Լրահոս
Օրվա լրահոսը

Կոպենհագենում նշվեց Աուշվիցի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-րդ տարելիցը

Հունվար 28,2015 17:25

1945թ. հունվարի 27-ին ազատագրվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գերմանական համակենտրոնացման ճամբարներից ամենասարսափելիի՝ Աուշվիցի ճամբարը: Այն հաճախ կոչվում է նաև մահվան ճամբար, քանզի այնտեղ մտնողները դուրս չէին գալիս այլևս: Երեկ՝ 2015թ.հունվարի 27-ին, նշվում էր Աուշվիցի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-ամյա տարելիցը:

Տարելիցի կապակցությամբ հիշատակի օր էր կազմակերպել նաև Կոպենհագենի քաղաքապետարանը: Տարելիցին նվիրված միջոցառումը բացեց Կոպենհագենի մշակույթի հարցերով քաղաքապետ Կառլ Քրիստիան Էբբեսենը: Ընդգծելով, որ Աուշվիցի ճամբարը սև բիծ է թողել համաշխարհային պատմության մեջ, քաղաքապետը հիշատակեց նաև Հայոց ցեղասպանությունը՝ նշելով, որ մինչ Աուշվիցի ճամբարը՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1915թ. ապրիլի 24-ին, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը: Հիշատակի միջոցառմանը ներկա էին Դանիայի Թագավորությունում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանը, ինչպես նաև Դանիայի և Նորվերգիայի Թագավորություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Աղաջանյանը:

Միջոցառման առանցքն Աուշվիցի ազատագրումն էր: Քաղաքապետը մատնանշեց, որ այսօր դեռևս տեղի են ունենում ցեղասպանություններ, ինչպես, օրինակ, Դարֆուրում, որոնք նույնպես պետք է ուշադրության արժանացնել:

Այնուհետև ելույթ ունեցավ Դանիայի Թագավորությունում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Բարուխ Բինան: Նա ընթերցեց նշանավոր հրեա բանաստեղծ Նաթան Ալթերմանի պոեմի «Մայրի՛կ, կարո՞ղ եմ այժմ լաց լինել» հատվածը: Ինչպես նշեց Կոպենհագենի քաղաքապետը, պոեմը ազատության համաշխարհային պատմություն է: Երեք տարեկան աղջնակը չէր կարող լաց լինել գերմանացիների կողմից բացահայտվելու վտանգից: Եվ երբ 1945թ. մայիսին վտանգն անցնում է, նա հարցնում է մորը, թե կարո՞ղ է, արդյոք, արդեն լաց լինել:

Հաջորդիվ ելույթ ունեցավ Դանիայի ազգային թանգարանի տնօրեն Հենրիկ Սկով Քրիստենսենը: Նա ներկայացրեց իրադրությունը Դանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին տարվա ընթացքում: Նա, մասնավորապես, նշեց, որ Դանիան գերմանական ճնշման տակ էր, քանի որ գերմանացի վիրավոր զինվորները և փախստականները մեծ թիվ էին կազմում Դանիայում: Նրանց մուտքը, բնականաբար, ողջունելի չէր: «Դանիական հասարակության ներսում մեծ ակնկալիք կամ վախ կար, որ Դանիայի ազատագրումը տեղի կունենա դանիական հողում պայքարից հետո»,- պատմում է Քրիստենսենը: Այդ հավանական պատերազմն արդեն մոտենում էր, երբ հրաշք տեղի ունեցավ, և Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց: Մայիսի 5-ի կապիտուլյացիային հաջորդող գիշերը գերմանական ռազմածովային ուժերի 11 զինծառայողներ մեղադրվեցին և մահապատժի ենթարկվեցին: «Ազատագրման առաջին քսանչորս ժամերն ամենաարյունոտն էին»,- նշում է թանգարանի տնօրենը:

Այս ելույթին հաջորդեց հրեական ժողովրդական երաժշտության ունկնդրում՝ Ակսակյան երաժշտական խմբի կատարմամբ:

Auchwic

Երաժշտական դադարից հետո ելույթ ունեցան պրոֆեսոր Սթեֆան Իվերսենը և դերասան Յենս Ալբինուսը: Իրենց ելույթի ընթացքում նրանք ներկայացրին Աուշվիցի ճամբարը վերապրածների՝ հիշատակման արժանի մի քանի հիշողություններ: Նշվեց, որ այդ հիշողությունները պատմել են մարդիկ, ովքեր սեփական աչքերով են տեսել համակենտրոնացման ճամբարների ողջ դաժանությունը: Իվերսենը մեկնաբանեց, իսկ Ալբինուսն ընթերցեց դրանք: «Հիշողության մանրամասները կարևոր են, քանի որ մեզ տալիս են այն անհանգստությունը, որը մենք չենք ցանկանում տեսնել: Այն ստիպում է մեզ լսել: Այն հիշեցնում է մեզ, թե որքան մեծ կարող են լինել ազատությունից զրկվելու վտանգի չափերը»,- նշեց Իվերսենը:

Նշելով, որ ցեղասպանությունն ընդամենը անցյալում կատարված իրադարձություններ չէ, քաղաքապետը ներկայացրեց լրագրող Մալենե Հաականսսոնին, որը 2005թ. աշխատել է Դարֆուրում վերջինումս տեղի ունեցած ցեղասպանության տարիներին: Նա հատվածներ ընթերցեց «Դարֆուր. մոռացված ցեղասպանությունը» վերնագրով իր գրքից, որտեղ նկարագրվում են Դարֆուրի ցեղասպանության դեպքերը:

Այս ելույթին կրկին հաջորդեց վերոնշյալ խմբի կողմից հրեական երաժշտության կատարումը, որից հետո ավարտի խոսքով հանդես եկավ Կոպենհագենի քաղաքապետը: «Սա մի օր է, որը ուժեղ զգացմունքներ կարթնացնի և հարցականի տակ կդնի այսօրվա աշխարհի վիճակը: Մենք պետք է իմանանք, թե որքան արժեքավոր է մեր ազատությունը: Ահա թե ինչու մենք պետք է շարունակենք խոսել Հոլոքոսթի և ցեղասպանության մասին»,- նշեց քաղաքապետը՝ ավելացնելով, որ հակառակ դեպքում հնարավոր է, որ երիտասարդությունը չիմանա այդ ամենի մասին, և պատմությունը կրկնվի:

Սոսե Մայիլյան

Կոպենհագենի համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031