեն տուժի:

Նախ` սկսենք նրանից, որ հայ-ռուսական հարաբերությունների ողջ «հմայքը» սկսեց ի ցույց դրվել ռուսական մեդիայի գործելաոճով, երբ սպանության առաջին օրերին նրանցից շատերը կամ արհամարհում էին Գյումրիում տեղի ունեցած սարսափելի հանցագործությունը եւ հարկ էլ չէին համարում լուսաբանել կատարվածը, կամ փորձ էին անում կատարվածը ներկայացնել որպես սովորական մի երեւույթ: Ռուսական կողմի առաջին արձագանքները տարօրինակ սառն էին ու իրավիճակին ոչ համարժեք: Եվ միայն այն բանից հետո, երբ գյումրեցիները ցույց տվեցին, որ իսկապես հոգնել են ռուսական ռազմաբազայի` տարիներ շարունակ դրսեւորած անկարգապահ պահվածքից եւ արդեն արյունալի դեպքերից ու ոտքի կանգնեցին, դրանից հետո միայն Մոսկվան գիտակցեց, որ հայ-ռուսական հարաբերություններում հենց իրենց պահվածքն է «սեպ խրում»: Եվ անմիջապես սկսեցին ցավակցականների, ներողությունների, Հայաստան գործուղումների ակցիաները:

Բայց հիմա ՌԴ իշխանությունները կարծես առավել սեւեռվել են հայ-ռուսական հարաբերությունները փչացնողների փնտրտուքի վրա եւ այդ համատեքստում ինչ-որ ակնարկներ են անում: Ահա, օրինակ, Հայաստանում ՌԴ դեսպանության օրերս տարածած հայտարարությունը Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ. «Երեխայի կորուստը սարսափելի վիշտ է: Չկան այնպիսի բառեր, որոնք կարող են ինչ-որ կերպ թեթեւացնել սարսափելի ողբերգության ցավը: Բայց այդ պայմաններում էլ պետք է մարդ մնալ: Մեծամասնությունը դա հասկանում է»:

Հետաքրքիր է, ինչ է նշանակում «մարդ մնալ»` ռուսական կողմի պատկերացմամբ: Այսինքն` Հայաստանի քաղաքացիները չպե՞տք է պահանջեն հանցագործության մեջ կասկածվողին հանձնել հայկական կողմին: Թե՞ չպետք է դժգոհություն հայտնեն ու արդարացի պահանջներ ներկայացնեն: Մի պահ պատկերացնենք, թե որեւէ գյումրեցի էր գնդակահարել ռուս զինծառայողի ամբողջ ընտանիքի: Նույնիսկ պատկերացնելն է դժվար, թե ինչ կկատարվեր այդ դեպքում Ռուսաստանում հայերի նկատմամբ եւ Գյումրիում:

Կամ` ՌԴ նախագահի ուշացած ցավակցականը: Հունվարի 18-ին՝ Ավետիսյանների ընտանիքի բարբարոսական սպանությունից վեց օր անց, պարզվեց, որ ՌԴ նախագահը «եւս մեկ անգամ ցավակցություն է հայտնել» զոհվածների հարազատներին ու նաեւ ողջ հայ ժողովրդին: Առաջին ցավակցականի մասին այդպես էլ տեղեկություններ չկան: Պուտինը համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները կիրականացվեն ամենասեղմ ժամկետներում, եւ մեղավորները կկրեն օրենքով նախատեսված պատիժը: Ապա Պուտինն ու Սարգսյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող ընթացիկ հարցեր: Եվ կրկին ոչինչ չի ասվում, թե ինչո՞ւ է Մոսկվան խուսափում ամենակարեւոր հարցից` Պերմյակովը հայաստանյա՞ն օրենքներով է դատվելու, թե՞ ոչ:

ԳԱԼԱ հեռուստաընկերության մոսկովյան թղթակիցը օրերս զրուցել էր ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ, որը լույս էր սփռել ռուսական կողմի մտադրությունների վրա. «Քանի որ նա Ռուսաստանի քաղաքացի է, ապա բնական է, որ դրանք ռուսաստանյան օրենքներն են, կլինի ռուսաստանյան դատավարություն, բայց պետք է նշել, որ այս օրերին Գյումրիում աշխատում է Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարը, եւ նախագահի հանձնարարությամբ նա աշխատում է հայ քննիչների հետ համատեղ, նրանք մասնակցում են քննչական գործողություններին, եւ այդ պատճառով քննությունն ընթանում է համատեղ: Սակայն կլինի ռուսաստանյան դատավարություն, եւ այս պարագայում Ռուսաստանի օրենսդրությունը նման հրեշավոր հանցագործությունների նկատմամբ բացարձակ անգութ է»:

Պեսկովն անդրադարձել էր Պուտինի առաջին ցավակցության մասին հարցին` նշելով. «Հենց հանցագործության օրը ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը եւ պաշտպանության նախարար Ս. Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել իրենց հայ կոլեգաների հետ, եւ նրանք ՌԴ ամբողջ ղեկավար կազմի անունից՝ այդ թվում եւ Վլադիմիր Պուտինի, իրենց ցավակցությունն են հայտնել հայ գործընկերներին եւ ամբողջ հայ ժողովրդին»: Պուտինի խոսնակը նույնպես շոշափել էր հակառուսական տրամադրությունների թեման. «Այն, որ փորձում են ողբերգությունը քաղաքականացնել եւ օգտագործել որպես հակառուսական տրամադրություններ սերմանելու գործիք, մենք դա գիտենք, սակայն մեր հույսը հայ ժողովրդի իմաստնությունն է, որը իր պատմության ընթացքում շատ բան է տեսել, եւ որը գիտի, թե որքան մոտ են մեր երկրներն ու երկու ժողովուրդները: Այդ պատճառով մենք ուզում ենք հավատալ, որ դա բացասական ազդեցություն չի ունենա մեր հարաբերությունների վրա, առավել եւս, որ այս օրերին նոր էջ է բացվում մեր համագործակցության պատմության մեջ՝ ի նկատի ունեմ Հայաստանի անդամագրումը Եվրասիական տնտեսական միությանը»:

Ի՞նչ է փորձ արվում թաքցնել Պերմյակովին ռուսաստանյան դատավարությամբ պատժելու ձգտմամբ: Սա է միակ հարցը, որը առավել քան կարեւոր է: Գուցե Պերմյակովը միայնակ չի գործել, նրան հրահրողներ ու ուղղորդողներ են եղել, այսինքն` գործ ունենք կազմակերպված ահաբեկչության հետ: Որքան ռուսական կողմը համառի հանցագործության մեջ կասկածվողին հայկական կողմին հանձնելու հարցում, այնքան այս հարցադրումներն ավելի են խորանալու: Եվ այդ պայմաններում ռուսական կողմի «խորհուրդները» հայերին` «մարդ մնալու» կոչերով, պարզապես անհասկանալի են: Իսկ ի՞նչն է խանգարում Մոսկվային հայկական կողմին հանձնել մեկ` ծանր հանցագործության մեջ կասկածվող ռուս զինծառայողի:

Հետաքրքրական էր օրերս Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանի անձնակազմի հետ կապված մի տեղեկություն: Ինչպես հաղորդում էին ռուսաստանյան գործակալությունները` հաջորդ տարվա գարնանից ռազմաբազան կհամալրվի միայն պայմանագրային զինծառայողներով: «Ինտերֆաքս»-ին ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել էին, որ այդ որոշումն ընդունվել է նախորդ տարի ու կապ չունի Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հետ:

Հունվարի 21-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել: Հայաստանի եւ ՌԴ քննչական կոմիտեների նախագահներ Աղվան Հովսեփյանի եւ Ալեքսանդր Բաստրիկինի` օրերս ստորագրած համաձայնագրով ստեղծված համակարգող շտաբի կազմում ընդգրկվել է 10 անձ՝ երկու երկրների քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ: «Քրեական գործի քննությունը եւ բոլոր դատավարական գործողությունները կիրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինչպես նաեւ՝ «ՀՀ եւ ՌԴ-ի միջեւ ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրով սահմանված սկզբունքների համաձայն»,- նշվել էր ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը եւ ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հունվարի 20-ին ստորագրել էին համաձայնագիր` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու մասին: Բաստրիկինը հավաստիացրել էր, թե Պերմյակովի նկատմամբ քրեական գործի քննությունը, նախաքննությունը եւ հետագայում դատավարությունը տեղի կունենան բացառապես ՀՀ տարածքում: Նույն օրը նրանք այցելել էին Գյումրու 102-րդ ռազմաբազա: 3 ժամ ռազմաբազայում մնալուց հետո, երբ նրանք դուրս էին եկել, լրագրողները կանգնեցրել էին ավտոշարասյունը՝ փակելով ճանապարհը: Սոնա Տռուզյանը լրագրողներին հայտնել էր, թե քննչական կոմիտեի առաջնահերթ խնդիրն է ապահովել հանրությանը հուզող եւ քրեական գործում քննությամբ պարզաբանման ենթակա բոլոր հարցերի լիարժեք բացահայտումը, որքան էլ հանրությունը տեղեկատվություն ստանալու հրատապ պահանջ ունենա, արդյունքների, ապացույցների բովանդակության մասին կհայտնեն ավելի ուշ, որպեսզի չխոչընդոտվի նախաքննության ընթացքը: Սակայն Ս. Տռուզյանը հրաժարվել էր պատասխանել կոնկրետ հարցի` Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի արդարադատության առջեւ է կանգնելու մեղադրյալը՝ նշելով, որ այս փուլում դեռեւս այդ հարցին պատասխանել չի կարող: Ավելի ուշ, սակայն, Պուտինի մամլո խոսնակն այս հարցի առնչությամբ առավել հստակ պատասխան էր տվել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. hhh says:

    Արդարադատությու՝՝՝՝՝՝ն, Հայաստանում? Վարդան Պետրոսյանի դատավարությունը նայեք , հետո խոսեք :

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031