Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չմտանք ԵՏՄ, Սերժ Սարգսյանը միանձնյա որոշումով մեզ տարավ այնտեղ»

Հունվար 24,2015 17:14

Հայաստանի դերը Եվրասիական Տնտեսական Միությունում թեմայի շուրջ քննարկման ժամանակ այսօր «Դեբատ» ակումբում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանին մեծ այլընտրանքային հնարավորություններ ընձեռնված չեն եղել ի սկզբանե. «Տնտեսական այս միությունը շատ բան չի կարող տալ ՀՀ-ին: Ես հասկանում եմ, որ դա այդպես է: Սակայն նաեւ հասկանում եմ, որ Հայաստանը մեկուսացված չէր կարող գործել, եւ բնականաբար մենք հանգրվանել ենք այս միության մեջ: Այն դեռեւս կայացած չէ եւ հարցադրումները շատ են: Անկախ ամեն ինչից՝ ես ուզում եմ մտածել, որ այդպիսի միությամբ պայմանավորված շահեր կամ ցանկալի զարգացումների ունենալու համար պետք է փնտրտուքի մեջ լինենք»:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ վստահեցրեց, որ Հայաստանը տարածաշրջանում անվտանգության այլ համակարգ չունի եւ հետեւաբար այդ սահմանափակումների ներքո պետք է որոշում կայացնի. «Հայաստանի տնտեսությունը, որքան էլ փորձենք դիտարկել ժամանակակից զարգացումների կոնտեքստում, դեռեւս կրում է խորհրդային ժամանակաշրջանի հիմքերը եւ դրա զարգացումն է, որ կարող է եվրոպական շուկաներում համարժեք մրցակցություն ապահովել: Համակարգային տեսության մեջ շատ կարեւոր բան կա. երբ երկու համակարգեր փորձում եք ինտեգրել մի համակարգի մեջ, եթե մեկը թերզարգացած է, ապա այն չի կարող զարգացած համակարգում արժանի տեղ գրավել: Այն կստորադասվի, կփոքրանա: Ամենավառ օրինակը Հայաստանի ֆինանսական շուկան է»:

ԵՏՄ եւ ԵՄ շուկաները համադրելով, պրն Մինասյանը վստահեցրեց, որ Հայաստանի շուկան այսօրվա դրությամբ ավելի համարժեք է ԵՏՄ շուկային:

Պրն Մինասյանը նաեւ, ինչպես ինքն է ասում, չի կիսում «հակաետմականների» հետեւյալ կարծիքը, որ եթե Հայաստանը չմիանար ԵՏՄ-ին, ապա Ղարաբաղյան սրացումները, Գյումրիի դեպքերը տեղի չէին ունենա եւ այն կանխատեսումները, որ զրո տոկոս տնտեսական աճ կլինի, պայմանավորված են ԵՏՄ անդամակցության հետ. «Դա այդպես չէ: Անկախ նրանից Հայաստանը ԵՏՄ-ի մեջ է, թե չէ, եթե պատժամիջոցները կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ, ռուբլին արժեզրկվում, կարող է՞ ռուբլին դադարեր հոսել Հայաստան»:

«Ժառանգություն» խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ԵՏՄ անդամակցության մասին հետեւյալ կարծիքն ունի. «Ես չեմ կարծում, որ մենք մտանք ԵՏՄ, Սերժ Սարգսյանը միանձնյա որոշումով մեզ տարավ այնտեղ»: Արմեն Մարտիրոսյանը համաձայնելով Վարդան Բոստանջյանի հետ, որ ԵՏՄ-ն դեռ կայացած չէ, հավելեց. «Իսկ արդյոք այն կայանալու՞ է, թե ոչ: Ե՛վ Ղազախստանը, ե՛ւ Բելառուսը իրենց հարաբերությունները պահպանելու են արեւմուտքի հետ: Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացումը շարունակում է, եւ նրան միայն փրկում է վերջին տարիների դոլարային պահուստային ֆոնդերի կուտակումը, որը արդեն սպառվում է: Հայաստանում ներդրումների առումով որեւէ լավատեսական հիմք չկա, իսկ Ռուսաստանն ինքը լուրջ ներդրումների կարիք ունի»:
Տնտեսական խնդիրները հենց երկրի ներսում պետք է լուծվեն, վստահ է պրն Մարտիրոսյանը:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031