Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատելն ու ուտելը

Հունվար 27,2015 10:12

Կիրակի օրը Հունաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որոնցում համոզիչ հաղթանակ է տարել «Սիրիզա» արմատական ձախ կուսակցությունը: Գլխավոր կարգախոսներն էին՝ դեմ ենք սոցիալական ծախսերը կրճատելու քաղաքականությանը, որը մեզ պարտադրում է Եվրամիությունը, չենք վճարելու Հունաստանի 320  միլիարդ եվրո պարտքը: Ժողովուրդը դա շատ հավանեց, եւ, ըստ ամենայնի, նախկին կոմունիստներից, մաոիստներից եւ սոցիալիստներից կազմված կուսակցությունը կստանա խորհրդարանի տեղերի 50 տոկոսից ավելին:

«Սիրիզան» ակտիվ քարոզչություն էր տանում «տրոյկայի» դեմ՝ կիրառվում է հենց ռուսերեն բառը ստալինյան բռնապետության ակնարկով: Ատելի «տրոյկայի» տակ հասկանում են Եվրամիությունը, Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Եվրոպական կենտրոնական բանկը: Այդ քարոզչությունը ջերմ արձագանք գտավ Իտալիայի, Իսպանիայի եւ Պորտուգալիայի համապատասխան կուսակցությունների մոտ: «Տրոյկայի» (իսկ իրականում, իհարկե, նախեւառաջ Գերմանիայի) փաստարկը հետեւյալն է. դուք խրվել եք պարտքերի մեջ, որովհետեւ աշխատում եք ավելի քիչ, քան ծախսում եք, բարի եղեք կրճատել ձեր ծախսերը, որ մենք շարունակենք ձեզ պարտք տալ, ինչո՞ւ պետք է լավ աշխատող Գերմանիայի հաշվին հույն թոշակառուն վատ աշխատող տնտեսության մեջ ապրի նույնքան լավ, որքան գերմանացի թոշակառուն: Չէի ասի, որ այստեղ տրամաբանություն չկա:

Եթե վերանանք «սոցիալական արդարության եւ արժանապատվության» մասին վերամբարձ խոսքերից, որոնք նախընտրական շրջանում շռայլել է «Սիրիզա» կուսակցությունը, ապա արձանագրենք, որ այդ տրամաբանությունը ներմուծել էր դեռեւս Պողոս առաքյալը՝ ով չաշխատի, նա չուտի: 17-րդ դարի սկզբին բրիտանացի կապիտան Ջոն Սմիթն այդ սկզբունքը ձեւակերպել էր Ամերիկայում նոր բնակավայրեր հիմնող իր հայրենակիցների համար. «30 կամ 40 ազնիվ եւ աշխատասեր մարդկանց աշխատանքը չպիտի ծախսվի 150 անբան պորտաբույծների վրա»:

Իրականում «ով չաշխատի՝ նա չուտի» սկզբունքը թերի է, որովհետեւ դրանից կարող է բխել, որ դու աշխատում ես միայն ուտելու համար, եւ եթե բախտդ բերի եւ ուտելու բան ունենաս, ապա ազատված կլինես աշխատելու պարտականությունից: Իրականում պորտաբուծության մշակույթն առաջանում է հենց այնտեղ, որտեղ բացի «ուտելուց»՝ չկա աշխատելու այլ խթան:

Այս առումով ուսանելի է բուդդիստական հետեւյալ առակը: 80-ամյա ուսուցիչն աշխատում է իր աշակերտների հետ միասին: Աշակերտները նրան խղճում են, ուզում են թեթեւացնել նրա կյանքը եւ պահում են ուսուցչի գործիքները: Այդ օրն ուսուցիչը սեղան է նստում, բայց ոչ մի փշուր հաց չի ուտում: Հաջորդ օրը նա նույնկերպ է վարվում: Երրորդ օրը աշակերտները վերադարձնում են նրան գործիքները, եւ նա բոլորի հետ աշխատում է ու հաց է ուտում: Նախորդ օրերին նա չէր ուտում ոչ թե այն պատճառով, որ դրա հնարավորությունը չուներ, այլ որովհետեւ ներքուստ համոզված էր, որ դրան արժանի չէ:
Բարիքներ է ստեղծում նա, ում համար աշխատանքը պատվի գործ է եւ սրբազան պարտականության խնդիր:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Փաստորեն, առաջարկում եք, որ ողջ իշխանական բուրգը, գլխից սկսած՝ հացադուլ անի: Վատ միտք չի, սակայն կարծում եմ, որ էդ մարդիկ նույնիսկ սովա՛ծ ժամանակ բանի պիտանի չեն, իսկ նրանց ՛՛լուսի ներքո՛՛ ապրած յուրաքանչյուր օր անդարձ ու ապարդյուն կորած է: Թարմ ու միավորիչ գործողություններ են անհրաժեշտ: Ես անձամբ համոզված եմ, որ արդյունավետ և թռիչքային զարգացում ապահովող շարունակություններ հնարավոր է գտնել, բայց միայն երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի ինքնակամ հրաժարականից հետո, մնացած տարբերակների դեպքում երկիրը դեռ երկար ժամանակ մնալու է վտանգավոր գոտում:

  2. Արթուր Ղազարեան says:

    Ցաւօք, հարաւային ազգերը, ինչպէս հարկն է, աշխատել չսովորեցին 🙂
    Իսպանիա, Պորտուգալիա, Յունաստան իսկական գլխացաւանք են դարձել:

    Գուցէ զաւեշտալի թուայ, բայց եղանակից էլ է: Այդ մարդկանց ուշքն ու միտքը ծովափն ու խնջոյքներն են: Մենք էլ ենք վայելքների սիրահար, բայց ժամ կայ, պատարագ կայ:

    Մէկ այլ կարեւոր հանգամանք է աշխատանքի ՕԳԳ-ն՝ կազմակերպուած գործ, կարգապահութիւն: Ահա մեր գաղտնիքը: «Մեր» եմ ասում, որովհետեւ ես գերմանացիներից աւելի ճշտապահ եմ 🙂

    Նոյն X ջոուլ աշխատանքը գերմանացին անում է նուազագոյն կորուստներով: Ապշել կարելի է, թէ ինչպէս է Գերմանիան ԽՆԱՅՈՒՄ կամ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ իրերը:

    Յ.Գ. Թեմայից փուքր-ինչ շեղուեմ: Ոսկերչական այնպիսի ճշտութեամբ է աղբ մշակում, որ մարդ ապշում է: Վերամշակման տարբերակներից մէկն էլ վերջնական այրումն է: Ինչ էք կարծում ի՞նչ է անում այրման արգասիքները (մոխիրը): ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ԱՍՖԱԼՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹԵԱՆ ՄԷՋ: 100% վերամշակեց: Մնացորդ չկայ:

    Ու ակամայ հարց է առաջանում, մի՞թէ հնարաւոր չէ համագործակցել, օրինակ, Երեւանի աղբահանութեան հարցում:

    Գերմանիայից այնքա՜ն բան կայ սովորելու:

  3. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ, իհարկե համաձայն եմ Ձեր եզրահանգումներին, սակայն կարծում եմ որ այտեղ այնքան «աշխատել» ը չէ այլ նույն կոռուպցիան, ինչ որ ունենք մեր Հայրենիքում, ինչ որ կա Ամերիկայում, Ռուսաստանում…այն որ բանասեր Սերժիկը այդքան եռանդով «կոմերիտմիության» մեջ էր խծկվել…իհարկե որ չաշխատի…բայց լավ ապրի…:
    Նույնն է եվ բոլոր մեծ մասամբ «հարավային» երկրներում…օրինակ Իտալիայի «հյուսիսի» բնակիչները, որ բարձրահասակ, կապուտաչյա…ավելի նպատակադրված են լավ աշխատելու եվ ապրելու, իսկ ահա Նէապոլի ու Պալերմոյի «ցածրահասակ» սեվաչյա բնակչությունը… ի դեմս կնամոլ նախկին պրեմիեր մինիստրի…հիմնականում մաֆիայի ու կոռուպցիայի… Եվրոպայի հյուսիսի բնակիչները, թերեվս կլիմայական պայմաններից ելնելով, ավելի կարգապահ եվ աշխատանքի բարձր կուլտուրա ունեն եվ հանգստանալու համար «արեվ» չունեն, իսկ ահա տաք երկրներում երբ արեվը միշտ փայլում է ում է հաճելի գործի գնալ , երբ գեղեցիկ ծովափնյա ….Իհարկե ասածս հիմնականում կատակով է սակայն մեր ժողովորդը որ դարերով աշխտանքի բարձր կուլտուրա է ունեցել, քարից հաց է քամել…ցավոք խորհրդային ապրելաձեվը ինչպես մեր այնպես եվ ռուսների ու…փոփոխություններ է մտցնրել…Ես էլ կարծում եմ որ Հունաստանի «ձախ» եվ «աջ» կուսակցությունների մոտեցումը սխալ է, նրանք առաջին հերթին սեփական տան «կեղտերը» պիտի մաքրեն եվ հետո նոր օգնություն պահանջեն ուրիշներից…

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031