Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է Հայաստանի «ԵՏՄ-ական» անվտանգությունը

Հունվար 29,2015 16:30

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայաստանում
ռուսական ռազմաբազայի պայմանների վերանայման հիմք չի տեսնում

– Անցած մեկ տարվա ընթացքում, երբ քննարկվում էր Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցը, իշխող դասի ներկայացուցիչները իբրեւ առաջնային նախապայման մատնանշում էին Հայաստանի անվտանգությունը: Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո մեր հարեւան Ադրբեջանն իրեն առավել սանձարձակ սկսեց պահել: Իսկ ռազմավարական գործընկեր ՌԴ-ի գործողությունները, մասնավորաբար, Ադրբեջանին զենքի վաճառքը շարունակելը, ՌԴ պաշտոնյաներից հնչող տարբեր քաղաքական հայտարարությունները փաստում են, որ ՌԴ-ն նույնիսկ աջակցում է Ադրբեջանին՝ իր սանձարձակ պահվածքում: Գյումրիում կատարվածն էլ, կարծես, հետք թողեց հայ-ռուսական հարաբերությունների վրա: Ստացվում է, որ Հայաստանը ԵՏՄ-ում ավելի քիչ պաշտպանված է, քան մինչ այդ էր:

– ԵՏՄ-ի անդամակցությամբ անվտանգության համակարգի ձեւավորումն առավել գլոբալ համակարգի ձեւավորմանն է վերաբերում: Այսինքն՝ միջավայրի ուսումնասիրման եւ սպառնալիքների գնահատման արդյունքում համապատասխան կառույցների, սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով համալրմանը, ինչպես նաեւ միջազգային համագործակցության շրջանակներում միջազգային երաշխիքների ձեւավորման արդյունքում համակարգի ձեւավորմանը: Այդ առումով աշխատանքները մշտապես տարվում են: ՌԴ-ի կողմից մշտական կատարվող աջակցությունը ՀՀ-ին՝ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում, մշտական է: Նաեւ՝ քննադատության առիթ չի կարող լինել:

Ինչ վերաբերում է սահմանների լարվածությանը, դա Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունն է: Ի վերջո, ԵՏՄ-ն ռազմաքաղաքական կառույց չէ, այլ տնտեսական կառույց է: Ռազմաքաղաքական կառույց ՀԱՊԿ-ն է: ՌԴ-ի՝ Հայաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցության խնդրի շրջանակներում եւ ռուսական ռազմաբազայի առկայությունն ավելի գլոբալ հարց են լուծում՝ անվտանգություն ապահովելով հատկապես Թուրքիայի սահմանից: Ադրբեջանի հետ մենք որեւիցե խնդիր չունենք:

ՌԴ-ի կողմից Ադրբեջանին սպառազինության եւ ռազմական տեխնիկայի մատակարարման մասով էլ՝ իհարկե, ինչպես յուրաքանչյուր հայի, այնպես էլ ՀՀ պաշտպանության նախարարին դա մտահոգում է: Կարծում եմ, որ մենք տարբեր տեղեր այդ մասին բարձրաձայնում ենք: Հասկանալի է, չէ՞, բարձրաձայնելուց բացի՝ մենք չենք կարող ազդել նրանց գործողությունների վրա:

Իսկ Գյումրիում կատարվածը երբեւիցե չի կարող ազդել ոչ հայ-ռուսական հարաբերությունների, ոչ Հայաստանի ինքնիշխանության վրա: Մենք ավելի խորը, հեռանկարային համագործակցության խնդիրներ ունենք: Ի վերջո, ռազմավարական գործընկերներ ենք:

– ՀԱՊԿ-ի շրջանակներում հայկական կողմը բարձրացրե՞լ է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարց: Ի՞նչ արձագանքներ են եղել:

– ՀԱՊԿ-ի շրջանակներում այդ մասին չենք խոսել:

– Նախօրեին ՀՀ ԱԳ նախարարն ասաց, որ հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմաններում լարվածության առիթով իր ղեկավարած գերատեսչությունը դիմել է միջազգային կառույցներին, այդ թվում նաեւ՝ ռազմական, այդ թվում նաեւ՝ ՀԱՊԿ-ին: ՀՀ ՊՆ-ն ՀԱՊԿ-ի շրջանակներում քննարկե՞լ է այդ հարցը:

– Յուրաքանչյուր կառույց իր խնդիրն է կատարում: ՀՀ ԱԳՆ-ն իր առջեւ դրված խնդիրն է իրականացնում՝ համապատասխան նոտաներով փորձելով քաղաքական դաշտում ազդեցություն գործել հակառակորդի վրա: Այդ համատեքստում էր նաեւ հանրապետության նախագահի ելույթը: Մեր՝ ՀՀ ՊՆ-ի խնդիրն այսօր պատրաստ լինելն է. եթե այդ բոլոր միջոցները չեն ազդում, մենք, անկասկած, միշտ էլ պատրաստ ենք:

zinvor

– Այսինքն՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանը կարիք չունի՞ ՀԱՊԿ-ի օգնությանը դիմելու:

– Ադրբեջանի հետ հարաբերություններում ՀԱՊԿ-ի օգնությանը դիմելու կարիք չկա, մեր գործողություններով դա ակնհայտ երեւում է, չնայած մենք ունենում ենք զոհեր: Հավերժ փառք եւ խոնարհում նրանց հիշատակի, նրանց հարազատների առջեւ: Այնուհանդերձ, ես գտնում եմ, որ այսօր Հայկական բանակի ոգին այնքան բարձր է, որ նաեւ զինվորները, սպաները, պայմանագրային զինծառայողները պատրաստ են իրենց կյանքի գնով մեր հայրենիքը պաշտպանել:

– Որքան էլ որ կարեւորվում է Գյումրիում ռուսական ռազմաբազայի առկայությունը, այնուհանդերձ՝ նաեւ փաստ է, որ ռազմաբազայում ներքին կարգուկանոնի խնդիր կա: Դրա ականատեսը եղել ենք քանիցս: Գոնե այս առումով հայկական կողմը պատրաստվո՞ւմ է վիճարկել ռազմաբազայի գոյության պայմանները:

– Մենք գնահատել ենք ռուսական ռազմաբազայի այսօրվա իրականությունը եւ կարողությունները: Ռազմաբազան տարեցտարի կատարելագործվում է, եւ նոր սպառազինություն են ուղարկում այստեղ, եւ նաեւ այսօրվա հրամանատարությունն ավելի պարտաճանաչ է վերաբերվում: Այլ բան է այսպիսի բացթողումը կարգապահության ոլորտում, որի շուրջը ՌԴ պաշտպանության նախարարությունը, կարծում եմ, աշխատում է: Ծառայողական քննություն են անցկացրել, իրենք համապատասխան որոշումներ կընդունեն:

Չեմ ուզում գովաբանել ռազմաբազայի ղեկավարությանը, բայց գնդապետ Ռուզինսկին ամենաբարձր պատրաստակամություն եւ աշխատանքային նվիրվածություն ունեցող ղեկավար է:

– Իսկ այն, որ չնայած հայկական կողմի բարձրաձայնումներին, ինչպես Դուք եք ասում՝ ՌԴ-ն շարունակում է Ադրբեջանին բավական մեծ քանակությամբ հարձակողական զենք վաճառել, հայկական կողմին հիմք չի՞ տալիս վերանայելու ռուսական ռազմաբազայի գոյության պայմանները: Գոնե ռուսական կողմի վրա դրվեն ռազմաբազայի գոյության այն բոլոր ծախսերը, որոնք հոգում է Հայաստանը՝ ի հակառակ քաղաքակիրթ աշխարհում ընդունված հարաբերությունների:

– Հիմք չի տալիս վերանայելու, քանի որ բոլոր այն վճարները, որոնք կատարվում են, իրականացվում է նախկինում գոյություն ունեցող «Գույք պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում: Նախկինում մենք բավականին մեծ քանակությամբ սպառազինություն ենք բերել ու ռազմաբազայի ծախսերը վճարելով՝ իրականում այդ գումարն ենք մարում:

Այդ զինտեխնիկան իր արդիականությունը չի՞ կորցրել:

– Ոչ: Ի թիվս այլ զինտեխնիկայի՝ նաեւ տանկեր են բերվել, որոնցով մերոնք այսօր երկրորդ տեղն են գրավում:

– Նախօրեին պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով Ադրբեջանի կեցվածքին՝ բավական կոշտ հակադարձումներ արեց՝ մասնավորաբար նկատելով. «Մինչեւ վերջերս մեր ձեռնարկած պատասխան գործողությունները եղել են սիմետրիկ իրենց ձեւով եւ ասիմետրիկ՝ ավելի մեծ կորուստներ հասցնելու առումով: Այսուհետ կարող են տեղի ունենալ նաեւ ձեւով ասիմետրիկ հատուցման գործողություններ: Տաք գլուխները բազմաթիվ անակնկալների պիտի սպասեն: Ավելին՝ մեր սահմաններին եւ շփման գծի երկայնքով ավելի մեծ եւ սպառնալից կուտակումների պարագայում մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը»: Սա նշանակում է, որ լայնածավալ պատերազմական գործողությունների սպառնալիքն իրակա՞ն է:

– Գտնում եմ, որ լայնածավալ գործողությունների սպառնալիք միշտ էլ կա, բայց այսօրվա իրականությունը դրա մասին չի խոսում: Պարզապես գոյություն ունի հրադադարի պայմանագիր, որը չի կատարվում, ու դա ջղայնացնում է մեզ: Մենք պայմանավորվում ենք հրադադար պահպանել, իրենք տարեցտարի լարվածությունն ավելացնում են: Նախագահի ասածի հիմքում ընկած էր՝ կամ պահում ենք հրադադարը, կամ էլ՝ չնեղանաք:

– Դուք եւս այն կարծիքին եք, որ սահմաններում լարվածություն պահելով՝ Ադրբեջանը երկու խնդիր է լուծում՝ շեղել սեփական հանրության ուշադրությունը ներքին խնդիրներից եւ միջազգային հանրությանը քաղաքական զիջումների դրդել: Ադրբեջանից կարծիքներ են հնչում, որ սահմաններում լարվածությունը ձեռնտու է նաեւ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, քանզի մեր երկրում էլ սոցիալ-տնտեսական խնդիրները, մեղմ ասած, քիչ չեն:

– ՀՀ նախագահի ելույթում հստակ երեւաց, որ մենք կողմնակից չենք իրավիճակը լարելուն, բայց նաեւ չենք հանդուրժի, երբ փորձում են լարվածություն ստեղծել: Մանավանդ, որ առաջնագծում մենք ունենում ենք նաեւ զոհեր: Մեր ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի մեջ երբեւիցե չի եղել ինչ-որ բան շեղել մեր զինվորի կյանքի գնով: Ներսում կարող է շատ բան լինել, բայց զինվորի կյանքը, մարդու կյանքն ամենաթանկն է մեզ համար, ու Հայաստանը գնում է մարդակենտրոն բանակի վերջնական ձեւավորման: Մեզ համար այսօր արդեն իսկ զինվորը ոչ թե ռեսուրս է, այլ անհատականություն, ով իր անձնուրաց գործողություններով պաշտպանում է հայրենիքը, ումից կախված է ամեն ինչ:

Զրույցը՝
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
28.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031