Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիտասարդները ոգևորությամբ են սպասում Սուրբ Սարգսի տոնին». քահանա

Հունվար 27,2015 17:54

Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Սարգիս զորավարի տոնն այս տարի նշում է հունվարի 31-ին:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատյան հայրապետական թեմի (ԱՀԹ) առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ և թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, այդ օրը մի շարք միջոցառումներ են նախատեսված երիտասարդների համար: «Արդեն տասը տարի է՝ Տ. Նավասարդ Սրբազանի աջակցությամբ տոնը դուրս է եկել եկեղեցու պատերից և համաժողովրդական մեծ տոնակատարության է վերածվել: Երիտասարդները ոգևորությամբ են սպասում այս տոնին, ինչը շատ ուրախալի է. նշանակում է՝ գնալով մենք կարողանում ենք մեզնից հեռացնել օտարամուտ տոները»,- ասաց քահանան և անդրադառնալով Ս. Սարգսի տոնին նախատեսված միջոցառումներին՝ նախ հիշեց նախորդ տարի մեկնարկած «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի մասին, որը կշարունակվի նաև այս տարի: «Անցած տարի, այս ծրագրի շրջանակներում, Ս. Սարգսի տոնին բարեգործական ընթրիք կազմակերպեցինք, որի ընթացքում հիսուն միլիոն դրամ հավաքվեց, որով կարողացանք օգնել մոտ երեք հարյուր ընտանիքի: Ծրագրում ընդգրկվել էին ԱՀԹ-ից 2004-2014 թթ. հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինվորների, առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինվորների և երկու ու ավելի զինծառայողներ ունեցող ընտանիքներին»,- ասաց Տեր Պետրոսը՝ հավելելով, որ այս տարի ևս ԱՀԹ-ն իր հնարավորությունների սահմաններում կանգնած կլինի մեր բանակի կողքին:

Քահանան այնուհետև խոսեց Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմակերպվող մյուս միջոցառումների մասին: Նրա տեղեկացմամբ՝ հունվարի 31-ին Ս. պատարագ կմատուցվի ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս, Նոր Նորքի Ս. Սարգիս և Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցիներում: Մայր աթոռ սուրբ Էջմիածնից առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի կբերվի Ս. Սարգիս զորավարի մասունքակիր աջը: Մ. Մաշտոցի անվան Մատենադարանից առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի կբերվի նաև 17-րդ դարում Ավետիս երեցի կողմից Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը, որը Սրբի մասունքի հետ Ս. պատարագի ընթացքում կդրվի Ս. Սեղանին, և հավատավոր ժողովուրդը կկարողանա հաղորդ լինել սրբի մասունքներին ու Ավետարանին: Կլինի նաև խաչերթ: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց մասնակիցները Մ. Մաշտոց և Մ. Բաղրամյան պողոտաներով կուղևորվեն դեպի Պողոսյան այգիներ՝ Սիրահարների պուրակ: Համերգային ծրագրեր կլինեն ոչ միայն հունվարի 31-ին, այլև նախորդ օրը՝ հունվարի 30-ին:

Ի դեպ, հենց հունվարի 30-ին են երիտասարդներն ուտելու աղի բլիթը, որը թեև եկեղեցին չի խրախուսում, բայց և չի էլ արգելում. «Դա ժողովրդական գեղեցիկ սովորություն է: Պետք չէ դրա դեմ պայքարել,- ասում է Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը,- բայց պետք է բացատրել, որ ոչ թե աղի բլիթի, այլ սիրո ու հավատի շնորհիվ է, որ տեսնում եք ձեր ընտրյալին»:

Քահանան ժխտեց խոսակցություններն այն մասին, որ աղի բլիթը պետք է այրի կինը պատրաստի. «Դա այդպես չէ. բոլորն էլ կարող են պատրաստել, կարևորը հավատով ու սիրով պատրաստելն է»,- վստահեցնում է Տեր Պետրոսը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031