Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզի քննչական բաժնի պետի նախկին տեղակալն իրեն մեղավոր համարեց, ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետը՝ ոչ

Հունվար 30,2015 22:03

Հունվարի 30-ին Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, շարունակվեց Տավուշի մարզի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ, փոխգնդապետ Արտակ Ավետիսյանի, ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ, փոխգնդապետ Անդրանիկ Ազիբեկյանի եւ «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանի դատավարությունը:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Իջեւանի բնակիչ,1965թ. ծնված Ա. Խոջումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. ապրիլի 1-ի ժամը 24-ի սահմաններում Իջեւանի «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի տարածքում, անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի զուգորդմամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հասարակության նկատմամբ: Դա արտահայտվել է օրինական կերպով Խոջումյանին ամրակցված եւ հրազեն հանդիսացող «Սայգա» տեսակի ինքնաձիգով, համալիրի բակ եկած Աշոտ Այդինյանի եւ Արսեն Չապուխյանի ուղղությամբ կրակոցներ արձակելով, ինչի հետեւանքով իրական վտանգ է ստեղծվել նրանց կյանքի եւ առողջության համար: Ա. Խոջումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:

Իջեւանի բնակիչ, 1976թ. ծնված Արտակ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ հանդիսանալով ոստիկանության ՔԳՎ Տավուշի քննչական բաժնի պետի տեղակալ , կատարված հանցագործությունների հայտնաբերման, ստացված հաղորդումների, ահազանգերի ընդունման, գրանցման,քննարկման համար պատասխանատու անձ, ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնի պետի պետ Անդրանիկ Ազիբեկյանի հետ նախնական համաձայնությամբ, իրենց մտերիմ, սպառնալիքի եւ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարած Անդրանիկ Խոջումյանին օգնելու, վերջինիս քրեական պատասխանատվությունից զերծ պահելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, դեպքի առթիվ քրեական վարույթի կապակցությամբ պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել ծառայողական պարտականությունները: Դրա հետեւանքով էական վնաս է պատճառվել է Իջեւան քաղաքի բնակիչ Աշոտ Այդինյանի իրավունքներին, պետության օրինական շահերին, անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ՝ սպանության փորձ կատարելու մեջ ակնհայտ անմեղ Աշոտ Այդինյանը ենթարկվել է քրեական պատասխանատվության, վերջինիս մեղադրանք է առաջադրվել առանձնապես ծանր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ, նա կալանավորվել եւ շուրջ 5 ամիս պահվել է անազատության մեջ: Նման մեղադրանք է առաջադրվել նաեւ Կոթի գյուղի բնակիչ, 1972թ. ծնված Ա. Ազիբեկյանին:

Ազիբեկյանը եւ Ավետիսյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով: Ա. Ազիբեկյանը եւ Ա. Խոջումյանը կալանքի տակ են, Ա. Ավետիսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Հունվարի 30-ի դատական նիստում ներկա էին ամբաստանյալները, ներկա չէին գործով տուժողը եւ նրա ներկայացուցիչը: Ա. Ազիբեկյանի շահերը դատարանում պաշտպանում էին փաստաբաններ Երեմ Սարգսյանը եւ Միհրան Պողոսյանը, Ա. Խոջումյանինը՝ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը: Ա. Ազիբեկյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց,որ 2 ամբաստանյալներն ունեն պաշտպան, իսկ՝ Ա. Ավետիսյանը՝ ոչ, քանի որ Ա. Ավետիսյանի եւ նրա տված ցուցմունքների հիման վրա մեղադրվող Ա. Ազիբեկյանի շահերի միջեւ կան էական հակասություններ ըստ օրենքի  Ա. Ավետիսյանին պետք է ապահովել պաշտպանով: Արտակ Ավետիսյանը հայտարարեց, որ իրեն պաշտպան հարկավոր չէ, ինքը կարող է իրեն պաշտպանել: Մեղադրող Է. Արամյանը ներկայացրեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը; Ա. Ավետիսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչեց, Ա. Ազիբեկյանը՝ ոչ, Ա. Խոջումյանը՝ անորոշ պատասխան տվեց:

Նիստի ընդմիջումից հետո դատարանը մերժեց Ա. Խոջումյանի եւ Ա. Ազիբեկյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրանց պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու եւ նրանց կալանքից ազատելու մասին: Որպես Արտակ Ավետիսյանի պաշտպան ներգրավվեց հանրային պաշտպան Արմեն Ադամյանը, ով դատարանից ժամանակ խնդրեց քրեական գործի նյութերին ծանոթանալու համար: Դատական հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 17-ին, ժամը 12-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031