Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը բոյկոտեց, ՀՀԿ-ի նախագիծը չանցավ (Տեսանյութ)

Փետրվար 02,2015 15:14

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, այսօր, ԱԺ 7-րդ նստաշրջանի առաջին նիստին պետք է որոշվեր ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման հարցը: Սակայն բացառիկ իրավիճակ ստեղծվեց՝ ոչ ՀՀԿ-ն, ոչ էլ ընդդիմությունը չկարողացան անցկացնել իրենց ուզած տարբերակը՝ կազմի հետ կապված: ՀՀԿ-ն առաջարկում էր, որ հանձնաժողովը բաղկացած լինի 13 անդամից, որից 7-ը՝ ՀՀԿ-ականներ լինեն, 2-ը՝ ԲՀԿ, իսկ մյուս խմբակցություններն ունենան մեկական ներկայացուցիչ:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ նախորդ նստաշրջանների ընթացքում կյանքը ցույց տվեց, որ այդ տարբերակը չի աշխատում:

Հիշեցնենք, որ նախորդ նստաշրջանում էլ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» դուրս եկան հանձնաժողովից՝ հայտարարելով, որ այդ հանձնաժողովը կեղծիքների աղբյուր է եւ իրենք չեն մասնակցի կեղծիքներին:

Նա առաջարկեց, որ նախկին տարբերակին վերադառնան, որպեսզի բոլոր խմբակցությունները կարողանան նորմալ մասնակցել աշխատանքներին, հակառակ դեպքում իրենք դեմ կքվեարկեն:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ եթե հանձնաժողովի կազմը մնում է նույնը, որտեղ մեկ քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն լինելու է դոմինանտ, իսկ մյուս քաղաքական ուժերին վերապահվելու է «մասովկայի» դերակատարությունը, այս անգամ եւս ԲՀԿ-ն ներկայացուցիչ չի առաջադրելու հաշվիչ հանձնաժողովում:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ այդ կազմում իրենք նույնպես որեւէ ներկայացուցիչ չեն ուզում ունենալ:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ ասաց, որ որեւէ հիմք չկա, որ եթե մեծամասնություն է, պետք է գերակա դիրք ունենա հանձնաժողովում. «Մենք այստեղ իմիտացիա ենք իրականացնում, ուստի «Ժառանգությունը» նույնպես հրաժարվում է մաս կազմել այդ ժամանակավոր հանձնաժողովում»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Մենք գտնում ենք, որ ընտրակեղծիքների ավանդույթը թափանցել է նաեւ ԱԺ հաշվիչ հանձնաժողով: Մենք չենք ցանկանում մեր մասնակցությամբ որեւէ կերպ լեգիտիմացնել այդ կեղծիքները: Բնականաբար, ՀԱԿ-ը չի ունենա ներկայացուցիչ այդ կեղծարար մարմնում»:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նույնպես հայտարարեց, որ եթե 6 քաղաքական ուժերից մեկն է դոմինանտ լինելու այդ հանձնաժողովում, իսկ մյուսները որեւէ դերակատարում չեն ունենալու, իրենք էլ չեն մասնակցելու այդ հանձնաժողովի ձեւավորմանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը վստահեցրեց, թե այդ հանձնաժողովին, ԱԺ կանոնակարգ օրենքով, վերապահված է զուտ տեխնիկական գործառույթ եւ պետք չէ քաղաքական տարր մտցնել այդտեղ էլ. «Ընդդիմությունը փորձեց հաշվիչ հանձնաժողովն օգտագործել՝ քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար»:

Արմեն Ռուստամյանն էլ արձագանքեց, որ եթե տեխնիկական է, ինչպես ասում են, ուրեմն ի՞նչ խնդիր կա. «Եթե սա դիտում ենք միայն որպես տեխնիկական հարց՝ հաշվելու եւ հաշվառելու, հենց այդ պատճառով էլ պետք է բոլոր քաղաքական ուժերն էլ ներկայություն ունենան հավասար: Եթե դա չի լինում, կասկածելի են դառնում հաշվիչ հանձնաժողովի բոլոր որոշումները»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորեց Գալուստ Սահակյանին, որ այդ հարցի քվեարկությունը թողնել վաղվան, մինչ այդ խորհրդակցեն:

Գալուստ Սահակյանը չհամաձայնեց, հարցը դրվեց քվեարկության, բայց քվեարկության արդյունքներով՝ կողմ քվեարկեց 61 պատգամավոր, ձեռնպահ՝ 2, որոշումը չանցավ:

Արծվիկ Մինասյանի առաջարկությանը կողմ քվեարկեցին 45-ը, ձեռնպահ՝ 4, 1 դեմ: Այս որոշումը եւս չընդունվեց:

Գալուստ Սահակյանը հայտարարեց. «Ստացվեց հետեւյալը, կամ վաղը նորից այս տեքստով հանդես կգամ, կամ կորոշեմ միայնակ ես: Ես կհաշվեմ, դուք կտխրեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728