Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակի օրվա առթիվ Գալուստ Սահակյանը պարգևատրել է ՀՀ ԶՈՒ մի խումբ զինծառայողների

Հունվար 27,2015 19:03

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 27-ին Ազգային ժողովում ընդունել է մի խումբ զինծառայողների: Շնորհավորելով Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ` Գալուստ Սահակյանը մասնավորապես նշել է. «Մեր բանակը թեեւ ընդամենը 23-ամյա երիտասարդ է, սակայն հասուն է, ինչպես պատկառելի տարիք ունեցող իմաստունը: Իմաստությունն ու հսկայական փորձը հայկական բանակը ձեռք է բերել դժվարությամբ, արձանագրելով. մեծ հաջողություններ, ցավոք, նաեւ ծանր կորուստներ»: Խոսելով կորուստների մասին  խորհրդարանի ղեկավարը մասնավորապես նշել է, որ այս տարվա սկզբից սկսված  լարվածության, դրա հետևանքների, հերոսաբար ընկածների մասին, մասնավորապես նշելով՝ «Այս օրերին էլ հայկական բանակի մի խումբ սպաներ ու զինվորներ  հակառակորդի դիվերսիոն գործողությունները կասեցրին իրենց կյանքի գնով եւ ընկան հերոսաբար»: Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հերոսաբար զոհված զինծառայողների հիշատակը:

Այնուհետև ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել զինծառայողների ծնողներին՝ մաղթելով նրանց, որ ամեն բացվող օր նրանք դիմավորեն ժպիտով ու իրենց զավակներից ստացված բարի լուրով:

Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահը ՀՀ ԱԺ պատվո մեդալով է պարգևատրել ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանի: Մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պատվոգրերով և անվանական ժամացույցներով:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր երախտագիտությունն է հայտնել օրենսդիր մարմնի ղեկավարին և պատգամավորներին՝ բանակը մշտապես ուշադրության  կենտրոնում պահելու և բանակին աջակցելու համար:

***

ՀՀ ԱԺ նախագահի ելույթն ամբողջությամբ

Հարգելի պարոն նախարար, հարգարժան զինծառայողներ եւ ներկաներ,

Վաղը, հունվարի 28-ին, լրանում է հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը:

Մեր բանակը թեեւ ընդամենը 23-ամյա երիտասարդ է, սակայն հասուն է, ինչպես պատկառելի տարիք ունեցող իմաստունը: Իմաստությունն ու հսկայական փորձը հայկական բանակը ձեռք է բերել դժվարությամբ՝ արձանագրելով մեծ հաջողություններ ու, ցավոք, նաեւ ծանր կորուստներ: Բազմիցս եմ ասել, որ հայկական ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը հենց հայոց բանակն է, իսկ երիտասարդները՝ մեր երկրի ապագան կերտողները: Ինչպես բազմաթիվ առիթներով համոզվել ենք, այս 23 տարիների ընթացքում մեր բանակը կանգնած է ամուր, այն հաղթած ու հաղթող բանակ

է, ինչի վառ վկայությունն է մեր բանակի հաղթանակներով լեցուն մարտական ուղին: Հայոց բանակի զինվորների եւ հրամանատարների ջանքերով ու նվիրումով, այսօր երաշխավորված է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների բնակչության խաղաղությունը: Այսօր մեր անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը վստահելի ձեռքերում են` հայոց բանակի ապահով ձեռքերում: Արդեն փաստ է, որ մեր 23 տարեկան բանակը ժամանակակից է, ունի բարձր պատրաստվածություն, համալրված է ամենաարդիական զինտեխնիկայով, ամենաբարձրակարգ մասնագետներով եւ հագեցված է նորագույն տեխնոլոգիաներով: Հայոց բանակն այսօր, բացի հայրենիքի պաշտպանության սուրբ պարտականությունից, բազմաթիվ երկրներում հաջողությամբ իրականացնում է նաեւ միջազգային խաղաղապահ առաքելություն:

Հարգելի զինծառայողներ, Ցավով պիտի նշեմ, որ հայկական բանակի տոնին նախորդող օրերն առաջին գծի զինվորական հենակետերում լարված էին, եւ, ցավոք, դեռեւս շարունակում է պահպանվել լարվածությունը: Բոլորս գիտենք լարվածության հիմնական մեղավորին` մեր հակառակորդ պետության բարձրագույն իշխանությանը, որին թվում է, թե իր դիվերսիոն կամ այլ նենգ գործողություններով կկարողանա արդյունքի հասնել:

Ինչպես համոզվեցինք այս մի քանի օրերի ընթացքում, Ադրբեջանի ղեկավարության անառողջ երեւակայությունը չի կարող գրանցել որեւէ դրական արդյունք. դրանք սոսկ հետեւանքներ են, որի ծանրությունը զգում է յուրաքանչյուր ադրբեջանցի՝ ունենալով մարդկային կորուստներ:

Հայոց բանակի զինվորը երբեք չի տառապում ռազմատենչությամբ, բայց ի զորու է արժանի պատասխան տալ  նման հոխորտանքի յուրաքանչյուր դրսեւորման: Հայոց բանակի զինվորը երբեք չի հարձակվել ուրիշի տան վրա ու միշտ նվիրումով, հաճախ էլ՝ կյանքի գնով, պաշտպանում է իր երկրի՝ իր տան անվտանգությունը: Այս օրերին էլ հայկական բանակի մի խումբ սպաներ ու զինվորներ հակառակորդի դիվերսիոն գործողությունները կասեցրին իրենց կյանքի գնով եւ ընկան հերոսաբար:

Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր հերոսների հիշատակը…

Շնորհակալություն:

Հարգելի բարեկամներ,

Ի դեմս այսօր Ազգային ժողովում հյուրընկալված զինվորների ու սպաների` Բանակի օրվա գալիք տոնի առթիվ շնորհավորում եմ բանակի բոլոր զինծառայողներին՝ անկախ նրանց կոչումից ու զբաղեցրած պաշտոնից: Առանձնահատուկ շնորհավորում եմ նրանց, ովքեր հենց այս պահին դիտակետում եւ խրամատում իրականացնում են մարտական հերթապահություն: Շնորհակալ եմ ձեր նվիրումի, հայրենասիրության ու քաջության համար:

Երախտագիտությունս եմ հայտնում մեր զինծառայողների ծնողներին: Թող ամեն բացվող օր նրանք դիմավորեն ժպիտով ու իրենց զավակներից կամ նրանց մասին լսած բարի լուրով:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում եմ առողջություն, խաղաղություն եւ անվտանգ ծառայություն, իսկ մարտական հերթապահության ընթացքում վիրավորված զինծառայողներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031