Լրահոս
Օրվա լրահոսը

Ջազմենի գործով պաշտպանը միջնորդել է ապացույցներն անթույլատրելի ճանաչել

Հունվար 31,2015 14:30

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում է գտնվում «Սինկոբ Փաբ» ակումբի երաժիշտ Արտյոմ Լալայանի դեմ հարուցված քրեական գործը: Նրա պաշտպանությունն իրականացնում է փաստաբան Սամվել Հովհաննիսյանը: Երաժիշտը մեղադրվում է Էդուարդ Դուրգարյանին դանակով հարվածելու համար: Դատարանը հարցաքննել է վկաների, լսել ամբաստանյալին:

Պաշտպանը դիմել է միջնորդությամբ, որպեսզի ապացույցները համարվեն դատավարական կարգի էական խախտումներով ձեռք բերված, անթույլատրելի:
Քրեական գործով որպես վկա հարցաքննվել է եւ դատարանում էլ ցուցմունք է տվել Սեդա Ալավերդյանը՝ «Սինկոբ Փաբ» ՍՊԸ-ի հաշվապահը: Ըստ պաշտպանի, նա քննիչի մոտ ցուցմունք է տվել երկու անգամ: «Սինկոբ Փաբ» ջազային ակումբը գտնվել է Երեւանի Պուշկինի 41 հասցեում, որտեղ գտնվել է նաեւ «ԹԱՅՄՍ ՊՐԻՆՏ» ՍՊԸ-ն: Սեդա Ալավերդյանն աշխատել է մինչեւ 2011թ. ապրիլ ամիսը, որից հետո Արտյոմ Լալայանը հիմնադրել է «Լալայան Արտ Փրոդակշն» ՍՊԸ-ն եւ նրան առաջարկել աշխատել որպես հաշվապահ, որից ինքը հրաժարվել է ծանրաբեռնվածության պատճառով:

Սեդա Ալավերդյանի երկրորդ ցուցմունքը, ըստ պաշտպան Ս.Հովհաննիսյանի, քննիչ Ա. Մկրտչյանը վերցրել է 16.11.2012 թվականին, որը «նպատակային ուղղված է եղել Արտյոմ Լալայանի կողմից հայերեն գրավոր լեզվին տիրապետելու հարցին: Նշված ցուցմունքում Ս. Ալավերդյանը իբր հայտնել է, որ Արտյոմ Լալայանը տիրապետում է հայերեն գրավոր լեզվին, քանի որ ինքը հարկային հաշվետվությունները կազմել է հայերեն լեզվով եւ դրանք տվել է Արտյոմ Լալայանին՝ ստուգելու եւ ստորագրելու համար ու այդտեղից ենթադրել է, որ նա տիրապետել է հայերեն գրավոր լեզվին»:

Դատարանում այս վկայի ցուցմունքներն ամբողջությամբ հակասեցին նախաքննական ցուցմունքներին:

Նա ասել է, որ Արտյոմ Լալայանին որեւիցե հարկային հաշվետվություն չի ներկայացրել ստուգելու եւ ստորագրելու, քանի որ բոլոր հաշվետվությունները կազմվել են Հովիկ Թամազյանի անվամբ, վերջինս էլ դրանք ստուգել եւ ստորագրել է ու կնիքել, իսկ ինքը Ա. Լալայանին որեւիցե հարկային հաշվետվություն չի ներկայացրել ստուգելու եւ ստորագրելու եւ չէր էլ կարող, քանի որ վերջինս Հովիկ Թամազյանի աշխատողն էր եւ կապ չուներ հաշվետվությունների հետ: Վկան դատարանում հայտարարել է, որ ինքն այդ հաշվետվությունների հետ կապ չունի, քանի որ ինքը չի աշխատել նշված ՍՊԸ-ում:
Պաշտպանը միջնորդության մեջ նշում է, որ հարցաքննվել են նաեւ վկաներ Անահիտ Մակարյանը եւ Վլադիմիր Բդոյանը: Նրանք ցուցմունքներ են տվել, որ «Լալայան Արտ Փրոդակշն» ՍՊԸ-ի հարկային հաշվետվությունները իրենք են կազմել, բանավոր ներկայացրել են Արտյոմ Լալայանին, քանի որ նա չի տիրապետել հայերեն գրավոր լեզվին եւ նա չի էլ նայել դրանք, այլ միայն ստորագրել է եւ կնիքել: Ի դեպ, դատարանում Ա. Լալայանն ունի թարգման, եւ նա հաղորդակցվում է ռուսերեն:

Ըստ պաշտպանի, քննիչն իրավունք չուներ քննություն կատարելու իր ապօրինի գործողությունների դեմ բերված բողոքի կապակցությամբ. «Քրեական գործի հատոր 1, գ.թ. 215-ում առկա է դատավարական հսկողություն իրականացրած Երեւան քաղաքի դատախազության դատախազ Ա. Շահբազյանի 05.11.2012 թվականի ցուցումը քննիչ Ա. Մկրտչյանին եւ Երեւան քաղաքի քննչական վարչության պետ Գ. Գեւորգյանին, որով հանձնարարվել է հենց քննիչ Ա. Մկրտչյանին քննչական գործողություններ կատարելու միջոցով պարզել Արտյոմ Լալայանի կողմից հայերեն լեզվին տիրապետելու հանգամանքը»:

Անթույլատրելի պետք է ճանաչվի, ըստ պաշտպանի, մեկ այլ վկայի՝ Սեւանա Գրիգորյանի ցուցմունքը նույնպես:

Առաջին՝ ցուցմունքը կազմված է 07.10.2012 թվականին, եւ օրը եղել է կիրակի:
Երկրորդ՝ ցուցմունքը վերցվել է այն ժամանակ, երբ Արտյոմ Լալայանը չի ունեցել մեղադրյալի դատավարական կարգավիճակ եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարված չի եղել եւ խափանման միջոց կալանավորումը ընտրված չի եղել:
Երրորդ՝ ցուցմունքը ձեւակերպելու ժամանակ ընդհանրապես հարց չի եղել բարձրացված այն մասին, որ Արտյոմ Լալայանը չի տիրապետում հայերեն գրավոր լեզվին:

Ս.Հովհաննիսյանն ասում է. «Ինչ նպատակ է հետապնդել քննիչ Ա. Մկրտչյանի կողմից նման ցուցմունք վերցնելը: Արտյոմ Լալայանի կողմից հայերեն գրավոր լեզվին չտիրապետելու վերաբերյալ քննիչ Ա. Մկրտչյանի գործողությունները բողոքարկվել են ՀՀ գլխավոր դատախազին միայն 11.10.2012 թվականին, իսկ Արտյոմ Լալայանի կողմից հայերեն գրավոր լեզվին տիրապետելու վերաբերյալ դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Ա. Շահբազյանն ի խախտումն ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների եւ ՀՀ գլխավոր դատախազի թիվ 59 հրամանի 224-րդ կետի պահանջների՝ հենց քննիչ Ա. Մկրտչյանին ցուցում է տրվել 05.11.2012 թվականին: Ստացվում է, որ դեռեւս 07.10.2012 թվականին քննիչ Ա. Մկրտչյանը ինքն է կասկածի տակ դրել կասկածյալ Արտյոմ Լալայանի կողմից հայերեն գրավոր լեզվին տիրապետելու հանգամանքը եւ հատկապես այդ ուղղությամբ առանց բողոքի առկայության, կիրակի օրով նման բովանդակության ցուցմունք է վերցրել: Չնայած քննիչ Ա. Մկրտչյանի ջանքերին, նրան չի հաջողվել Սեւանա Գրիգորյանից ցուցմունք ստանալ այն մասին, որ Արտյոմ Լալայանը տիրապետում է հայերեն գրավոր լեզվին»:

Սեւանա Գրիգորյանը դատարանում հայտնել է, որ քննիչի կողմից իրեն հարցաքննության ժամանակ ինքը գրեթե չի տիրապետել հայերեն գրավոր լեզվին, քանի որ 5 տարեկանից ապրել է Բելառուսում եւ այդ ժամանակ նոր էր վերադարձել Հայաստան, փորձել է սովորել հայերեն գրել-կարդալը, ընդ որում՝ հայերեն տառերը այբուբենով, իսկ կարդալը գրականություն ընթերցելով: Մասնավորապես, Սեւանա Գրիգորյանը դատարանում հայտնեց, որ ինքը քննիչին չի ասել, որ Էդուարդ Դուրգարյանն ակումբում իրեն ագրեսիվ է պահել, վիճել այլ հաճախորդների հետ, որ ինքը քննիչին չի ասել, որ Էդուարդ Դուրգարյանը մշտապես օգտագործել է «Կիլիկիա» տեսակի գարեջուր, չնայած իրենց ակումբում հիմնականում եղել է նշված տեսակի գարեջուրը: Ըստ վկայի, քննիչը ասել է կարմիր բլոկնոտի մասին, որը ինքն է ռուսերեն լրացրել բոլոր աշխատողների հեռախոսների համարներով, սակայն իր հեռախոսահամարը բլոկնոտում չի լրացրել, քանի որ արդեն ազատվելու էր աշխատանքից եւ իրեն զարմացրել է, որ քննիչը իրեն հայտնել է, որ կարմիր բլոկնոտից է վերցրել հեռախոսահամարը:

Սեւանա Գրիգորյանը դատարանում հայտնեց, որ քննիչը, ով հանդիսացել է Ա. Մկրտչյանը, իրեն փորձել է համոզել ցուցմունքում գրառել, որ հնարավոր է՝ Արտյոմ Լալայանը տիրապետում է հայերեն գրավոր լեզվին, սակայն ինքը չի համաձայնել: Սեւանա Գրիգորյանին զարմացրեց ցուցմունքների հրապարակման ժամանակ քննիչի կողմից կատարված գրառումն այն մասին, որ իբր Էդուարդ Դուրգարյանը ակումբում դրսեւորել է ագրեսիվ վարքագիծ, վիճել հաճախորդների հետ, որ մշտապես օգտագործել է «Կիլիկիա» տեսակի գարեջուր: «Փաստացի, Սեւանա Գրիգորյանի ցուցմունքով քննիչ Ա. Մկրտչյանը փորձել է ստեղծել ապացույց այն մասին, որ Արտյոմ Լալայանի եւ Էդուարդ Դուրգարյանի հարաբերությունները եղել են լարված, եւ դա կարող էր շարժառիթ հանդիսանալ հանցագործության կատարման համար: Այսպիսով, ինչպես Սեդա Ալավերդյանի դեպքում էր, այստեղ՝ Սեւանա Գրիգորյանի դեպքում նույնպես քննիչ Ա. Մկրտչյանը ցուցաբերել է ակնհայտ ջանասիրություն Արտյոմ Լալայանի կողմից հանցագործությունը կատարելու հանգամանքը ոչ դատավարական ճանապարհով հիմնավորելու հարցում»,- իր միջնորդության մեջ նշում է պաշտպանը:

Վկա Հրաչյա Մարտիրոսյանի ցուցմունքները եւս անթույլատրելի պիտի ճանաչվի, քանի որ, ըստ պաշտպանի, ցուցմունքը վերցվել է այն ժամանակ, երբ Արտյոմ Լալայանը չի ունեցել մեղադրյալի դատավարական կարգավիճակ եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարված չի եղել եւ խափանման միջոց կալանավորումը ընտրված չի եղել:

Պաշտպան Ս.Հովհաննիսյանը հայտնել է, որ դատական քննության ընթացքում միաժամանակ ձեռք չի բերվել որեւիցե ապացույց այն մասին, որ Արտյոմ Լալայանը տիրապետում է հայերեն գրավոր լեզվին: Միաժամանակ, քրեական գործում առկա է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի 14.11.2012 թվականի թիվ 2/635 գրությունն այն մասին, որ ըստ արխիվում պահպանված գործերի՝ ոչ բոլոր ուսանողներն են ուսումնասիրել «Հայոց լեզու եւ գրականություն» առարկան, իսկ պաշտպանության կողմի դատարանին ներկայացրած նույն կոնսերվատորիայի ռեկտորի 04.09.2014 թվականի թիվ 4/518 գրության համաձայն՝ Արտյոմ Լալայանի ուսումնառությունը կոնսերվատորիայում անցել է ռուսական խմբում: Բացի այդ, պաշտպանության կողմը դատարանին է ներկայացրել նաեւ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի 03.09.2012 թվականի թիվ 87 գրությունն այն մասին, որ Ա. Լալայանը 1981-85թթ. սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում եւ ամբողջ ուսումնական դասընթացն անցել է ռուսերեն լեզվով:
Պաշտպանը միջնորդել էր նաեւ, որպեսզի դատագենետիկական փորձաքննություն նշանակվի:

Ըստ Ս.Հովհաննիսյանի, դեռեւս դեպքի վայրի զննության ժամանակ՝ 31.08.2012 թվականին, քննիչի կողմից արձանագրվել է, որ ակումբի փոքր սրահի մուտքից աջ պատի թիվ 1 սեղանի վրա առկա է եղել 0,5 լիտր տարողության կիսադատարկ «Մեդոֆֆ» տեսակի օղու շիշ, իսկ կողքին մեկ հատ ապակյա օղու բաժակ, որի մեջ առկա է եղել թափանցիկ հեղուկ: Ակումբի փոքր սրահի մուտքից աջ պատի տակ դրված է եղել մեկ այլ բազմոց, որի դիմաց առկա է եղել թիվ 2 սեղանը: Նշված սեղանի բազմոցի վրա առկա է եղել 0,7 լիտր տարողության «Մեդոֆֆ» տեսակի օղու դատարկ շիշ, իսկ սեղանի վրա դրված է եղել երեք հատ հյութի բաժակ, որոնցից մեկը դատարկ, երկրորդը՝ կիսադատարկ, երրորդը հեղուկով լցված ամբողջությամբ: Բացի այդ, երկրորդ սեղանի վրա առկա է եղել մեկ հատ օղու բաժակ շրջված վիճակում, «Քենթ» տեսակի ծխախոտի դատարկ տուփ եւ «Բլեք թիփ» տեսակի սիգարետի տուփ, որի մեջ առկա են եղել չօգտագործված ծխախոտի գլանակներ: Թիվ երկու սեղանի տակ՝ գետնին առկա են եղել կիտրոնի կտրատած մասեր, շրջված հյութի բաժակ, օղու շրջված բաժակ, կրակայրիչ, կանացի մազի ամրակ եւ ծխախոտի թղթեր: Ակումբի փոքր սրահի մուտքից դիմացի պատի տակ դրված է եղել բազմոց, որի հետնամասում՝ գետնի վրա առկա է եղել հեղուկի շրջված տարա եւ փոքրիկ ճմռթված ծածկոցներ: Սրահը պատված է եղել կավրալիտով, որի միջնամասում առկա են եղել սպիտակ գույնի անկանոն հետքեր:

Քննիչը զննության արդյունքում ակումբի փոքր սրահի մուտքից աջ պատի տակ դրված թիվ 1 սեղանի վրայից վերցրել է արնանման հետք, «Մեդոֆֆ» տեսակի օղու կիսադատարկ շիշը եւ օղու ապակյա բաժակը, իսկ 2-րդ սեղանի վրայից վերցրել է մոխրամանի միջից յոթ հատ ծխածոտի ծխված մնացորդները, երեք հատ հյութի բաժակները, մեկ հատ շրջված օղու բաժակը, իսկ նույն սեղանի տակից՝ գետնի վրայից վերցրել է մեկ հյութի բաժակ եւ կանացի մազերի ամրակը, իսկ նույն սեղանի դիմացի բազմոցի վրայից վերցրել է 0,7 լիտր տարողության «Մեդոֆֆ» տեսակի օղու դատարկ շիշը: Նշված բոլոր առարկաները փաթեթավորվել են եւ կնիքվել: «Դեպքի վայրի զննության արձանագրությունից ստացվում է հետաքրքիր պատկեր: Քննիչը արձանագրել է երեք հատ օղու բաժակ, սակայն վերցրել է երկուսը, սրահի դիմացի պատի բազմոցի հետնամասում արձանագրել է հեղուկի շրջված տարա, որը չի վերցրել, ինչպես նաեւ հայտնի չէ, թե ինչ պատճառաբանությամբ չի վերցրել նաեւ մեկ հատ օղու բաժակը եւ հեղուկի դատարկ տարան եւ ինչ տարայի մասին է խոսքը, արձանագրությունից չի երեւում: Բացի այդ, քննիչը արձանագրության մեջ նշել է «Քենթ» տեսակի սիգարետի դատարկ տուփի մասին եւ կիսադատարկ «Բլեք Թիփ» տեսակի սիգարետի տուփի մասին, որոնք նույնպես չի վերցրել եւ նույնպես հայտնի չէ, թե ինչ պատճառաբանությամբ է վերցրել ծխուկները, սակայն չի վերցրել դրանց տուփերը»,- ասում է Ս. Հովհաննիսյանը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031