Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիսյանների տան բակում շշերով ջուր է եղել. Պերմյակովի ջուր խմելու պատմությունը ջնջվում է

Հունվար 26,2015 14:30

Զարուհի Փոստանջյանը մի շարք խախտումներ է արձանագրել
Գյումրիի դեպքերի հետ կապված

«Գեւորգ Կոստանյանը մեզ նորից ցայտուն ասաց, որ մենք այստեղ ոչնչի տերը չենք»,- «Առավոտի» հետ զրույցում Գյումրիի դեպքերի իրավական գործընթացների մասին խորհրդարանական լսումների եւ գլխավոր դատախազի պատասխաններին այսպիսի գնահատական տվեց «Ժառանգության» պատգամավոր, իրավաբան-իրավագետ Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքերով՝ «ՀՀ տարածքում ընդդեմ ՀՀ-ի տեղի է ունեցել մի եղեռնագործություն, 7 մարդ սպանվել է: Այդ սպանությունը թաքցնելու համար փորձ է կատարվել հատել սահմանը: Դա այդ ծանր հանցագործությունը կոծկելու եւ փախնելու փորձ է՝ սահմանը հատելով: Դա մեկ այլ հանցագործություն է, եւ այդ հանցագործությունը կատարելու վերաբերյալ մենք չունենք հարուցված քրեական գործ: Դա է պատճառը, որ հիմա մեր իրավունքները չեն հետապնդվում»:

Մեր հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ չեն հարուցել, դա ինչ-որ բա՞ն էր փոխելու՝ Զարուհի Փոստանջյանը բացատրեց. «Դրա հիմքում է իրավական մասը: Իրենք շատ անգրագետ են աշխատել: Իրավական մասով ռուսական կողմի թելադրանքը բացարձակ անգրագետ է: Գալ ու ասել, որ սահմանը հատում էր, այդ պահին վերցնել, տանել, 102-րդ բազայի ներկայացուցչին հանձնելը կոպիտ խախտում է: Պատկերացրեք, դա ռազմաբազայից 15 կմ այն կողմ է տեղի ունեցել: Իրենք իրավունք չունեին Պերմյակովին վերցնելու: Ակնհայտ է, որ եւ միջպետական պայմանագրի խախտում է դա, եւ նաեւ մեր քրեական օրենսգրքի ու Սահմանադրության: Ակնհայտ եւ կոպիտ խախտումներ են»:

Գեւորգ Կոստանյանը ԱԺ լսումների ժամանակ ասաց, որ բավարար հիմքեր են պետք՝ ՌԴ գլխավոր դատախազին դիմելու համար: Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ «Սպասելու բան չկա: Իրենք պիտի հարուցեին քրգործ: Ես եթե այդ հիմքը ունեմ, իրենք ավելի շատ ունեն, այնպես չի, որ այդ հիմքը ես պետք է տամ իրենց: Ինչի՞ չեն հարուցել քրգործ այլ հանցագործության վերաբերյալ, երբ փաստն արդեն հայտնի էր: Իրավապահ մարմինները ցուցաբերել են անգործություն: Անգործություն ցուցաբերողի նկատմամբ ինչո՞ւ չեք հարուցում քրեական գործ: Սա խախտումների շարք է: Իհարկե, իմ ասածները իրենք գիտեն»:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ այս դեպքի հետ կապված ինքը շատ հարցեր ունի, որոնց պատասխանները չի ստացել: Օրինակ՝ արդյոք Պերմյակովը մենա՞կ է գործել. «Այն, ինչ պաշտոնապես հրապարակվել է, թե նա ունեցել է խնդիր, զորամասը լքել է, որոշել է փախուստի դիմել եւ գնալ Թուրքիա, այդ ընթացքում ծարավ է եղել, որոշել է ջուր խմել եւ գնացել է ոչ թե Թուրքիայի կողմ, այլ դեպի քաղաքի կենտրոն, հետո իբրեւ թե վախեցել է, դանակով սպանել է մանկիկին: Այս վարկածը հավատ չի ներշնչում»:
Զարուհի Փոստանջյանը ուշադրություն հրավիրեց մի հանգամանքի վրա. «Ավետիսյանների տան բակում շշերով ջուր է դրված եղել: Պերմյակովը, եթե նույնիսկ ընդունենք, որ ծարավ է եղել, չէր կարող այդ շշերը չտեսնել ու դուռը բացեր, մտներ ներս»:
Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ պետք է մեղադրանք առաջադրվեր նաեւ ռուսական ռազմաբազայի հրամանատարությանը. «Զորամասում հատուկ բարքեր կան: Այդ անձը, որն ինքնաձիգը վերցրել եւ դուրս է եկել զորամասից, ունի վերադաս, որն իրեն պետք է վերահսկի: Մենք չգիտենք՝ ինչ մեղադրանք են առաջադրել եւ ում: Չունենք նման հայտարարություններ՝ կա՞ն այլ մեղադրյալներ եւս: Այս գործն ունի մի քանի դրվագներ: Եթե մենակ Պերմյակովն է գործել, մի հանցագործություն կատարել է՝ լքելով զորամասը, երկրորդ՝ լքել է զենքով, հետո՝ դուրս է եկել ու կատարել սպանություններ, հետո էլ փորձ է արել պետական սահմանը հատել, որը այլ հանցագործություն է: Կան բազմաթիվ մարդիկ, որոնք պետք է վերահսկեին: Բա վերահսկողների նկատմամբ ինչո՞ւ չեն մեղադրանք առաջադրել՞»:

Կա կարծիք, որ ռուսական «Բելի լեբեդ» գաղութում շատ կոշտ պայմաններ են, ուստի արժե Պերմյակովին այնտեղ պահել, Զարուհի Փոստանջյանը հակադարձեց. «Անկախ այն բանից, թե որտեղ ինչ բարքեր են գործում, մենք մեր իրավունքների համար պարտավոր ենք հետամուտ լինել: Մեր քաղաքացիներին սպանել են: Առանձնապես ծանր հանցագործություններ են տեղի ունեցել մեր քաղաքացիների նկատմամբ: Մենք, փաստորեն, մեր իրավունքները չենք պաշտպանում, ուրեմն այդ ամենը կրկնվելու է: Եկեք դրա մասին մտածենք: Եկեք մտածենք, որ այդ հանցագործներն այսօր մեր մեջ ման են գալիս, եւ այդ խնդիրը պետք է առաջին հերթին հուզի մեր պետական մարմիններին»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ara Kirakosyan says:

    Պարզից էլ պարզ է. որ Հայաստանում ունենք ընդամենը “գուբերնատորի կարգավիճակով” ղեկավարներ: Հայաստան օր առաջ պետք է հեռանա Ռուսաստանից այլապես…

  2. karen says:

    ,,Առավոտ,,ը ավելի լավ է մի քիչ չափավոր հոդված գրի այդ հարցի մաին,այլապես այնպես է ստացվում է,որ ուրիշ պետության պատվեր է կատարում

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031