Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվոր վարորդն իրեն մեղավոր էր ճանաչել

Հունվար 30,2015 14:30
zinvor

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014թ. հոկտեմբերի 23-ի դատավճռի դեմ բերվել է բողոք:

Վերաքննիչ դատարանը, դատավոր Արարատ Պետրոսյանի նախագահությամբ, կքննի Յուրիկ Բաբայանի գործով բողոքը:

Առաջին ատյանի դատարանն արագացված ընթացակարգով քննել է այս քրեական գործը:
Ամբաստանյալը միջնակարգ կրթությամբ է, ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում՝ որպես 2-րդ գումարտակի կապի դասակի վարորդ:

Ըստ գործի նյութերի, շարքային Յուրիկ Բաբայանը 2014 թ. օգոստոսի 29-ին, զորամասի սպորտհրապարակում, վեճի մեջ էր մտել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Չարողյանի հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածներ էր հասցրել նրան:

Մեղադրանքի կողմի համաձայն, նա դրանով իսկ խախտել էր զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, ինչի հետեւանքով վերջինիս առողջությանը պատճառվել է թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

2014թ. սեպտեմբերի 16-ին Յուրիկ Բաբայանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով եւ նույն օրը նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել հրամանատարության հսկողության հանձնելը:
Մինչեւ դատաքննությունը սկսելը՝ ամբաստանյալ Յուրիկ Բաբայանը կամավոր միջնորդել է դատարանին իր նկատմամբ կիրառել դատական քննության արագացված կարգ: Նա հայտարարել է, որ խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է դատաքննությունն արագացված կարգով անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ եւ իրեն մեղավոր է ճանաչում լիովին:
Ամբաստանյալ զինծառայողի միջնորդության դեմ մեղադրողը եւ տուժողը առարկություններ չեն ներկայացրել:

Ըստ գործի տվյալների, դատարանը հաստատված է համարել ամբաստանյալի խոստովանական ցուցմունքները, տուժող Դավիթ Չարողյանի, վկաներ Սերգո Օհանյանի, Էմանուել Խաչատրյանի եւ Վլադիկ Միրզոյանի կողմից նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:

Գործում առկա էր դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը՝ տուժողի վնասվածքների հետ կապված:

Դատարանը հանգել էր այն հետեւության, որ ամբաստանյալ Յուրիկ Բաբայանը կատարել է հանցագործություն` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, որով եւ նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության եւ պատժի:

Պատժի տեսակը եւ չափը որոշելիս դատարանը հաշվի էր առել հետեւյալը.
Յուրիկ Բաբայանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք դիտել էր այն, որ վերջինս բնութագրվում է դրական, պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքներ չկային:

Դատարանն ամբաստանյալ Յուրիկ Բաբայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված դրույթը` պայմանականորեն պատիժը չկիրառելու հնարավորությունը բացառել է, քանի որ «պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ հնարավոր չի լինի հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը եւ հանցագործությունների կանխմանը»:

Յուրիկ Բաբայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել 3 ամիս ժամկետով՝ կարգապահական գումարտակում պահվելով:

Յուրիկ Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց` հրամանատարության հսկողության հանձնելը թողնվել է անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

«Առավոտ» օրաթերթ
29.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031