Լրահոս
Օրվա լրահոսը

Պետգնումներում առավելություն է տրվելու 15% թանկ ԵՏՄ-ի ապրանքներին

Փետրվար 02,2015 15:30

Երեկ կառավարությունը մի որոշում կայացրեց, որը կարծես թե հանրության ուշադրությունից վրիպեց. հասարակության մեծ մասը երեկ ավելի շատ տարված էր առեւտրականների բողոքի ակցիայով, որով նրանք պահանջում են կասեցնել շրջանառության հարկի մասին որոշումը:

Բայց մասնագետների աչքից չի վրիպել պետգնումներին վերաբերող կառավարության երեկվա որոշումը: Կառավարությունը որոշեց ուժը կորցրած ճանաչել 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումը, եւ բավականին ծավալուն այս որոշման մեջ նոր դրույթներ ավելացվեցին, որոնցից ուշագրավը վերաբերում է պետգնումներին. այն համաձայնեցրին Եվրասիական տնտեսական միության պահանջներին: Կառավարության որոշմամբ, մասնավորապես, սահմանվել է՝ «Եթե գնման հայտով ներկայացված տվյալ գնման առարկայի պահանջվող քանակի եւ առավելագույն գնի արտադրյալը չի գերազանցում գնումների բազային միավորի 70-ապատիկը, ապա այդ գնման առարկաների գծով գնային առաջարկների գնահատման եւ համեմատման ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արտադրության ապրանքներ առաջարկող մասնակիցներն ունեն 15 տոկոս գնային առավելություն»: Կառավարության այս որոշումը «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հանրային գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը բացասական է գնահատում:

«Առավոտի» հետ զրույցում պարոն Մանուկյանը ասաց, որ այս որոշման մեջ լուրջ վտանգ կա, բացի այդ՝ փորձագետը հիշեցրեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելու ճանապարհին էր դեռ, շատ փորձագետներ պնդում էին, որ միության անդամ դառնալով՝ գերակա է լինելու Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը, որտեղ հստակ գրված է, որ հայրենական արտադրողներին գնումների դեպքում 15% նախապատվություն է տրվում. «Այն ժամանակ մեր կառավարությունն ասում էր՝ նման բան չկա: Հիմա կառավարությունը ինքն իրեն հերքեց, չնայած որ որոշման տեղեկանքում ԵՏՄ-ի մասին խոսք չկա»: Ավելի պարզ ասած՝ կառավարության այս որոշմամբ ԵՏՄ երկրների ապրանքները, թեկուզեւ ավելի թանկ, բայց մեր կառավարության համար պետգնումների ժամանակ նախընտրելի են լինելու եվրոպական ապրանքներից:

Պետական գնումների ժամանակ, ինչպես մանրամասնեց փորձագետ Արտակ Մանուկյանը, 70 միլիոն դրամի առաջարկի դեպքում, եթե մի ընկերություն գրանցված է ԵՏՄ անդամ երկրում եւ ներկայացնում է ԵՏՄ երկրների ապրանք, որի գինը 15%-ով թանկ է լինելու այլ ընկերության առաջարկած եվրոպական կամ ամերիկյան ապրանքից, ապա մեր կառավարությունը նախապատվությունը տալու է 15% թանկ Եվրասիական տնտեսական միությունում արտադրված ապրանքին: Նկատենք, որ Հայաստանում պետական գնումներին 99.9% դեպքերում մասնակցում են հայկական ընկերություններ, որոնք, ըստ էության, ԵՏՄ անդամ երկրի ընկերություններ են: Կառավարության այս որոշմամբ տեղի է ունենալու հետեւյալը՝ եթե 2 հայկական ընկերություններ մասնակցեն ասենք՝ նախագահի աշխատակազմի ավտոմեքենաների համար նոր անվադողեր գնելու մրցույթին, եւ եթե ընկերություններից մեկը ներկայացնի եվրոպական արտադրության անվադողեր, մյուսը՝ ռուսական, իսկ ռուսականը լինի եվրոպականից 15% թանկ գնային առաջարկով, ապա նախագահականը գնելու է թանկ ռուսականը: Հիշեցնենք, որ մեր պետգնումների մրցույթում հաղթելու չափանիշը մատչելի գին ներկայացնելն է, որը հօդս է ցնդում կառավարության երեկվա որոշմամբ:

«Այստեղ «կազուս» կա, որովհետեւ մենք Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկիր ենք եւ ստանձնել ենք պարտավորություն, որ պետք է գործի «բաց ձեռքի» սկզբունքը, այսինքն՝ բոլորի նկատմամբ հավասարաչափ մոտեցումներ լինեն: Կառավարության որոշումը հակասում է այս սկզբունքին: Ես ավելի վտանգավոր բան եմ տեսնում՝ այս որոշումը կբերի գների թանկացման, ու մրցակցային պայմաններ ստեղծելու նախադրյալ չէ»,- ասաց պարոն Մանուկյանը:

Արտակ Մանուկյանը մի հարց է բարձրացնում, հետո ինքն էլ այդ հարցին պատասխան տալիս՝ ինչո՞ւ է կառավարությունը գնային առաջարկի այդ տարբերակը սահմանել, ի վերջո՝ եթե լավ ու մրցունակ ապրանք է, ապա թող դա էլ հաղթի մրցույթում, ինչո՞ւ մենք պետք է Եվրասիականին նախապատվություն տանք: Բայց հաշվի առնենք, որ ԵՏՄ բոլոր կարգի օրենսդրությունների հիմքում ՌԴ-ի օրենսդրությունն է, եւ ինչպես նշեց պարոն Մանուկյանը՝ ՌԴ-ն ի լրումն մեր կառավարության որոշման, իր հայրենական արտադրանքն է անուղղակիորեն պահպանում, խթանում, ինչպես որ իր օրենսդրությունն է սահմանում:

Պարոն Մանուկյանը կառավարության այս որոշման մեջ կոռուպցիոն ռիսկերն էլ չի բացառում. փորձագետի ներկայացմամբ՝ պետք է ներկայացվի ապրանքի ծագման երկրի սերտիֆիկատ. «Բայց չեմ կարող ասել, որ մեր սերտիֆիկացման համակարգը լավ զարգացած է: Հասարակ օրինակ բերեմ` չի բացառվում, որ մի եվրոպական արտադրանք ներկայացվի պետգնումների մրցույթում, բայց օգտագործելով մի միջնորդ ընկերություն, ամենայն հավանականությամբ՝ իշխանությունների հետ փոխկապակցված, գրանցված լինի ԵՏՄ-ում, օրինակ՝ Հայաստանում, ու ինքը մատակարարի որպես ծագման երկիր Հայաստանն ու 15%-ով թանկ գնով եւ հաղթի մրցույթում»:

Փորձագետը պետական բյուջեի գումարները խնայելու համար առաջարկում է լայն սպառման եւ սոցիալական, ռազմաստրատեգիական ապրանքները, ասենք՝ հացահատիկը, բենզինը, պետությունը ձեռք բերի միջազգային ապրանքահումքային բորսաներից. «Օրենքով պետք է այսպիսի գնումների կարգ սահմանվի, բայց մինչ օրս չի իրականացվում: Չենք ասում՝ միայն պետությունը գնի այդ ապրանքները, բայց նա էլ մասնակից լինի, նախ՝ հսկողության տակ կպահի այդ գնումները, չարաշահումներ չեն լինի, ավելի էժան կլինի, ոչ թե, ինչպես հիմա է՝ 4 ընկերություն, իրար «պաս տալով»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728