Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ դատավորը ես չեմ

Հունվար 30,2015 15:00

Վերջին ժամանակներս իմ որոշ ընկերներից շնորհավորանքներ եմ ստանում Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատավոր նշանակվելու առիթով: Շնորհավորանքների համար շնորհակալություն, սակայն իմ ընկերներին պարտավոր եմ հայտնել, որ այդ Մնացական Հարությունյան դատավորը ես չեմ: Իմ ընկերներից շատերը դրան չեն հավատում, ասելով՝ այս երեք տարում դու ավելի շատ դատարաններում ես լինում, քան քո տանը, կեղծ համեստություն մի արա, դու ես հաստատ:

Իրականում այդ դատավորը ես չեմ, թեեւ իսկապես այս երեք տարում ես դատարաններից պրծում չունեմ: Իսկապես ես անհավասար եւ դաժան մարտեր եմ մղում Կոտայքի մարզի դատախազության, ոստիկանության, դատարանների, հարկային ու աշխատանքային տեսչությունների դեմ (վերջինս շատ շուտ զենքերը վայր դրեց՝ համոզվելով, որ գործ ունեն սարքած գործի հետ): Եվ պիտի ասեմ, որ մեծ մասամբ դատական գործընթացներում ինձ հաջողվեց հաղթել: Այն խոսակցությունները, թե Հայաստանում դատական համակարգը կայացած չէ, այնքան էլ ճիշտ չէ:

Դատարաններում, որտեղ պարտվել եմ, շատերի նման ես էլ հույսս դրել եմ Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների վրա, ծայրահեղ դեպքում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վրա:

Գուցե այս հանգամանքը հաշվի առնելով են իմ ընկերները մտածում, որ ՀՀ նախագահի կողմից ես նշանակվել եմ դատավոր: Ոչ, սիրելիներս, ինձ դատավոր չեն նշանակի, ես լրագրող եմ եւ իմ կռիվը դատական համակարգի դեմ դեռեւս չի ավարտվել:
Խոսեմ փաստերով: 2011 թվականից ինձ վրա «բաց թողեցին» մի ավանտյուրիստի (ես այդ բառն ազատորեն օգտագործելու իրավունքն ունեմ, քանի որ ուժի մեջ մտած վճռով ես ապացուցեցի, որ այդ անձնավորությունը իսկական, դասական ոճի ավանտյուրիստ է, որի զոհն են դարձել մի շարք անձինք):

Բայց, չգիտես ինչու, Կոտայքի մարզի դատախազները եւ ոստիկանները, հիմա նաեւ դատավորները դարձել են նրա հովանավորները: Հարց է առաջանում՝ ո՞վ է այս անձը, որ այսքան հովանավորներ ունի: Մի զարմացեք, հիմա կասեմ, պինդ բռնվեք: Մինչ այդ մամուլում եւ սոցցանցում տեղեկություններ էին տարածվել, թե իբր այս անձն ունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «դաբրոն»: Մի պահ ենթադրենք, թե այդ ամենը սուտ է եւ նա չի ունեցել այդ «դաբրո» կոչվածը, պարզապես նրա մտքովն անցել է, որ պետական մարմինների չինովնիկների վրա կարելի է ճնշում գործադրել եւ հաջողության հասնել: Բայց իրականում հասնում է: Ստացվում է, որ մեր օրերում Ն.Գոգոլի «Ռեւիզորի» Խլեստակովի դարաշրջանը վերածնունդ է ապրում մեր մոտ: Եվ այսպես, մեր նոր հերոսը ներկայացել է որպես Ղարաբաղյան ազատամարտի մասնակից եւ ՀՀ նախագահի կողմից «դաբրո» ստացած անձ, որի 7,5 միլիոն դոլար բյուջե ունեցող ֆիլմի համար ՀՀ նախագահը խոստացել էր նրան տրամադրել կես միլիոն դոլար: Եվ հենց այդ ժամանակ էլ ես՝ որպես լրագրող, չդիմացա եւ մամուլում հանդես եկա հրապարակումներով՝ բացահայտելով, որ այս ամենը ստահակություն եւ ավանտյուրա է: Նա ինձ դատի տվեց իր անձն ու պատիվը վիրավորելու եւ զրպարելու համար:

Դատը տեւեց մոտ երեք տարի: Ի վերջո դատարանը գտավ, որ իմ հրապարակումները ճիշտ են եղել: Նա ինձ նորից դատի տվեց, այս անգամ իբր «աշխարհահռչակ» «Օսկարի» արժանի իր ֆիլմը նկարահանելու ընթացքում ինքն աշխատել է «Հրազդան» հեռուստաընկերությունում, ոչ ավել, ոչ պակաս, քան եթերի հեռարձակման օպերատոր, օրավարձով փոխտնօրեն («օրավարձով փոխտնօրեն» բառերն ընդգծում եմ), ծրագրերի բաժնի ղեկավար եւ երկու ամիս աշխատավարձ չի ստացել: Կոտայքի մարզի դատախազությունն ու ոստիկանությունը նրա այս զրպարտագիրը հիմք ընդունելով՝ օրենքով նախատեսված 10 օրվա փոխարեն 11 ամիս ձգվող գործընթաց իրականացրին քրեական գործի նախապատրաստման համար եւ, վերջում հանցակազմի բացակայության պատճառով կարճելուց հետո, խորհուրդ տվեցին նրան քաղհայցով դիմել դատարան:

Միաժամանակ չմոռացան հանձնարարել հարկային տեսչությանը զուգահեռ ստուգումներ անել եւ բացահայտել հարկային խախտումներ: 9 ամիս (առավելագույնը 90 օրվա փոխարեն) սրանք էլ՝ ՊԵԿ օպերատիվ հետախուզության աշխատակիցների ներգրավմամբ, ստուգումներ անցկացրին եւ համապատասխան ակտով խախտումների արձանագրություն կազմեցին: Վերջում ՀՀ վարչական դատարանում ինձ հաջողվեց այդ արձանագրության բոլոր 21 կետերը (մի կետ մնաց միայն, որի դեմ անիմաստ էր պայքարել) դատարանի վճռով անվավեր ճանաչել տալ: Ու հենց այստեղ տեսնելով, որ դատարանում սուտ ցուցմունք տալու համար օրենքով նախատեսված պատժի պիտի արժանանա, այս ավանտյուրիստը դատարան ներկայացրեց օրենքով արգելված, իմ աշխատասենյակում տեղադրված գաղտնի սարքով ձայնագրված եւ ակնհայտորեն մոնտաժված երեք տարվա վաղեմություն ունեցող լրագրողի հետ իմ զրույցի ձայնագրությունը:

Վարչական դատարանի դատավոր Ա. Դարբինյանը, ճիշտ հասկանալով իրողությունը, դրանք չընդունեց, սակայն իր վճռում այս անօրինականությանը գնահատական չտվեց, մեր հարցմանը բանավոր պատասխանելով, որ ինքներս դիմենք իրավապահ մարմիններին: Բայց այստեղ արդեն Խլեստակովի սիմպտոմը նորից սկսեց գործել: Կոտայքի մարզի նորանշանակ դատախազ Վ. Ռշտունին, ի զարմանս մեզ, մերժեց մեր դիմումը, Կոտայքի մարզի առաջին ատյանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը, հավանաբար սուզված լինելով Վարդան Պետրոսյանի դատի մեջ, ակնհայտ տեսանելին անտեսելով, copy paste արեց դատախազի որոշումը: Իսկ Հրազդանի նորանշանակ դատավոր Տ. Փոլադյանը «Ռեւիզորի» դատավոր Լյապկին-Տյապկինի նման այնքան է շփոթված եւ վախեցած նորօրյա Խլեստակովից, որ խախտելով օրենքները, կատարում էր նրա բոլոր քմահաճույքները, նիստեր նշանակում հանգստյան օրով, վկաներին բերման ենթարկում հանիրավորեն: Քիչ էր մնացել հուսաբեկվեի, սակայն հիշեցի, որ գոյություն ունի իմ իրավունքների սահմանադրական երաշխավորը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Երկու անգամ դիմեցի նրան, խնդրելով հերքել կամ հաստատել, որ այս անձն արժանացել է իր «դաբրո»-ին եւ ապա ամեն դեպքում կարգի հրավիրել իրավապահ մարմիններին: Մշտազբաղ նախագահը, բնական է, անձամբ չէր զբաղվի այս հարցով, սակայն պարզվեց, որ նրա աշխատակազմը նույնպես թաղված է Խլեստակովշչինայի մեջ: «Դաբրոյի» հարցը ոչ հերքվեց եւ ոչ էլ հաստատվեց, դրա փոխարեն նամակներս ուղարկվեցին դատախազներին, ում գործողությունների դեմ բողոքել էի: Նման դեպքերում ասում են՝ «Ի շրջանս յուր»: Վերոհիշյալ այս պատմության մասին հրապարակում է եղել «Առավոտ» օրաթերթի «Բացառիկ կադրեր: Ինչպե՞ս եւ ինչո՞ւ են գործ սարքում լրատվամիջոցի դեմ» խորագրով, որը ունեցավ 50 000-ից ավելի ընթերցողներ: Այդ օրերին ինձ թվաց, թե ամեն բան իր տեղը կընկնի եւ դատաիրավական համակարգում հեղափոխություն կլինի, որովհետեւ ինձ, նաեւ մեր երկրի ընդդիմադիրներից շատերին, թվում էր, թե 50 000-ը կրիտիկական զանգված է հեղափոխություն անելու համար: Սակայն, ինչպես ասում են՝ «Ձայն բարբառո հանապատի» կամ՝ ձենը տակը, քարը վրան:

ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հրազդան» հեռուստաընկերության տնօրեն, Ժուռնալիստների միջազգային ընկերակցության անդամ

«Առավոտ» օրաթերթ
29.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031