Լրահոս
Օրվա լրահոսը

«Թշնամին մի քանի ուղղություններից է հարձակվում». Վարդան Դեւրիկյան

Հունվար 24,2015 19:55

«Իրավիճակը եռակիորեն մտահոգիչ է: Նախ, թշնամին մի քանի ուղղություններից է հարձակվում: Դա ի՞նչ է նշանակում՝ հարձակման համար պետք է ուժերը կենտրոնացնել, տեխնիկան, իսկ սա նշանակում է, որ իրենք այդ բավարար միջոցներն ունեն եւ չեն վախենում իրավիճակի սրումից: Բացի այդ, կա նաեւ հեռահար պատերազմ՝ դիպուկահարների կողմից: Մի քանի ուղղություններով այս դիվերսիաներն ի՞նչ են՝ սա ուղղակի հարձակում է: Ոնց որ համարյա պատերազմական գործողությունների վերսկսում է, երբ քո դիրքերի վրա մարդը անմիջական շփման մեջ է մտնում հակառակորդի հետ»,- այսօր՝ հունվարի 24-ին Aravot.am-ի հետ զրույցում ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն, ԵԿՄ անդամ Վարդան Դեւրիկյանն այսպես գնահատեց վերջին օրերի լարված իրավիճակը սահմանային գոտում:

Նրա խոսքերով՝ հակառակորդին լռեցնելու միակ ձեւը նրան պատճառած կորուստներն են, բայց մեր համար առաջնային հարցն այն է, որ ոչ մի զինվոր չկորցնենք. «Պատերազմի պարադոքսն այն է, որ ուզում ես գրականագետ եղիր, մտավորական եղիր, եթե քո վրա հարձակվում են, դա լռեցնելու միակ ձեւը հակառակորդին կորուստներ պատճառելն է»: Ըստ Վարդան Դեւրիկյանի, հենց այդ ճանապարհով էլ գնացել է հայկական կողմը եւ ՊՆ հաղորդագրություններից դատելով՝ լուրջ հակահարված տվել. «Սա շրջադարձային, բեկումնային նշանակություն կունենա թե թշնամու համար՝ որպես զսպիչ գործոն եւ թե՛ ավելի մեծ ինքնավստահություն կհաղորդի մեր զինվորներին: Սրանով մարտականորեն կոփվում են մեր զինվորները»:

Վարդան Դեւրիկյանը բացատրեց, որ մարտական գործողությունների գնալիս մի նրբություն կա՝ ամենադժվարը առաջին 20 րոպեն է, որը մարտական յուրօրինակ մկրտություն է. «Այդ մկրտությունը որ ստանում ես, թեկուզ ամբողջ աշխարհը քո դեմ դուրս գա, ամբողջ աշխարհի կրակային հզորությունները նպատակաուղղված լինեն՝ քեզ ոչնչացնելու համար, համ մի ձեւի վախ է քեզ պատում, բայց զինվորը յուրօրինակ տարերքի՝ ազարտի մեջ է ընկնում: Իհարկե, պատերազմի մեջ մտնելը հաճույքի բան չէ, բայց եթե հակառակորդը փորձում է առաջխաղացման փորձեր անել, դրանով առաջին գծի զինվորներին մարտական մկրտություն է տալիս»:

Հիշեցնենք, որ այսօր ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ ադրբեջանական կողմը եռակի ավելի կորուստներ է կրել: Իսկ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որ այսօր ժամը 12-ի սահմաններում հակառակորդը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի նկատմամբ կրկին դիվերսիոն հարձակողական գործողություն էր ձեռնարկել, հայկական դիրքապահների կողմից խումբը նկատվել է եւ մարտ է սկսվել: Դրա ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է, իսկ հայկական ստորաբաժանումները կորուստներ չեն կրել:

Ըստ Վարդան Դեւրիկյանի, Ադրբեջանի այս փորձերի արդյունքում հայ զինվորները «մկրտվել» են եւ կոփվել:

Մեր հարցին՝ ասացիք, որ Ադրբեջանը տարբեր ուղղություններով է հարձակվում, ինչը նշանակում է պատերազմական գործողությունների վերսկսում, խուճապի պատճառ կա՞՝ Վարդան Դեւրիկյանը պատասխանեց. «Հո մենք ճագար չենք, որ խուճապի մատնվենք: Հարվածից պետք է համախմբվել, կենտրոնանալ, ի՞նչ է նշանակում խուճապ: Սխալ է այդ հարցադրումը: Կարող է կռվից հեռու տեղերում ինչ-որ խուճապ լինի, բայց ոչ սահմանային գոտում: Կարող է մտահոգություն լինի այն ծնողների մոտ, որոնց երեխաները դիրքերում են: Դա միանգամայն հասկանալի է: Բայց խուճապի ոչ մի տրամադրություն չկա: Ի՞նչ է նշանակում քո սահմանի վրա հարձակվել են՝ խուճապ լինի: Բա այդքան պատերազմական տարիները, որ անցել ենք, մենք հոգեբանորեն փոխվել ենք, ոչխարի պես մորթվող ժողովրդից փոխվել ենք: Խուճապ չի կարող լինել: Պետք է  ճիշտ կազմակերպվել՝ թիկունք լինելու: Սահմանամերձ գյուղերում մարդիկ չեն ասում՝ վայ, թողենք փախչենք: Հիմնական հարցադրումը, որ լինում է սահմանամերձ գյուղերում, դա այն է, որ զենք ունենանք, ավելի հանգիստ լինենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031