Լրահոս
Օրվա լրահոսը

«Արամ Խաչատրյան» համերգասրահը «փակ» է

Փետրվար 02,2015 13:00

Երեւանի գլխավոր՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահը, նախատեսված 1300 հանդիսատեսի համար, Ամանորից հետո դադարել է հանդիսատես հյուրընկալել:

«Առավոտի» հետ զրույցում «Արամ Խաչատրյան» համերգասրահի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը (լուսանկարում) հայտնեց, որ տասնամյակներ շարունակ լուսային համակարգի եւ բեմական սարքավորումների նորացման առումով նույնիսկ վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել: «Ընթացիկ տարվա հունվարի 12-ից համերգասրահում սկսված աշխատանքներն իրականացնում են Եվրոպայի ճանաչված կազմակերպությունների բարձրակարգ մասնագետներ: Կոնկրետ՝ լուսային համակարգի տեղադրումն իրականացնում է գերմանական ETC-ն, իսկ բեմական մեխանիզացիայինը՝ ավստրիական «Waagner Biro»-ն: Նշյալ կազմակերպությունները տասնամյակների փորձ ունեն ու նրանց աշխատանքի արդյունք են եվրոպական հայտնի համերգասրահները»,- հայտնեց տիկին Սիրունյանը: Հավելեց նաեւ, որ եվրոպացիների հետ աշխատանքներում ներգրավված են նաեւ մեր մասնագետները, իսկ աշխատանքների ավարտը նախատեսված է ապրիլ-մայիս ամիսներին:

Ինչ վերաբերում է Ֆիլհարմոնիկ նվագախմբի յուրաքանչյուր ուրբաթ կայանալիք համերգներին, Ռուզաննա Սիրունյանը նշեց, որ 2014-15թթ. համերգաշրջանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, կշարունակի իր բնականոն ընթացքը, Ֆիլհարմոնիկի համերգները կկայանան Ազգային օպերային թատրոնում: «2015թ. ֆիլհարմոնիկի համար հոբելյանական է՝ լրանում է նվագախմբի 90 տարին: Ապրիլից մինչեւ տարեվերջ 100-րդ տարելիցին նվիրված համերգներով հանդես կգանք Սկանդինավյան երկրներում, Գերմանիայում, Լեհաստանում, Իտալիայում եւ ԱՄՆ-ում, եւ երաժշտության լեզվով ի լուր աշխարհի կդատապարտենք դարի ոճրագործությունը»,- հայտնեց տնօրենը:

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ Ֆիլհարմոնիկի հրավերով առաջիկայում սպասվում են այնպիսի համբավավոր երաժիշտների առաջին այցելություններ Հայաստան, ինչպիսիք են՝ ֆրանսաբնակ հայազգի դիրիժոր Ալան Ալթինօղլուն, ջութակահարներ Անի եւ Իդա Կալաֆյանները (ԱՄՆ), հայազգի ֆրանսաբնակ թավջութակահար Քսավիեր Ֆիլիպան, գերմանիայից դիրիժոր Քրիստոֆ Պոպպենը, թավջութակահար Յան Վոգլերը, կլարնետահար Վենզել Ֆուքսը, ջութակահարներ Պատրիցիա Կոպաչինսկայան, Ակիկո Սուվանայը (Ճապոնիա), հոբոյահար Ջանֆրանկո Բորդոլատոն, ֆրանսիական «Բուրդոնքլ» դաշնակահարների եռյակը, անգլիացի դաշնակահար Բարրի Դուգլասը եւ այլք:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728