Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Շաքարյան. «Թուրքական ռազմավարությունը արդեն ցեղասպանությունը ժխտելը չէ»

Հունվար 26,2015 14:43

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր՝ հունվարի 26-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նկատեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովը խոստացել էր հունվարին հրապարակել 2015-ին սպասվող միջոցառումների ցանկը, սակայն նման տվյալներ դեռ հրապարակված չեն:

«Մենք ավելի շատ գիտենք, թե Թուրքիայում ինչ է արվելու, քան թե՝ Հայաստանում, օրինակ՝ թուրքական Իզմիդ քաղաքում բացվելու է ԱՍԱԼԱ-ի կողմից սպանված դիվանագետների հուշահամալիր, Անթալիայում բացվելու է թուրքական ցեղասպանության թանգարան եւ այլն: Ես կարող եմ ասել, թե ինչ է լինելու Թուրքիայում 2015 թվականին, բայց բացի System of a down-ի համերգից, Ցեղասպանության թանգարանի՝ ամբողջ աշխարհով մեկ շրջիկ ցուցահանդեսներից եւ եւս մի քանի ֆիլմերից՝ մենք իրականում ոչինչ չգիտենք, որը կարծում եմ՝ ճիշտ չէ: Հույս ունեմ, որ մեծ միջոցառում են ծրագրավորում, բայց ցավոք սրտի՝ գրքերի հրատարակումներից հավելյալ ցուցադրություններից բացի որակյալ ոչինչ չկա: Ես կսպասեի, որ 2015-ին Մոսկվայում, Փարիզում, Մադրիդում եւ Նյու Յորքում բացվեին Հայոց ցեղասպանության թանգարաններ եւ մենք մինչեւ հիմա չիմանայինք, եւ ապրիլի 21-ին բոլորը անակնկալ բացվեին»,- ասաց նա:

Նրա խոսքերով՝ հստակ հակաքայլեր են նկարահանվող ֆիլմերը, ընդհանուր ցավի վերաբերյալ խորհրդաժողովների անցկացումը, հայ հասարակական կազմակերպությունների, հայ ուսանողների մասնակցությամբ հայ-թուրքական հանդիպումները. «Էականորեն շատացել են այդ հանդիպումների հրավերները 2015 թվականի համար: Այդ հանդիպումների ընթացքում թուրքերը խոսում են իրենց տեսանկյունից, բայց մամլո հաղորդագրությունները լինելու են, որ հայ եւ թուրք պատմաբանները քննարկել են ընդհանուր ցավի տեսությունները: Սա հստակ հաղորդագրություն է աշխարհին»:

Արտակ Շաքարյանի կարծիքով՝ թուրքական ռազմավարությունն արդեն ցեղասպանությունը ժխտելը չէ, նրանք պարզապես կասկած են գցում. «Կասկած են գցում, որ գուցե հայերն էլ են կոտորել, գուցե իրականում հայերն են ապստամբել, թուրքերն այլընտրանք չունեին: Իրենք ամեն ձեւով փորձում են արդարացնել իրենց արածը, որը սկզբունքորեն սխալ է, քանի որ ինչ էլ որ անես ցեղասպանությունը մնում է ցեղասպանություն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031