Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում՝ ադրբեջանցի դիվերսանտների մասին. «Նրանք հանցագործներ են և ոչ թե գերիներ»

Հունվար 28,2015 10:20

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի երկրորդ օրն ազատ դեբատների ժամանակ ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի՝ ադրբեջանցի դիվերսանտների մասին հարցին անդրադառնալով՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Անակնկալ չէր փաստերի աղճատմամբ, իրողությունների խեղաթյուրմամբ լեցուն նրա խոսքը: Բայց, թերևս ես կհիասթափեցնեմ բոլոր նրանց, ում դա հաճելի է եղել, քանի որ ադրբեջանական պատվիրակության ելույթներն իրենց նախագահի ելույթների վատ կրկնօրինակն են, քանի որ վերջինս վարպետ է ամեն ինչ խեղաթյուրելու, ինչին մենք ականատես եղանք հունիսյան նստաշրջանին»:

Անդրադառնալով դիվերսանտներին՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Նրանք գերիներ չեն, այլ հանցագործներ, որոնք սպանություն են կատարել: Ղարաբաղյան կողմը ամբողջովին հավատարիմ է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ ` գերիների հարցերով: Սակայն սա այդ դեպքը չէ: Նրանք հանցագործներ են և ոչ թե գերիներ»:

Այնուհետև հայ պատվիրակը սկսեց ելույթը. «Մարդկության քաղաքակիրթ հատվածը պատրաստվում է նշել Օսմանյան կայսրության կողմից իրագործված հայկական ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Ցեղասպանություն իրականացրած Թուրքիան շարունակում է դրա հերքումը: Ավելին, բանտարկում է բոլոր նրանց, ովքեր փորձում են խոսել Հայոց ցեղասպանության մասին՝ մեղադրելով նրանց թուրքականությունը վիրավորելու մեջ»:

Նա նշեց, թե Թուրքիայի՝ ցեղասպանության ժխտման խոր պատճառներն ակնհայտ են զինված աչքի համար: Ըստ պատվիրակի՝ դա ցեղասպանության շարունակականություն է. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը իսկապես իրականություն էր և այն իսկապես ցեղասպանություն էր: Ցեղասպանություն, որի զոհերը, վերապրածները և նրանց սերունդները,նույնիսկ հարյուր տարի անց սպասում են ճանաչման և արդարադատության»:

Զարգացնելով ցեղասպանության շարունակականության թեման՝ Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց. «Շարունակականությունը միևնույն տարածքներում, միևնույն երկրում, միևնույն երկրի կողմից, միևնույն մարդկանց կողմից: Մի´ խաբեք ինքներդ ձեզ: Մի´ եղեք երեսպաշտ՝ ասելով, որ այսօրվա Թուրքիան ոչնչի համար մեղավոր չէ, որ դրա քաղաքացիները համարյա եվրոպացիներ են և որ ցեղասպանությունը անցյալի հարց է…»:

Նա հիշեցրեց այն, որ հայ լրագրող Հրանտ Դինքը սպանվեց թուրք ազգայնամոլների խմբի կողմից: Այս առիթով Արփինե Հովհաննիսյան ասաց. «Մենք դեռ սպասում ենք, որ այս հանցանքի մեղավորները կստանան իրենց արդարացի պատիժը: Հորինված Անատոլիա անունով կոչվող Արևմտյան Հայաստանի հայկական հսկայական մշակույթային ժառանգության գրեթե բոլոր հուշարձանները ոչնչացվել են Թուրքիայի կողմից: Թուրք ղեկավարները, որպես վիրավորանք են ընդունում, երբ իրենց հայ են անվանում: Ավելին, վերջերս Սիրիայում՝ Դեյր-Էլ-Զորում, իրականացվեց հայկական եկեղեցու պայթեցումը ‹‹իսլամական պետության» կողմից, որը, ինչպես նշվում է, իրականացվել է Թուրքիայի աջակցությամբ: Դեյր-Էլ-Զորը իրենց տներից վտարված և Սիրիայի անապատներում մահվան դատապարտված ցեղասպանության զոհերի վերջին հանգրվանն էր»:

Արփինե Հովհաննիսյանի բնութագրմամբ՝ Թուրքիան «աշխարհի ուշադրությունը Հայաստանում տեղի ունեցող մեծ իրադարձություններից շեղելու և ցեղասպանության հիշատակը մթագնելու համար՝ հայկական ցեղասպանության տարելիցի օրը վիճարկվում է Արևմտյան դաշնակիցների ջախջախման օրով՝ Գալիպոլիի ճակատամարտի օրով, որը մշտապես նշվել է ավելի վաղ` մարտ ամսին»: Այնուհետև շարունակեց թվարկել Թուրքիայի իրականացրած վայրագությունները. աջակցություն Իրաքում և Սիրիայում եզդիների, քրիստոնյաների, ասորիների, շիաների,ալավիտների և այլ փոքրամասնությունների ցեղասպանության իրականացմանը այսպես կոչված ‹‹իսլամական պետության» կողմից, որի վայրագությունները համեմատելի են միայն 20-րդ օսմանյան զորքերի կողմից հայերի դեմ կատարված վայրագությունների հետ:

Արփինե Հովհաննիսյանը պատվիրակներին կոչ արեց ներգործել ցեղասպանությունը դեռևս պաշտոնապես չճանաչած իրենց կառավարությունների վրա հայկական ցեղասպանությունը իր անունով կոչելու համար, որպեսզի ցույց տրվի զեղծարար չարիքի իշխանության և մեծ քաղաքականության կեղտոտ բանակցությունների նկատմամբ անհնազանդությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031