Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգևորականը ծնող, եղբայր և ընկեր է զինվորի համար

Հունվար 28,2015 23:03

«Երբ զորամաս մտնելիս զինվորները մոտենում են և ասում. «Արսեն սարկավա´գ, կարո՞ղ ենք խոսել», հասկանում եմ, որ ես անելիք ու առաքելություն ունեմ իրենց մեջ»

Արսեն սարկավագ Մաթևոսյանը ՀՀ ԶՈՒ-ում սպասավորող հոգևորականներից է:

Պատմությունը վկայում է, որ հոգևորականը մշտապես ներկա է եղել բանակային կյանքում, զինվորներին առաջնորդել, ոգևորել ու աջակից եղել մարտի դաշտում: Այդ առաքելությունը շարունակվում է նաև այսօր: «Երկու տարվա ընթացքում հոգևորականը զինվորի համար դառնում է ծնող, եղբայր, ընկեր, և, առհասարակ, վստահելի անձնավորություն, և սա մեծ պատիվ է մեզ համար»:

Զինվորների հետ հոգևոր դասերի, զրույցների անցկացումը բանակում հոգևորականի ծառայության մի մասն է: «Բանակային առօրյան հագեցած է օրվա կարգացուցակով, և  մեր կազմակերպած լսարանային հանդիպումները գալիս են մի տեսակ համ ու հոտ տալու այս ամենին: Կարևորում ենք նաև անհատական շփումները, որոնց շնորհիվ, ճանաչելով  զինվորի ներաշխարհը, կարողանում ենք հասկանալ նրան և ճիշտ ճանապարհով առաջնորդել»,-ասում է մեր զրուցակիցը: Հոգևորականը կարևորում է նաև զինվորին քրիստոնեական գիտելիքներով հարստացնելը, ազգային-հայրենասիրական ոգի ներշնչելը, նրա գիտակցական մակարդակն առավել բարձրացնելը, «որպեսզի կարողանա իր ճիշտ տեղը գտնել և հաջողել ծառայության մեջ»:

Արսեն սարկավագի խոսքով` ամեն զորամաս մի համայնք է, և հոգևոր առաջնորդը նաև պատասխանատուն է իրեն վստահված համայնքի: Նա զինվորներին քաջալերում է քրիստոսաշունչ և հայրենաշունչ հորդորներով, ինչպես նաև  ունկնդիր լինում նրանց խնդիրներին և օգնում իր խորհուրդներով: Այս ամենի շնորհիվ անգամ զորացրվելուց հետո զինվորները չեն կորցնում հոգևորականի հետ կապը: «Չեն մոռանում, որ, հանձին հոգևորականի, իրենք ունեն ընկեր, բարեկամ, ով միշտ պատրաստ է օգնել իրենց: Եվ այս ամենը կարծես պարտավորեցնում է ինձ մինչև վերջ նվիրվել իմ ծառայությունը: Կարևոր չէ` դու այդ պահին հոգնած կամ սպառված ես. եթե զինվորը խոսելիք ունի, ուրեմն` շատ կարևոր է, և պետք է անպայման լսել`օրվա  ցանկացած ժամի»:

Արսեն սարկավագն իր ծառայությունն է բերում նաև Խաչիկ գյուղի Սբ Աստվածածին եկեղեցում, և նրա նախաձեռնությամբ ստեղծված մանկական երգչախումբը սպասված հյուր է զորամասում: Արդեն վեց ամիս սպասավորող հոգևորականի շնորհիվ Խաչիկ գյուղում հոգևոր կյանքի արթնության սկիզբն է դրվել: «Հայրենիքի պաշտպանությունը սկսում է սահմանից: Եվ եթե զինվորը սահմանի վրա է պաշտպանում երկիրը, ժողովուրդն էլ թիկունքի պաշտպանությունում է: Եվ այս պարագայում առավել կարևորվում է ժողովրդի մեջ ազգային-հոգևոր արժեքների ամրապնդումը` սկսած մատաղ սերնդից»: Արսեն սարկավագի աշակերտները` երեխաները սովորում են ինչպես հոգևոր, այնպես էլ ազգային-հայրենասիրական երգեր, «որպեսզի կրթվեն, դաստիարակվեն որպես Քրիստոսասեր և հայրենասեր անձինք»: Ի վերջո, հոգևորականը ժողովրդին Աստծո խոսքով կերակրող անձն է: «Սուրբ Գիրքն ասում է. «Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5.16):  Այսինքն` հոգևորականը կենդանի օրինակ պետք է լինի, և, օրինակ լինելով, պետք է առաջնորդի Աստծո հոտը»,-նշում է մեր զրուցակիցը:

Նա այժմ, գիտակցելով իր ընտրած ուղու կարևորությունն ու պատասխանատվությունը, նշում է. «ինձ համար թերևս պատահական, բայց իրականում Աստծու կամոք հայտնվեցի Գևորգյան հոգևոր ճեմարանում: Մի անսովոր ու տարօրինակ միջավայր էր դա, դպրոցական տարիներիս ընթացքում էլ երբեք չէի մտածել հոգևորական դառնալու մասին, սակայն եկել էի ոգևորված, քանի որ հայոց պատմության և գրականության էջերից ծանոթ էի երևելի մարդկանց, ովքեր ճեմարանում էին կրթություն ստացել: Թեև անհաստատ էին առաջին քայլերս, սակայն ընդունվելուցս մեկ շաբաթ անց արդեն հստակ որոշել էի հոգևորականի ուղին ընտրել և ծառայել իմ ժողովրդին»:

Հոգևորականն է Աստծո խոսքով մխիթարում ու քաջալերում ժողովրդին, ոգի տալիս և ամրացնում գաղափարապես: «Այս ընթացքում սահմանային շատ դեպքերի ականատես եղանք, և մաղթում, հորդորում եմ զինվորներին, որ երբեք չկորցնեն իրենց ոգին ու արիությունը: Սուրբ Գիրքն ասում է. «Պայքարի՛ր հանուն ճշմարտության, և Տեր Աստված կպայքարի քեզ հետ» (Սիրաք 4.33): Եթե Աստված մեզ հետ է, ումի՞ց կարող ենք վախենալ»:

Մարիամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031