Լրահոս
Օրվա լրահոսը

Վետերանն ու քաղաքականությունը

Հունվար 29,2015 10:04

Մեր պետությունը՝ իշխանությունը, քաղաքական ուժերը, հասարակությունը 20 տարվա ընթացքում չեն կարողացել մշակել պատերազմի վետերանների՝ քաղաքականությանը մասնակցելու համոզիչ բանաձեւ: Մի կողմից` նախկինում պատերազմին մասնակցած մարդը, ինչպես եւ Հայաստանի ցանկացած այլ քաղաքացի, իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ, իր տեսակետը հայտնելու այս կամ այն քաղաքական խնդրի շուրջ:

Թե որքանով իր կարծիքը կլինի հեղինակավոր, որքանով է դա պայմանավորված իր «կռված» լինելու փաստով` դա չափազանց անհատական խնդիր է: Կան ազնվորեն կռվածներ, որոնց քաղաքական հեղինակությունն այսօր հավասար է զրոյի, կան չկռվածներ, որոնք քաղաքացիների այս կամ այն շրջանակներում հարգանք են վայելում:

Մյուս կողմից՝ երբ պատերազմի վետերանների հասարակական կազմակերպությանը տալիս են քաղաքական իրավասություններ, դա խիստ բացասական երեւույթ է: «Երկրապահները», «հակաերկրապահները», ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական վետերանների միությունները դրա վառ ապացույցն են: Եթե գեներալ Սեյրան Սարոյանը ճիշտ է, որ այդ՝ հակադիր ճամբարների վետերանները հավաքվում են, խմում են ու սկսում են իրար ծեծել՝ դա նույնպես մեր միասնության լավագույն դրսեւորումը չէ: Մի խոսքով՝ անհատը կարող է լինել ցանկացած կուսակցության անդամ, բայց հասարակական կազմակերպությունը չպիտի քաղաքականացվի:

Ահա այս երկվության տակից երեկ չկարողացավ դուրս գալ մեր մյուս պատգամավոր-գեներալը՝ Մանվել Գրիգորյանը: Նա նախ ասաց, որ երկրապահներին քաղաքականության մեջ ներքաշելը վատ է, իսկ հետո՝ արդարացնելով այն փաստը, որ ինքը՝ երկրապահների ղեկավարը լինելով, միաժամանակ ԱԺ պատգամավոր է եւ ՀՀԿ խմբակցության անդամ, նշել է, որ «պատգամավորությունն ու քաղաքականությունը տարբեր բաներ են»: Ինչը, իհարկե, ծիծաղելի է:

Այստեղ կա եւս մի կարեւոր պահ: Գեներալ Մանվելը, իր բոլոր արժանիքներով եւ ծառայություններով հանդերձ, անգրագետ մարդ է: Բայց մեր ուսյալ մտավորականության գրեթե 100 տոկոսը նույնպես ցանկանում է իրեն տարանջատել քաղաքականությունից՝ ներկայացնելով այն որպես անբարոյական աթոռակռիվ, կեղտոտ պայքար տնտեսական լծակների համար: Դա, անշուշտ, ներկայիս Հայաստանում առկա վիճակն է: Ինչպիսի անուն դնես երեւույթին, այդպիսին էլ այն կլինի: Երբ դու րոպեն մեկ ասում ես, որ կյանքը անտանելի է, այն իսկապես անտանելի է դառնում: Երբ դու ասում ես, որ հիմա կմրսես ու կհիվանդանաս, շատ մեծ է հավանականությունը, որ դա տեղի կունենա: Գուցե փորձենք քաղաքականությունն ա՞յլ կերպ հասկանալ:

…Իսրայելի քաղաքական վերնախավի գերակշռող մասը արաբա-իսրայելական պատերազմների վետերաններ են՝ այդպես էր այդ երկրի ամբողջ պատմության մեջ: Այդ վետերանները երբեք չեն էլ ասել, թե քաղաքականությամբ չեն զբաղվում: Տարբերությունը, սակայն, այն է, որ նրանք գրագետ են:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    «պատգամավորությունն ու քաղաքականությունը տարբեր բաներ են»… հանճարեղ է ասված: Գրողը չի ժամանակի հայելին` Մանվելն է ժամանակի հայելին: Մնացած բառերն ավելորդ են:

  2. Ջիվան Նադարյան says:

    Համաձայն եմ, որ մեր ուսյալ մտավորականները քաղաքականությունը այլ կերպ պետք է հասկանան ,այլ ոչ թե պարզունակ դարձած աթոռակռիվ ու կեղտոտ պայքար ներկայացնելով, թեպետ ցավոք այսօր իրականում դա է գերակշռում: Իսկ ով պետք է այս ցավալի իրականությունը փոխի, եթե ոչ գրագետ ու իր երկրին նվիրված մարդը: Մեր ուսյալ մտավորականները պետք է թողնեն անվերջ տրտունջն ու անպտուղ մեղադրանքները,(ինչը այս տարիների մեջ համոզվել ենք, որ որևէ օգուտ չի բերում, այլ հակառակը…) որքան էլ դրանք առկա են, և կոտրելով տարիների կարծրատիպերը մուտք գործեն քաղաքականություն ու այնտեղի խավարը փոխեն իրենց ներսի լույսով : Գրագիտությունը, աշխատասիրությունը, կարգապահությունը անհրաժեշտ են, բայց ոչ լիարժեք պայման քաաղաքականությամբ զբաղվող մտավորակաների համար: Նրանց անհրաժեշտ է նաև ունենալ հոգևոր բարձր արժեհամակարգ, որը վստահ եմ ավելի կարևոր է: Ահա, այս դեպքում, կարծում եմ ,ամեն ինչ իր տեղը կնկնի:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031