Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Հունվար 23,2015 10:06
Armen Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ երեսուներկուերորդ

ԳՐԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Քանի որ նաեւ  Չուգունի պատճառով Հրաչի մասին պատմությունս երկարեց, պիտի հիշելով ձեզ էլ տեղեկացնեմ, որ Չուգուն մականվան տերն էլ էր բանաստեղծություններ գրում, բայց իր գրած բանաստեղծությունները չեմ հիշում ու  չէի էլ կարող հիշել, որովհետեւ դրանք երբեւէ չեմ էլ կարդացել, եւ չէի էլ կարող կարդալ, որովհետեւ Չուգունն էն մարդկանցից էր, որոնց գրածները քեզ թույլ չես տա կարդալ, եւ չնայած իր մասին անցյալ ժամանակով եմ գրում, իրականում տեղյակ էլ չեմ՝ ինքը հիմա կա՞, թե՝ չէ, եւ չէի էլ կարող տեղյակ լինել, որովհետեւ Չուգունն էն մարդկանցից էր, որոնց հետ ուրիշների պատճառով ես հաղորդակցվում ու շփվում, եւ քանի որ Հովհաննեսն ու Հովհաննեսի շրջապատն այլեւս չկան, Չուգունն ինքն էլ է միանգամայն հարգելի ու հասկանալի պատճառով բացակայում առնվազն իմ կյանքից, եւ չնայած Հրաչին սիրով եմ հիշում եւ իր մասին սիրով եմ գրում, Հրաչի մասին էլ կոնկրետ որեւէ տեղեկություն չունեմ, եւ չնայած Հրաչի բանաստեղծությունների մեծ մասը կարդացել եմ, իր գրածներն էլ առանձնապես չեմ հիշում, որովհետեւ բանաստեղծներս սովորաբար այլ բանաստեղծների գրածներն առանձնապես սրտներիս մոտ չենք ընդունում, եւ էս ասածս նույնիսկ նախկին բանաստեղծներիս է բնորոշ, չնայած, ինչ մեղքս թաքցնեմ, բանաստեղծություն գրելը թարգելուց հետո  բանաստեղծությանն ու պոեզիային հիմա ավելի պատկառանքով ու հարգանքով եմ վերաբերվում, քան՝ նախքան թարգելս, եւ հատկապես ու առանձնապես ի՛մ գրած բանաստեղծություններին եմ հարգանքով  ու պատկառանքով  վերաբերվում եւ ժամանակ առ ժամանակ բանաստեղծություններս նույնիսկ կարոտում էլ եմ, եւ դա է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ էս վեպիս տարածքում իմ իսկ բանաստեղծությունները վերհիշելով՝ ինքս ինձանից չափածո մեջբերումներ եմ անում՝ երբեմն առիթով  ու հիմնականում անառիթ, եւ եթե Պարկետչիկի բանաստեղծություններն էս պահին չեմ հիշում, դրանում թերեւս իր մեղքն ավելի է, քան՝ իմը, որովհետեւ եթե ժամանակին Հրաչն իր գիրքը ներկայացրած լիներ հրատարակչություն, իր էդ բանաստեղծությունների գիրքը հաստատ տպված կլիներ, եւ ձեզանից ամենաընթերցասերների մոտ իր բանաստեղծությունները լավ էլ տպավորված կլինեին, որովհետեւ, եթե Հրաչի բանաստեղծությունները սովորական լինեին, դրանց տպագրության հարցով Հովհաննեսը ոչ միայն Համո Սահյանին, այլեւ ու մանավանդ «Գարունի» խմբագիր Անժիկ Հակոբյանին չէր խնդրի, որովհետեւ Անժիկ Հակոբյանի՝ «Գարունի» խմբագիր դառնալու պահին Վարդես Պետրոսյանի մտքում զուգահեռաբար նաեւ Հովհաննես Մելքոնյան «Գարունի» խմբագրի տեսլականն էր գոյություն ունեցել, եւ, բնականաբար, էդ պահից ի վեր Հովհաննեսի ու Անժիկ Հակոբյանի հարաբերությունները չափազանց  բարդ էին, եւ Հովհաննեսն ինչքան էլ Հրաչին ու Հրաչի բանաստեղծությունները գնահատեր ու սիրեր, դրանք տպագրելու խնդրանքով էդ օրերին Անժիկ Հակոբյանին չէր դիմի, բայց քանի որ Հովհաննեսը Հրաչին ու Հրաչի բանաստեղծությունները շատ էր գնահատում ու սիրում, էդ բանաստեղծությունները Համո Սահյանին ցույց տվեց, եւ վերջինս էլ դրանք շատ հավանեց՝ առանց մտքով իսկ անցկացնելու, որ դրանց հեղինակն իր բնակարանի մանրահատակը խփած Պարկետչիկ Հրաչն է, եւ քանի որ էդ տարիներին Վահագն Դավթյանը մի գլուխ տաղանդներ էր հայտնաբերում, ահա Հրաչին էլ, Հովհաննեսի խնդրանքով, Համո Սահյանը որոշեց հայտնաբերել, եւ, Հովհաննեսի ու Հրաչի բախտից, հենց էդ օրերին Հակոբյան Անժիկը Գրողների միության կուսակցական ժողովում Համո Սահյանին տեսնելով՝ վերջինից «Գարունի» համար բանաստեղծությունների շարք է ուզում, եւ վերջինս էլ առիթը բաց չթողնելով՝  տիկին Անժիկի առաջ պայման է դնում՝ «ես քեզ բանաստեղծությունների մի մեծ շարք եմ տալիս, իսկ դու, դրա դիմաց, Հրաչի բանաստեղծություններն էլ ես էդ նույն համարում տպում», եւ, բնականաբար, տիկին Անժիկը սիրով համաձայնվել էր՝ առանց մտքով իսկ անցկացնելու, որ Համո Սահյանի առաջարկած բանաստեղծը ժամանակին իր բնակարանի մանրահատակը խփած  Պարկետչիկ Հրաչն է, եւ մի քանի ամիս անց Համո Սահյանի ու Հրաչի բանաստեղծությունները «Գարունի» նույն համարում տպվեցին, եւ հետաքրքիրն էն է, որ ե՛ւ «Գարունում», ե՛ւ «Գրական թերթում» Հրաչի բանաստեղծությունները Վահագն Դավթյանի առաջաբանով տպվեցին, եւ, եթե չեմ սխալվում, Հակոբյան Անժիկի հորդորով Համո Սահյանն ինքն էր Վահագն Դավթյանին խնդրել, որ Պարկետչիկ Հրաչի համար առաջաբան գրի, եւ հիմա իրեն էսպես՝ Պարկետչիկ Հրաչ եմ ասում, որովհետեւ ազգանունը ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել, եւ չնայած իրեն Պարկետչիկ Հրաչ եմ ասում, Համո Սահյանն ու Վահագն Դավթյանն իր բանաստեղծությունները շատ էլ հավանել էին,  եւ, իմիջիայլոց, Հակոբյան Անժիկն էլ էր հավանել, բայց ամենահետաքրքիրն էն էր, որ Պարկետչիկ Հրաչի բանաստեղծություններն ամենից շատ Վահագն Դավթյանն էր հավանել, ընդ որում՝ միանգամայն անշահախնդրորեն ու առանց որեւէ պարկետային պատճառի, բայց, այդուհանդերձ, Պարկետչիկ Հրաչի բանաստեղծությունների գլխավոր ու մեծագույն երկրպագուն սիրված ու ճանաչված արձակագիր Հովհաննես Մելքոնյանն էր,  եւ չնայած Հովհաննեսը հիմնականում Հրաչին նախանձողների ու Հրաչի չուզողների ջգրու էր նրա պոեզիան մեծարում ու գովաբանում, այդուհանդերձ, ինքն իրականում ու իսկապես էլ էր Հրաչի պոեզիայով հիացած ու նրա որոշ բանաստեղծություններ նույնիսկ անգիր էր արտասանում:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031