ՀՀ-ում ընտանեկան բռնության դեպքերն աճում են

ՀՀ-ում ընտանեկան բռնության դեպքերն աճում են

«Չեմ տեսնում, որ պետական մարմիններն իրոք գիտակցում և ուզում են լուծել այս խնդիրը»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունման հավանականությունը և խոչընդոտները» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ի տնօրեն Աննա Նիկողոսյանը:

Նշենք, որ 2007-ին մշակվել է «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին ՀՀ օրենքի նախագիծը, բայց մինչ այժմ այն չի ընդունվել:  «Կանանց ռեսուրսային կենտրոնի» սեռական բռնության ճգնաժամային ծառայության ծրագրերի պատասխանատու Տաթևիկ Աղաբեկյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ հանձնաժողովներում և իրենք ունեցել են հանդիպումներ, որոնց արդյունքում որոշվել է այս հարցերով աշխատանքային խումբ ստեղծել:

Աննա Նիկողոսյանը նշեց, որ օրենքի ընդունման նպատակն է կանխարգելել ընտանեկան բռնություն երևույթը. «Կարծում եմ, որ օրենքի ընդունումը կնպաստի, որ ավելի շատ կանայք բարձրաձայնեն իրենց հետ կատարվածը: Գուցե սկզբում տեսականորեն թվա, թե ընտանեկան բռնությունների թիվն աճում է, բայց ավելի երկար ժամանակահատվածի կտրվածքով և վերջնահաշվով ավելի կքչանան այդ դեպքերը ՀՀ-ում»:  Աննա Նիկողոսյանը նշեց, թե ժամանակին օրենքի նախագիծը մերժվել է, հիմնավորվել է, որ դրանում կա հակասահմանադրական դրույթ և ֆինանսավորման հետ կապված խնդիրներ. «Մենք փոփոխել ենք, որ որևէ հակասություն Սահմանադրության հետ օրենքի դրույթը չառաջացնի: Ֆինանսական խոչընդոտը այլևս խոչընդոտ չի կարող համարվել, քանի որ եթե մի քանի հ/կ սեկտորներ համախմբվեն, կարող են այդ հարցը լուծել: Այլ բան է, որ այստեղ կա քաղաքական թույլ կամքի հարցը: Համապետական մակարդակով ընտանեկան բռնությունը շատ լուրջ խնդիր չի համարվում, թեև ակնհայտ է, որ ընտանեկան բռնության  ծավալները մեծանում են»:

Կանանց աջակցման կենտրոնի փաստաբան Նոնա Գալստյանը խոսեց օրենքի ընդունման անհրաժեշտության մասին. «Ընտանեկան բռնության ընկալումը իրավապահ համակարգի մոտ մեծ հաշվով բացակայում է  և հաճախ ընտանեկան բռնության դեպքերը հանցագործության սովորական դեպքեր են համարվում, և խնդիրը մնում է չլուծված: Գործի քննության ընթացքում և՛ ոստիկանությունում, և՛ դատարանում ընտանեկան բռնության երևույթները հաշվի չեն առնվում. համաչափ պատիժ չի սահմանվում, արարքի զոհը մնում է անպաշտպան: Այնինչ օրենքի ընդունումը ընտանեկան բռնության կանխարգելման խնդիր է հետապնդում, մանավանդ, որ  ՀՀ-ում ընտանեկան բռնության դեպքերը տարեցտարի աճում են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք