Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «Ադրբեջանը պետք է ստանա քաղաքական ապտակներ, ճնշումներ եւ մեկուսացում»

Հունվար 30,2015 15:53

ԵԱՀԿ Մինսկի խումբը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հայտարարություն տարածեց, եւ կարծիքներ են հնչում, որ Մինսկի խմբի քաղաքականությունը փոխվել է, ավելի հասցեական է դարձել, համաձա՞յն եք դրա հետ: Այսօր լրագրողների հետ զրույցում այս հարցին ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Ելնելով տարածաշրջանում աճող լարվածությունից, Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը հաջողելու համար պետք է վերադառնալ ամենակարեւոր նախապայմանին՝ փոխադարձ վստահության մթնոլորտ, լարվածության թուլացում եւ հրադադարի ռեժիմի պահպանում: Տեղեկատվական եւ իրականության պարզ լույսի ներքո ուսումնասիրությունների արդյունքում, կարծում եմ, միջազգային հանրության համար այլեւս գաղտնիք չէ Ադրբեջանի գործողությունները՝ ե՛ւ քաղաքական առումով, ե՛ւ սահմանում լարվածության: Սահմանի լարվածությունը հենց այնպես չի, պարապ խաղեր չեն: Դրանով Ադրբեջանը քողարկելով իր ոչ կառուցողական լինելը բանակցային գործընթացում, աշխարհում ձեւավորվող կառավարելի քաոսի տանող իրավիճակից փորձում է նաեւ տարածաշրջանում որոշակի լարվածության ավելացում, սպառնալիքներ բերել եւ ավանտյուրաների գնալ: Դա արտահայտվում է դիվերսիոն պատերազմներով ինչպես ՀՀ-ի հետ սահմանում, այնպես էլ ԼՂՀ շփման գծում: Սրա առաջին շահագրգիռը եւ մտահոգ կազմակերպությունը Մինսկի խմբի համանախագահներն են: Այնպես չի, որ նրանք նախկինում շահագրգռված չեն եղել: Նախկինում հավասարակշռված մոտեցումները ցույց տվեցին, որ Ադրբեջանը շատ հեշտությամբ անտեսում էր»:

Արտակ Զաքարյանն ասաց, որ Մինսկի խմբի այդ հայտարարությունն առաջինն էր, եւ դրան պետք է կոշտ գործիքակազմ հետեւի եւ Ադրբեջանին ստիպեն. «ՀՀ պաշտպանության բանակը, ԼՂՀ ԶՈՒ-ն ստիպում են Ադրբեջանին պահպանել բոլոր ձեռքբերումները՝ ուժի միջոցով՝ զոհերի եւ վիրավորների գնով: Բայց միջազգային կազմակերպությունը պետք  կոնկրետ գործողություններ տանի, այլապես, ինչպես արդեն հայտարարվել է ամենաբարձր մակարդակով, ՀՀ-ն եւս համարժեք գործողությունների կդիմի: Իսկ սա նշանակում է, որ արդեն տարածաշրջանն ինքնին լրջագույն սպառնալիքների տակ կարող է հայտնվել»:

Թե պատերազմի վերսկսման վտանգ կա՞՝ Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ այդ վտանգը տեսական է միայն, գործնականում՝ կարծես չէ:  «Բայց այն մարտական գործողությունները, որոնք լոկալ դրսեւորումների մեջ արտահայտվում են սահմանի երկայնքով, դա ինքնին արդեն պատերազմի տեսակ է: Մենք գտնվում ենք մի փուլում, որը դժվար է անվանել խաղաղ, պաշտպանության եւ անվտանգության խնդիրները արդեն գերխնդիր են: Մինսկի խմբի համանախագահության դերը պետք է առավել քան կարեւորվի, իսկ այդ դերը կարեւորելու համար Ադրբեջանը պետք է ստանա քաղաքական ապտակներ, պետք է ստանա միջազգային գործիքակազմում առկա բոլոր այն ճնշումները եւ մեկուսացումը, որը թույլ կտա Ադրբեջանին արդեն լրջագույնս մտածել բանակցային գործընթացն առաջ տանելու մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031